2021 թվականին ՀՀ Քրեական օրենսգիրք ներմուծվեց համաշխարհային իրավական պատմության մեջ նախադեպը չունեցող հանցակազմ՝ հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելը․ «Կոռուպցիան՝ նախընտրական փուլում» աշխատաժողովի ժամանակ կարծիք հայտնեց փաստաբան Վարազդատ Հարությունյանը (լուսանկարում)։
Հիշեցնենք, այդ հանցակազմը վերագրվեց քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին 2022 թվականին։
«Դրանից մեկ տարի անց պարզվեց, որ այս փոփոխությունն անելիս՝ Վենետիկի հանձնաժողովին դիմելիս արել են թարգմանության խարդախություն։ Թարգմանության մեջ հանցակազմի ձևակերպման մեջ ավելացրել են «ստիպել, հարկադրելը»։ Վենետիկի հանձնաժողովն էլ դրական կարծիք էր տվել, որ եթե հարկադրանքի բաղադրիչ կա, ապա չես կարող այդ եղանակով հավաք կազմակերպել, ուստի՝ քրեականացրու»,- մանրամասնեց Վարազդատ Հարությունյանը։
Փաստաբանն ասաց՝ հոդվածի սահմանադրականության հարցը բարձրացրել է ի սկզբանե և հավելեց, որ Չալաբյանի գործից հետո տարբեր քաղաքական ուժերի տարբեր ներկայացուցիչների նկատմամբ գործող իշխանությունը բազմաթիվ քրեական գործեր հարուցեց՝ նույն հոդվածով, և բոլոր գործերի հիմքում եղել են գաղտնալսումները, որոնք հրապարակվել են ՔԿ-ի կողմից, իսկ ավելի ուշ պարզվել է, որ դրանք մոնտաժված են։
Կարդացեք նաև
«ՍԴ-ի մեկնաբանությունը հետևյալն է՝ հավաքի մասնակցի տրանսպորտային ծախսերն ու սնունդը հոգալու համար ֆինանս հատկացնելը նորմալ է, բայց եթե այդ ֆինանսն իր բնույթով դուրս է գալիս անհրաժեշտ ծախսերի տրամաբանությունից և ունակ է ազդել անձի վարքագծի վրա, խաթարվում է հավաքների ազատության իրական նպատակը։ Այս դեպքի համար կարելի է տերմին կիրառել՝ «իրավական պատերնալիզմ», երբ պետությունն ավելի «շատ է մտածում» անձի բարօրության մասին, քան անձը։ ՍԴ-ի այս ձևակերպումն ուղղակիորեն հակասում է հավաքների ազատության պաշտպանության ամբողջ տրամաբանությանը»,- ասաց Վարազդատ Հարությունյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































