Այսօր Արթիկում «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանն ասաց, որ ամեն ինչ անելու են՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունից ազատվելու համար։ Ըստ նրա՝ չարիքի իշխանությունը պիտի հեռանա․ դեռ 2021 թվականի ընտրություններին էին իրենք ասում, եթե պարտության ու պատերազմի խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, Արցախը հայաթափվելու է, ու Հայաստանում սկսվելու է թուրքացման պրոցեսը։
Նա կրկնեց այն միտքը, որ սրանք հերթական ընտրություններ չեն, այլ հայ ժողովրդի համար ճակատագրական նշանակություն ունեցող ընտրություններ են։
«Այս ընտրությունների արդյունքից է կախված մեր պետականության լինել-չլինելը։ Սրանց խոստացածը ձեզ «խ»-ով է սկսվում, բայց խաղաղություն չէ, խարդախություն է, խաբեություն է, խայտառակություն է, բայց երբեք խաղաղություն չէ, այս գիտակցումով պիտի գնանք ընտրությունների։
Սրանց պաշտպանության նախարարը քիչ առաջ նայում եմ, հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Հայաստանի միակ իշխանությունն է, որ ավելի շատ բանակի վրա ներդրում է արել, քան մնացած բոլոր իշխանությունները միասին վերցրած։
Կարդացեք նաև
Դուք պատկերացնո՞ւմ եք սրանց լկտիության, ցինիկության աստիճանը։ Միակ իշխանությունը, որի ժամանակ բանակն այսքան ստորացվել է, կոտրվել է, ջարդվել է, էդ իրենց իշխանությունն է։ Իրենց իշխանությունը 5 միլիարդին համարժեք զենք է հանձնել Ադրբեջանին ու անամոթաբար եկել, ասում են՝ մենք բանակի վրա ավելի շատ ներդրում ենք արել, քան բոլոր իշխանությունները միասին վերցրած»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա նաև ասաց, որ Նիկոլ Փաշինյանը վաղուց արդեն ժողովրդի հետ իր «Քաղաքացիական պայմանագիրը» խզել է։
«Եթե նայեք իր նախընտրական ծրագիրը, իր խոստումները ժողովրդին ուղղված չեն, իր խոստումներն էսօր ուղղված են Ալիևին։ Ի՞նչ է ասում, ասում է՝ Հայաստանի տարածքում այսօր կան ադրբեջանական տարածքներ, կընտրվեմ, կվերադարձնեմ, էդ ինչ կապ ունի էս ժողովրդի հետ, Ալիևին է խոստանում։
Ասում է՝ գալիս եմ հռչակագիրը փոխեմ, Սահմանադրությունը փոխեմ, էդ խոստումը ձեզ ուղղված չէ, Ալիևին է խոստանում»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նունե ԱՐԵՎՇՏԱՅՆ


















































