Լրահոս
Օրվա լրահոսը

Բացառիկ հրատարակություն

Մայիս 21,2026 12:30 Share

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը լույս է ընծայել բացառիկ մի հրատարակություն՝ Յարութիւն Գ. Աթանասեանի (1884-?) «Ատաբազարէն Տէր Զօր» անտիպ հուշագրությունը, որը համարվում է Հայոց ցեղասպանության մասին պատմող առաջին վավերագրություններից մեկը։ Դեռևս 1919 թվականին գրի առնված այս արժեքավոր հուշագրությունը հրատարակվել է առանձին հատորով, որի խմբագիրը, առաջաբանի և ծանոթագրությունների հեղինակը ՀՑԹԻ աշխատակից Միհրան Մինասյանն է։

Գիրքն ընթերցողին ներկայացնում է Հայոց ցեղասպանությունը վերապրած ադաբազարցի կրթական-մշակութային և ազգային գործիչ, տպարանատեր, գրող, թարգմանիչ Յարութիւն Գ. Աթանասեանի դժոխային ոդիսականը՝ սկսած 1915-ի ձերբակալություններից մինչև համակենտրոնացման ճամբարներ։ Հուշագրության մեջ հեղինակը վավերագրական ճշգրտությամբ նկարագրում է աքսորի երկար ճանապարհը՝ Ադաբազարից մինչև սիրիական անապատի խորքերը։ Գիրքն առանձնակի պատմագիտական արժեք ունի, քանի որ հեղինակը տարբեր ժամանակներում գտնվել է հայ աքսորականների գրեթե բոլոր հիմնական համակենտրոնացման ճամբարներում՝ Գարամանից ու Գաթմայից մինչև Ռաքքա և Դեր Զոր։ Նրա աչքերով ներկայացված են ոչ միայն սեփական տառապանքները, այլև հայ ազգի ողբերգական վիճակը, թուրք պաշտոնյաների անմարդկային վերաբերմունքն ու անապատներում տեղի ունեցած զանգվածային կոտորածների սարսափազդու իրականությունը։ Այս նորահայտ հուշագրությունը կարևոր սկզբնաղբյուր է պատմաբանների, ցեղասպանագետների և հայոց պատմության այս ողբերգական էջով՝ Հայոց ցեղասպանությամբ հետաքրքրվող լայն շրջանակների համար։

Գիրքը բաղկացած է 568 էջից։ Ունի մոտ 100 էջանոց ուսումնասիրական բաժին, ընդարձակ ծանոթագրություններ, լուսանկարներ, քարտեզներ և հավելվածներ։

«Առավոտ» օրաթերթ
20.05.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031