«Իշխող ուժի ամբողջ քարոզարշավը կառուցվում է՝ «կդատեմ», «կբռնենք», «չենք թողնի, որ հայտնվեն խորհրդարանում» և նմանատիպ արտահայտություններով»․ «Կոռուպցիան նախընտրական փուլում» թեմայով աշխատաժողովի ժամանակ կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը։
Ըստ բանախոսի՝ համեմատություններն ակնհայտ են դարձնում, թե ինչպես է գործում օրենքի կիրառման երկակիության սկզբունքը․ ընդդիմադիրների դեպքում արարքն այս իշխանության համար իրավախախտում է, իսկ երբ արդեն իրենց է վերաբերվում՝ նորմալ է, իրավաչափ է։
«Ինչպես բազմաթիվ դեպքերում, այնպես էլ բարեգործության արգելքի պարագայում հոդվածը գործում է բացառապես ընդդիմադիրների գործողությունները կանխելու, ընդդիմադիրներին պատժելու համար»,- կարծում է Էլինար Վարդանյանը՝ հավելելով, որ ընդդիմադիր ուժերի համակիրների նկատմամբ կիրառվում են նաև ազդեցություններ օգտագործելու միջոցներ․ «Եթե մարդկանց նկատում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակներ մուտք գործելիս, հաջորդ քայլը լինում է աշխատանքից ազատելու սպառնալիքը, երեխաներին մանկապարտեզներից հեռացնելու սպառնալիքները։ Արդեն ունենք երկու դեպք՝ աշխատանքից ազատելու ապօրինի որոշումների հետ կապված»։ Խոսքը Ախուրյանի ու Չարենցավանի փոխքաղաքապետերի մասին է, որոնք ընդգրկված են «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ցուցակում և ապօրինի հեռացվել են աշխատանքից։
Որոշումները, իհարկե, կվիճարկվեն դատարաններում, բայց, բանախոսի պնդմամբ, սա խոսում է նախընտրական հակաիրավական գործողությունների, սպառնալիքների մասին։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































