Լրահոս
Օրվա լրահոսը

Մամուլի օմբուդսմեն․ ինչ, ինչպես, ինչու

Մայիս 05,2026 18:00 Share

Նյու Յորքում 1860-1931 թվականներին հրատարակվում էր «Նյու Յորք Ուորլդ» օրաթերթը, որը շատ կարևոր դեր է խաղացել ամերիկյան թերթերի առաքելության և մամուլի հավատամքի ձևավորման գործում։ Ի դեպ, 1883-1911 թվականներին այս թերթը ղեկավարում էր Ժոզեֆ Պուլիցերը, որի հիշատակին 1917-ին հիմնադրվեց հռչակավոր Պուլիցերյան մրցանակաբաշխությունը։ Բայց մեր այսօրվա պատմությունը ամերիկահունգար հրատարակիչ Պուլիցերի վառ կերպարի մասին չէ, այլ մի ավանդույթի, որը ձևավորվել էր «Նյու Յորք Ուորլդում»։ 1913 թվականին մի աշխատակից գրանցում էր դժգոհ ընթերցողների բողոքները և ուղարկում խմբագրին: Այս մոդելը 1920-ականներին կիրառեցին Միչիգանի «Դեթրոյտ Նյուզը» և ավելի կազմակերպված ձևով՝ Տոկիոյի «Ասահի Շիմբունը», որտեղ մի ամբողջ հանձնաժողով էր հետաքննում բողոքները և ուղարկում գլխավոր խմբագրին:

Սա մամուլի օմբուդսմենի նախատիպն էր։ Այժմ փորձենք պարզել, թե որոնք են մամուլի օմբուդսմենի գործառույթները, որն է նրա առաքելությունը։ Այս գործում մեզ կօգնի «Լը Մոնդում» 1973-2011 թվականներին աշխատած Վերոնիկա Մաուրուսը։ Բայց՝ մի քիչ էլ պատմություն։

«Օմբուդսմեն» շվեդերեն բառը, որը նշանակում է «ներկայացուցիչ», այլ լեզուներով լայնորեն գործածվում է որպես միջնորդ, որը քննում է ընթերցողների բողոքները: Այս տերմինն առաջին անգամ մամուլի համար կիրառել է Լուիսվիլում (Կենտուկի) հրատարակվող Courier-Journal օրաթերթը, որը տեղական լուրերի նախկին տնօրենին 1967-ին լիազորել էր կարգավորել ընթերցողների և լրագրողների հարաբերությունները: «Վաշինգտոն Փոստը» գլխավոր խմբագրի տեղակալին 1970-ին հանձնարարեց լսել ընթերցողների բողոքները, կազմել ներքին հուշագրեր և հրապարակել սյունակ, որտեղ նա կարող էր ազատորեն արտահայտել իր կարծիքը: Համակարգն աստիճանաբար կատարելագործվեց՝ դառնալով ավելի ու ավելի ինտերակտիվ, քանի որ մեկնաբանությունները, քննադատությունները, դիտարկումները և ուղղումները մշակվում, տարածվում և վերադարձվում էին ընթերցողներին: Այս օրինակին հետևեցին շատ երկրներ, որոնց փորձը ներկայացված է Լրատվական օմբուդսմենների կազմակերպության (ONO) կայքում:

Օմբուդսմենը նպաստում է լուրերը կարդացողների, լսողների, դիտողների և լրատվամիջոցում աշխատողների երկխոսությանը։ Գաղափարն այն է, որ օգտատերերին տրամադրվեն կոնտակտային տեղեկություններ, խրախուսվի ինքնաքննադատությունը, մեծացվի լրատվական ալիքի հանդեպ հանրային վստահությունը։

Օմբուդսմենն ապահովում է լրատվամիջոցների ներսում սահմանված կանոնների և սովորույթների պահպանումը: Լրատվամիջոցի և լսարանի միջև կա անխոս համաձայնություն.

  • Լուրը տրամադրել հնարավորին չափ ճշգրիտ, ամբողջական և հստակ
  • Տեղեկությունը հստակորեն տարանջատել մեկնաբանությունից
  • Սխալն ուղղել արագ և բարեխղճորեն
  • Արտացոլել բազմակարծությունը և ապահովել կարծիքների բազմազանությունը
  • Հարգել անձի ​​իրավունքները և կիրառել գաղտնիության պահանջը

Որոշ օմբուդսմեններ սերտորեն գործակցում են լրագրողների հետ, մինչդեռ մյուսները պահպանում են առանձին դեր և կապ չունեն ամենօրյա հրատարակության հետ: Ոմանք պարզապես ամփոփում են ստացված նամակները, մյուսները գրառումներ են անում կամ ներքին հուշագրեր կազմում։ Ոմանք էլ իրենք են հրապարակում ուղղումները կամ վարում առցանց բլոգ՝ իրական ժամանակում պատասխանելով ընթերցողների մեկնաբանություններին: Մյուսներն էլ պատասխանում են ընթերցողների գործնական և իրավական հարցերին, չնայած դա կարող է դուրս լինել նրանց լիազորություններից: Վերջապես, կան մարդիկ, ովքեր հանդես են գալիս որպես մամուլի քարտուղար և ղեկավարության համար ստանձնում են հանրության հետ կապերի գործակալի դերը:

Օմբուդսմենը հավաքում է լրատվամիջոցների օգտատերերի քննադատական ​​մեկնաբանություններն ու առաջարկները, խմբագրական խորհրդի, ղեկավարության բացատրությունները և փորձում է լսարանի հետ հաշտության եզրեր գտնել: Բացի միջնորդի դեր ստանձնելուց, օմբուդսմենը նաև հսկում է լրատվամիջոցի գործունեությունը և նշում շեղումները լսարանի հետ կնքված անուղղակի պայմանագրից: Այս ամենը հրապարակվում է տպագիր կամ առցանց լրատվամիջոցների սյունակում: Ընթերցողներն օմբուդսմենի լեգիտիմության հիմնական աղբյուրն են։

Հաղորդակցման մեծ մասը նամակագրությամբ է, որը թույլ է տալիս արագորեն բացահայտել ընդհանուր միտումները և շեղումները: Երբ քննադատություն է ստացվում (նամակով, էլփոստով, հեռախոսազանգով), օմբուդսմենը նախ որոշում է՝ այն արդարացվա՞ծ է, և հետո միայն խնդիրը քննարկում է լրագրողի, խմբագրի հետ:

Օմբուդսմենն ունի իր սեփական էթիկայի կանոնագիրքը, բայց իդեալական դեպքում բողոքները քննարկում է լրատվամիջոցի ներքին վարքականոններին համապատասխան: Օմբուդսմենները դատավոր կամ ոստիկան չեն, այլ խմբագրության խիղճը:

«Առավոտի» ընթերցողներ, եթե համարում եք, որ «Առավոտի» լրագրողը կամ որևէ հրապարակում խախտել է լրագրողական բարձր ստանդարտները, ոտնահարել է ձեր շահերը, տարածել է ատելության խոսք, խտրական վերաբերմունք է դրսևորել ձեր հանդեպ, ծաղրել, անվանարկել կամ անպատվել է ձեզ, նամակ ուղարկեք [email protected] էլփոստին։

Գնել ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

Լուսանկարը՝ Newmag-ի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031