Արման Մելիքյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
-Քարոզարշավն արդեն ընթացքի մեջ է, ինչպե՞ս կգնահատեք այն, բառապաշարը, որն օգտագործում են քաղաքական ուժերը, տեխնոլոգիաները, միմյանց թիրախավորումները։
– Քարոզարշավ կոչվածի մասնակիցների մեծ մասը և հատկապես ԱԺ անցնելու հավակնորդ հիմնական քաղաքական ուժերն, անշուշտ, բացառիկ անհարգալից վերաբերմունք են դրսևորում միմյանց հանդեպ, բայց առաջին հերթին ընտրությունների միջոցով հայաստանյան նոր իշխանություններ ձևավորելու հնարավորությանը հավատացող ՀՀ քաղաքացիների, ընտրողների հանդեպ: Կան, անշուշտ, բացառություններ, բայց այս ընդհանուր կեղտաբերանության մեջ այդ քաղաքական ուժերն եղած գարշելի մթնոլորտը մեղմել, բարեվարքության շունչ հաղորդել դրան, դժվար թե կարողանան: Առայժմ սա նախևառաջ չորս առաջնորդների անհատական դիմակայություն է, որում սերտորեն միախառնված են իրենց անձնական շահերն ու այս կռվի մասնակիցների հանդեպ առկա՝ հանրային սպասելիքները:
-Ի՞նչ ելք կարող են ունենալ ընտրությունները։
Կարդացեք նաև
– Կա չորս հավանական սցենար՝ ա. գործող իշխանությունը տապալելուն ձգտող ուժերը միասին մեծամասնություն են ստանում ԱԺ-ում և ձևավորում են կոալիցիոն կառավարություն, բ. գործող իշխանությունը, չստանալով մեծամասնություն, կոալիցիոն կառավարություն է ձևավորում ԱԺ անցած ուժերից մեկի հետ, գ. գործող իշխանությունը մեծամասնություն է ստանում ԱԺ-ում և ինքնուրույն է ձևավորում նոր կառավարությունը, դ. ինչ-ինչ պատրվակով ընտրությունները հայտարարվում են անվավեր ու նոր ընտրությունների անցկացման օր է նշանակվում: Հակաիշխանական ուժերի համար առավելագույն հասանելի տարբերակն, իմ կարծիքով, առաջինն է, մինչդեռ գործող իշխանությունը կնախընտրի երրորդ տարբերակը: Երկրորդ ու չորրորդ տարբերակների իրականացումը լրացուցիչ անկայունություն կհաղորդի ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին հարաբերությունների ոլորտներում: Այս պահին դեռ վաղ է կանխատեսումներ անել այն մասին, թե տարբերակներից որ մեկը կիրականանա: Այդուհանդերձ, վարչապետ Փաշինյանն ունի զգալի արտաքին աջակցություն, որն ունակ է որոշիչ ազդեցություն ունենալ վերջնարդյունքի վրա: Գործող իշխանությունը նաև հենվում է ՀՀ ուժային և իրավապահ կառույցների ներուժի վրա, ինչն իրեն մեծ առավելություն է տալիս:
-Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Ղարաբաղյան շարժումը եղել է ճակատագրական սխալ։ Ինչպե՞ս կգնահատեք այսօրինակ հայտարարությունները։
– Պատերազմական պարտությունից հետո վարչապետ Փաշինյանը ձևավորել է այն քաղաքական պլատֆորմը՝ «իրական Հայաստանի» տեսլականը, որն իրեն հնարավորություն է ընձեռում, թեկուզ գոնե ժամանակավորապես, համատեղել իշխանությունը ձեռքին պահելու կենսական, իր համար գոյութենական խնդրի լուծումը խորհրդային սահմաններով Հայաստանի Հանրապետության գոյության հետ: Իսկ դրա համար առաջնային էր և է հենց արտաքին աջակցությունը՝ հանձինս Ադրբեջանի ու Թուրքիայի, որոշ ազդեցիկ աշխարհաքաղաքական կենտրոնների: Պարտությունից առաջ նա տրամագծորեն հակառակ մտքեր էր արտահայտում հրապարակավ: Արցախյան շարժումն իր համար վերածվեց ճակատագրական «սխալի» իր պատերազմական պարտությունից ու քաղաքական կապիտուլյացիայից հետո: Իսկ Արցախի հանձնումն անխուսափելիորեն պետք է ավելի ուշ հանգեցներ Արարատի «ուրացման»:
-Դավիթ Բաբայանը ուղերձով հանդես եկավ Բաքվի բանտից։ Ինչի՞ մասին է սա վկայում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցները ճարահատյալ այսպիսի քայլերի՞ են դիմում, քանի որ ՀՀ-ի կողմից չկա պետական աջակցություն այն հարցին, որպեսզի նրանք ազատ արձակվեն։ Այս առիթով Նիկոլ Փաշինյանի և իշխանականների պնդումները, թե նրանք աշխատանք տանում են, բայց այն չեն ցանկանում հանրայնացնել, արդյոք հիմնավո՞ր են։
– Դավիթ Բաբայանի, Արցախի բանտված այլ առաջնորդների այսօրինակ դիմումները միանգամայն իրավաչափ են ու ողջունելի: Ընդ որում, եթե ՀՀ իշխանություններն էլ ակտիվորեն պայքարեին նրանց ազատ արձակման համար, միևնույն է՝ այդ կարգի հրապարակային օգնության կոչերի անհրաժեշտությունը չէր վերանա, քանի որ խնդիրը վերաբերվում է Ադրբեջանի բռնակալ ղեկավարի կամայական, ապօրինի գործողությունների չեզոքացմանը: Այլ հարց է, որ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելով՝ ՀՀ իշխանություններն իրենց կողմից արտոնել են Արցախի ղեկավարության հանդեպ նախագահ Ալիևի կողմից քրեական հետապնդում իրականացնելու իրավունքը: Այսինքն՝ կարելի է ասել, որ նախագահ Ալիևն անուղղակիորեն նաև ՀՀ իշխանությունների դիրքորոշումն է ներկայացնում: Ստեղծված իրավիճակում Հայաստանը պաշտոնապես չի կարող ընդվզել Բաքվում տեղի ունեցած դատավարական խեղկատակության դեմ: Միակ բանը, որ կարող է անել այս պահին վարչապետ Փաշինյանը՝ դիմել Ալիևին բոլոր հայ պատանդներին ազատ արձակել մարդասիրական մղումներից ելնելով, համաներել նրանց:
-Ինչպե՞ս կգնահատեք հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս հանգրվանը։ Կարծես ՌԴ-ից պաշտոնական մակարդակով հայտարարություններ են հնչում ՀՀ-ի՝ ընտրություն կատարելու առիթով, մինչդեռ ՀՀ-ից գերադասում են ժամանակ շահել։
-Իրականում հայ-ռուսական հարաբերությունների համար Հայաստանից բխող առարկայական վտանգներ չեմ տեսնում: Մոսկվան ինքն է պետք եղած ժամանակ սառում Երևանի հանդեպ ու հարկ եղած դեպքում էլ ջերմ հուշերով լի ջերմ իրականության պատկերներ նկարում մեր ժողովուրդների համար: Ներկայումս հայ-ռուսական հարաբերությունների ընթացքն էլ, ճակատագիրն էլ լիովին մեր ռուս բարեկամների քմահաճ, բայց իմաստուն հոգածության ծիրում են: Գուցե կգա ժամանակը, երբ մենք կսովորենք ռուսական վատից էլ, լավից էլ օգուտներ քաղել մեր ազգային շահերի համատեքստում:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈԻՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
16.05.2026


















































