Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե չկողմնորոշվածները ավելի շատ գնան ընտրությունների` դա մի քիչ ավելի վնաս է իշխանությանը, բայց օգուտ է ժողովրդավարությանը». Արմեն Խաչիկյան

Մայիս 24,2026 18:00 Share

«Ես հուսով եմ, որ ընտրությունների մասնակցությունը բարձր կլինի, որովհետև մենք փորձում ենք լինել ժողովրդավարական երկիր, իսկ ժողովրդավարական երկրի ու ժողովրդավարական գործընթացների կարևորագույն մեխանիզմն ընտրություններն են։ Տվյալ պարագայում, ցավոք սրտի, ոչ թե ընտրությունների բուն գործընթացը, այլ նախընտրական փուլում շատ անհամաչափ են ռեսուրսներ բաշխված, և որոշ կուսակցություններ, որոշ ուժեր ավելի լայն հնարավորություն ունեն, հատկապես իշխանական, իսկ որոշ ուժեր էլ ավելի սահմանափակ»,- «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի ընթացքում ասաց սոցիոլոգ, «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի տնօրեն Արմեն Խաչիկյանը։

Մեր խնդրանքով անդրադառնալով որոշակիորեն դավադրապաշտական տեսությանը, թե իշխանությունն ուզում է այնպես անել, որ քվեարկությանը հնարավորինս քիչ մարդ մասնակցի՝ ընտրություններին քաղաքացիների մասնակցության թիվն ավելի փոքր լինի, որպեսզի իր պայմանական 25 տոկոսն ընտրությունների արդյունքներով մեծանա և հասնի 50 կամ 60 տոկոսի՝ Արմեն Խաչիկյանն ասաց. «Ես կարծում եմ, դա ոչ թե դավադրապաշտության տեսություն է, այլ պարզ հաշվարկ է։ Եթե դիտարկենք, որ պայմանական 25% ունի իշխանությունը, այդ 25%-ը եթե 50% մասնակցություն է լինում, այսինքն` մեր 2.5 միլիոն ընտրելու իրավունք ունեցողներից կեսը գնում են ընտրության, ապա ինքը ամեն դեպքում 50-ին մոտ արդյունք է ունենում՝ կամ ավել, կամ պակաս։ Բայց եթե ընտրություններին մասնակցում են օրինակ 60–70% քաղաքացիներ, այդ դեպքում այդ 25%-ը բնականաբար ավելի փոքր համամասնություն է ունենում ամբողջի մեջ։ Այսինքն՝ ինչքան շատ է մասնակցությունը, այդքան իր համամասնությունն ավելի փոքր կլինի։

Շատերն ասում են, որ եթե շատ մարդ մասնակցի, այդ շատ մարդկանց մեջ էլի կգնան կընտրեն իշխանությանը, չխորանալով քաղաքական գործընթացի մեջ։ Ամեն դեպքում իշխանությունների ընտրազանգվածը բավականին բյուրեղացած է, կուռ է, ու այդ 25 կամ 30%-ը բավականին ամուր, և էլեկտորալ ակտիվ վարքագիծ ունեն, ավելի մոտիվացված են։ Իսկ չկողմնորոշված կամ քիչ կողմնորոշվածները, կամ դեռևս տատանվող մարդիկ, ովքեր չգիտեն դեռ՝ ընտրությունների գնալո՞ւ են, թե՞ չէ, իրենց դեպքում ավելի քիչ է մոտիվացիան ու ավելի քիչ է պատրաստակամությունը գնալու, ընտրելու։ Ուստի այս դեպքում, եթե չկողմնորոշվածները ավելի շատ գնան ընտրությունների, մասնակցեն, դա մի քիչ ավելի վնաս է իշխանությանը, բայց օգուտ է ժողովրդավարությանը»։

Հաղորդումն ամբողջությամբ դիտեք 22.00-ին

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031