ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է. «Ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն՝ Ա.Ա.-ն մայիսի 21-ին Ֆեյսբուքում կից գրառմամբ հոլովակ է տեղադրել՝ «Ժողովուրդ, Ձեզանից թաքուն դիրք են հանձնում, լսեք այս կամավորի խոսքը, այս ընթացքում ՊՆ նախարարը սրտիկներով քարոզարշավ է անում», որտեղ վերջինս և մեկ անձ խոսում են Ջերմուկ քաղաքի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքը Ադրբեջանին հանձնելու մասին:
ՀՀ պաշտպանության նախարարությունը նույն օրը պաշտոնապես հերքել է Ա.Ա.-ի և այդ անձի կողմից հայտնած տեղեկությունները:
Ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու հատկանիշներով:
Նախաքննությամբ պարզվել է տվյալ տեսանյութում խոսող, դեմքի հատվածը փակված անձի ինքնությունը, ով մարտական հերթապահություն է իրականացրել N մարտական դիրքում:
Կարդացեք նաև
Վերջինս հարցաքննության ժամանակ հերքել է որևէ դիրք հանձնելու մասին տեղեկատվությունը՝ միաժամանակ նշելով, որ գտնվելով ոչ սթափ վիճակում, մասնակցել է Ն.Կ.-ի կողմից կազմակերպված հավաքին, որտեղ հանդիպել է Ա.Ա.-ին, որը տեղեկացված լինելով իր սոցիալական խնդիրների մասին՝ անմիջապես կազմակերպել է լրագրողի հետ հարցազրույցը: Նշել է, որ գտնվել է ոչ սթափ վիճակում և հայտնել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:
Հիշեցնենք՝ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը հայտնել էր. ««Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներից մեկի տարածած տեսանյութում դեռևս անհայտ անձը ստահոդ տեղեկություններ է հայտնում, թե իբր վերջերս Ջերմուկի հատվածում ՀՀ զինված ուժերի «բանակային դիրք է հանձնվել»:
Հայտնում ենք, որ նշվածն ապատեղեկատվություն է:
Իրավապահ մարմիններին հորդորում ենք ուսումնասիրել նշված տեսանյութն ու դրանում տեղ գտած տեղեկությունները՝ իրավական գնահատական տալու նպատակով»:


















































