«Այլընտրանքային Նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը գրում է.
«Գործընկերոջս՝ Արման Աբովյանի հետ միասին, հանդիպել ենք «Հայաստանում Ժողովրդավարության միջազգային դիտարանի» (IODA) անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկել ենք Հայաստանում այսօր ակնհայտորեն արձանագրվող ժողովրդավարության հետընթացը, խոսքի ազատության նկատմամբ աճող ճնշումները, քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ թիրախավորված արշավները, ինչպես նաև ուժային կառույցների քաղաքականացման խնդիրը։
Առաքելության ներկայացուցիչներին ներկայացվել են Հայաստանում քաղաքական հետապնդումների, մարդու իրավունքների խախտումների, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների հետևողական քայքայման վերաբերյալ կոնկրետ փաստեր և օրինակներ։
Կարդացեք նաև
Առանձին անդրադարձ է կատարվել կալանքը՝ որպես խափանման միջոց, չարաշահելու և այն քաղաքական հակառակորդների նկատմամբ փաստացի պատժի գործիք դարձնելու դեպքերին։ Ներկայացրել ենք ընդդիմադիր ուժերի առաջնորդների, քաղաքական և հանրային գործիչների նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումները և դրանց համակարգային բնույթը։
Միաժամանակ կարևոր ենք համարել ընդգծել, որ բարձր ենք գնահատում միջազգային կառույցների, եվրոպական գործընկերների և ընդհանրապես Արևմուտքի այն ջանքերը, որոնք տարիներ շարունակ ուղղված են եղել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը, մարդու իրավունքների պաշտպանությանն ու իրավական պետության ամրապնդմանը։
Ակնկալում ենք, որ այս հարցերում միջազգային գործընկերների հետ մեր համագործակցությունը կլինի շարունակական, հետևողական և առավել գործուն՝ Հայաստանում ժողովրդավարական արժեքների և մարդու իրավունքների պաշտպանության ապահովման ուղղությամբ»։



















































