«Ադրբեջանի նախագահը՝ Ալիեւն ինչ ասում է՝ իր գիծն է շարունակում։ Իրենք տեռորիստ չեն եղել, իրենք եղել են ինքնորոշման պայքարի մարտիկներ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ռեֆորմիստներ» կուսակցության վարչապետի թեկնածու, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին՝ կիսո՞ւմ է Ադրբեջանի նախագահի կարծիքը, որ 2023-ի հայաթափելով Արցախն իրենք վերջ են դրել «սեպարատիզմին»։
Այդ ելույթն Իլհամ Ալիեւն ունեցավ Երեւանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթաժողովի ժամանակ։ Դրան ներկա հայ պաշտոնյաները չարձագանքեցին ելույթին։
Վաղարշակ Հարությունյանից հետաքրքրվել էինք նաեւ՝ կիսո՞ւմ է իշխանական ճամբարից հաճախ հնչած տեսակետը, որ Բաքվի կողմից գերեւարված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները կարող էին չգերեւարվել։
«Մենք պետք է օբյեկտիվ գնահատենք․ այս մարդիկ մինչեւ վերջ մնացել են, մինչեւ վերջին ղարաբաղցին դուրս չի եկել, եւ իրենց մեղադրել դրա մեջ՝ սխալ է։ Այդ մարդիկ մնացել են մինչեւ վերջ, որպեսզի չլինի, որ ղեկավարությունը փախել է, թողել է ժողովրդին։ Իսկ գերեւարվել են, որովհետեւ բացատրություն եղել է՝ գերի են վերցրել իրենց բարեկամներին ու ստիպել են հանձնվել․ ի՞նչ պիտի անեին։ Իրենք գործել են որպես ղեկավար»,- ասաց Վաղարշակ Հարությունյանը՝ հավելելով, որ մեր պարտքն է՝ ամեն ինչ անել, որպեսզի այդ մարդիկ լինեն ազատության մեջ։
Կարդացեք նաև
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































