Աջափնյակ վարչական շրջանում Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ թեժ լեզվակռիվ ծավալվեց Նիկոլ Փաշինյանի և ԱԺԲ աջակիցների միջև։
Բանը հասավ անգամ հայհոյանքի։ Համենայն դեպս, ԱԺԲ աջակիցը դիմում էր ոստիկանությանը, որպեսզի օրենքով սահմանված կարգով միջոցներ ձեռնարկվեն իրեն հայհոյողի նկատմամբ։
Երբ վիճող կողմերին միմյանցից հեռացրեցին, միջադեպին ներկա եղած լրագրողները ԱԺԲ աջակիցներից հարցրին, թե ճի՞շտ են ասում ՔՊ աջակիցները, որ իրենց փող են տվել։ «Ստում են։ Նիկոլ Փաշինյանը՝ որպես Ալիևի ու Էրդողանի կամակատար, հանձնելով Արցախը՝ հիմա էլ, որ երկու օր առաջ հայտարարում էր, թե Սյունիքի հարց չկա, 2021-ին ասում էր, որ Հադրութն ու Շուշին ենք հետ բերելու, 2019-ին ասում էր՝ Արցախը Հայաստան է՝ խաբելով եկավ ու երկրորդ անգամ ընտրվեց վարչապետ, զավթեց վարչապետի աթոռը։ Հիմա նույնն է անում»,- ասաց հարձակման ենթարկված ԱԺԲ-ական երիտասարդ կինը։
«Ալիևի հայտարարությունները լսե՞լ եք։ Հայաստանին դատի է տվել ու միջազգային ատյաններում 150 միլիարդ դոլար փող է պահանջում։ Որովհետև գտնում է, որ հայ ժողովուրդը օկուպանտ է, Արցախը օկուպացրել է։ Վաղը, մյուս օրը հայ ժողովուրդը, Նիկոլը ինչպե՞ս է 150 միլիարդը վճարելու։ Պարզ է չէ՞, որ փողով չի կարողանալու վճարել ու տարածք է տալու։ Սյունիքը կտա, հետո կասի. «Կներեք, ժողովուրդ ջան, չէինք կարող։ Որպեսզի ձեր զավակներին չզոհենք, ստիպված պիտի Սյունիքն էլ հանձնենք»։ Առանց այդ էլ ճանապարհ է տվել թուրքերին։ Այդ TRIPP-ը, որ կա, գիտե՞ք ինչ է նշանակում։ Թուրքերին ճանապարհ է տվել՝ Ադրբեջանի մի մասը կապվում է մյուս մասին»։
Կարդացեք նաև
Լրագրողի հարցին, թե ի վերջո այսօրվա վեճն ինչից առաջացավ, ԱԺԲ-ական երիտասարդ կինը պատասխանեց. «Ես Նիկոլ Փաշինյանին մոտեցել եմ որպես Հայաստանի քաղաքացի ու ասում եմ, որ ես Արցախի շարժումը փակող չեմ, որովհետև իմ եղբայրը զոհվել է Արցախի հողի վրա։ Եվ ես՝ որպես քույր, իր գործը շարունակողն եմ լինելու։ Դուք՝ որպես Ալիևի ու Էրդողանի կամակատար, կարող եք փակել Արցախի հարցը, կարող եք Անկախության հռչակագիրը հանել Սահմանադրության միջից։ Բայց որ ժողովուրդը դրա հետ համաձայն չէ, դուք հայ ժողովրդի կարծիքը հաշվի առա՞ք, որ գնացիք և ճանաչեցիք Արցախը Ադրբեջանի կազմում։ Հենց այդ թեմայից սկսվեց լարվածությունը։ Ասում էր. «Ես ձեր հարցերին չեմ պատասխանում։ Հունիսի 7-ին ժողովուրդը կպատասխանի այդ հարցին»։ Հիմա հուսամ՝ հունիսի 7-ին ժողովուրդը միահամուռ կգնա և Նիկոլին չի քվեարկի։ Որովհետև քվեարկել Նիկոլ Փաշինյանին նշանակում է վաղը ապրել ադրբեջանցիների հետ։ Արդյո՞ք դուք, հարգելի լրագրող, պատրաստ եք ապրել ադրբեջանցիների հետ։ Ալիևն ասում է՝ Արևմտյան Ադրբեջան։ Դա Ալիևն է ասում, ես չեմ ասում։
Բայց դուք տեսե՞լ եք, որ Ալիևն այսքան ժամանակ ինչ հայտարարել է, կատարվել է։ Ես էլ Նիկոլ Փաշինյանին մոտեցել և ուզում էի հարց տալ, որ 2018-ին խաբելով եկաք իշխանության, երեք անգամ պատերազմ բերեցիք մեր երկրի գլխին, հիմա նորից ուզում եք վարչապետ ընտրվե՞լ՝ ժողովրդին անընդհատ պատերազմով սպառնալով։ Ոչ, եթե Նիկոլ Փաշինյանը մնաց իշխանության, դա նշանակում է, որ մենք նորից տարածքային կորուստներ ենք ունենալու, նորից Ադրբեջանը հարձակվելու է, որովհետև մենք չենք կարողանալու վճարել 150 միլիարդը, որն Ադրբեջանը պահանջում է մեզանից։ Հարձակվելու է՝ Սյունիքը վերցնի։ Ու այդ ժամանակ էլ Նիկոլը կասի. «Կներեք, ժողովուրդ ջան, չենք կարող։ Հո չպիտի՞ չզոհենք ձեր երեխաներին։ Պիտի հանձնենք, ինչպես հանձնեցինք Քարվաճառը, մնացած հարակից տարածքները, հետո Ստեփանակերտը, հետո Շուշին ու այդպես շարունակ»»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































