Լրահոս
Օրվա լրահոսը

Կոչ ենք անում ՌԴ դեսպանին կանչել ԱԳՆ և պարզաբանումներ պահանջել՝ հրապարակված փաստերի, ՀՀ ներքին գործերին միջամտելու փորձերի վերաբերյալ. «Հանուն Հանրապետության»

Մայիս 18,2026 12:25 Share

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը խստորեն դատապարտում է «Փաստերի ստուգման հարթակի» հրապարակած վերջին փաստերը, որոնք վկայում են Հայաստանի Հանրապետության դեմ Ռուսաստանի պետական համակարգի հետ առնչվող շրջանակների կողմից իրականացված համակարգված տեղեկատվական և քաղաքական ազդեցության գործողությունների մասին։

Հրապարակված նյութերը ցույց են տալիս ոչ թե առանձին քարոզչական դրվագներ, այլ Հայաստանի դեմ իրականացվող հիբրիդային պատերազմի ամբողջական գործիքակազմ՝ ապատեղեկատվություն, մեդիա մանիպուլյացիաներ, հասարակական պառակտում հրահրող արշավներ և ներքաղաքական գործընթացների վրա ազդելու փորձեր։

Սա Հայաստանի ինքնիշխանության, ժողովրդավարական ինստիտուտների և ընտրական գործընթացի դեմ ուղղված լուրջ սպառնալիք է։ Նման գործողությունները պահանջում են պետական, դիվանագիտական և անվտանգային հստակ արձագանք։

Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը անհապաղ կանչել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանին և պահանջել պաշտոնական պարզաբանումներ՝ հրապարակված փաստերի, դրանց հնարավոր պետական կապերի և Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձերի վերաբերյալ։

Միաժամանակ կոչ ենք անում ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին հստակ և հրապարակային դատապարտել Հայաստանի դեմ իրականացվող ցանկացած արտաքին միջամտություն և հիբրիդային պատերազմ՝ անկախ նրանից, թե ում քաղաքական շահերին է այն տվյալ պահին ծառայում։

Հայաստանի իշխանությունը, ընդդիմությունը և ապագան պետք է ձևավորվեն միայն Հայաստանի քաղաքացու ազատ կամքով, ոչ թե օտար պետության հիբրիդային օպերացիաներով, կեղծ լուրերով, ստվերային ցանցերով և մեր հասարակությունը ներսից պառակտելու հաշվարկված փորձերով։

«Հանուն Հանրապետության» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031