Լրահոս
Օրվա լրահոսը

«Տնակիցս «Տ» տառն է մնացել, Փաշինյան ջան»․ գյումրեցին վարչապետին

Մայիս 25,2026 15:48 Share

Նիկոլ Փաշինյանը, որն այս պահին շրջում է Գյումրիում, երբեմն հազիվ կարողանալով անցնել քարուքանդ, ջրափոսերով լի փողոցները, հասավ կայարանամերձ հրապարակ՝ Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանի թաղամաս։

Այստեղ մի քանի րոպեանոց քարոզ անելուց հետո, սկսեց նկարվել երեխաների, ապա մեծահասակների հետ, որը գրեթե մի ժամ տևեց։ Վարչապետն այստեղ լսեց սիրո ամենաարտառոց խոստովանությունները․ կանայք գալիս էին լուսանկարվելու՝ շնորհակալություն հայտնելով նրան «ամեն ինչի համար»։ Նկատենք, սակայն, որ Նիկոլ Փաշինյանն այս ամենից չէր ոգևորվում, դեմքի լարված արտահայտությունը չէր փոխվում, գուցե նրանից էր, որ տեսարանը չափազանց շինծու ու արհեստական էր։

Ինչևէ, վարչապետը խնդիրներ ունեցող մարդկանց լսելու ցանկություն ամենևին չուներ, ով մոտենում էր անձնական հարց տալու, անմիջապես ընդհատում էր ու կանչում իր օգնականին։ Մի մեծահասակ մարդ նրան հիշեցրեց, որ նրա հետ ծանոթացել է Հունաստանի դեսպանատան դիմաց՝ նախքան վարչապետ դառնալը, ասաց, որ այժմ մեծ խնդիր ունի․ԱՄՆ-ից մեքենա են ներկրել, բայց 15 րոպե քշելուց հետո «գայիշնիկները» կանգնեցրել են, մի տարով զրկել են վարորդական իրավունքից։ Փաշինյանը ընդհատեց՝ կանչելով իր օգնական Դավիթ Գևորգյանին։

Մոտեցավ մի կին, դժգոհեց, որ 38 տարի տնակի մեջ է ապրում։

«Տնակիցս «Տ» տառն է մնացել, Փաշինյան ջան»։ Վարչապետը հետաքրքրվեց, թե պետությունը պարտավորություն ունի՞ իր հանդեպ։ Կինն ասաց՝ 14 հոգի ենք, 6-ը գնացել են, 7-ը՝ մնացել, բարելավման մեջ ենք ընկել։ Փաշինյանը այս հարցում էլ կանչեց իր օգնականին՝ կնոջ տվյալները վերցնելու։

Այդ ընթացքում նրան հասցրեց մոտենալ մի երիտասարդ աղջիկ ու նամակ փոխանցել․«Վարչապետ ջան, ձեզ շատ սիրում, հարգում ենք, Լուսաղբյուր գյուղից ենք, դպրոցների վերամիավորման դեմ է»։

Գյումրու կայարանամերձ հրապարակում Նիկոլ Փաշինյանի հետ լուսանկարվելու ցանկություն ունեցողների մի մեծ հերթ էր գոյացել։ Այստեղ Փաշինյանին ուղղված փաղաքշական բառերի ու գովասանքի խոսքերի պակաս չկար։ Տարեց մի կին բացականչեց․ «Փաշինյան ջան, Աստված քեզ երկար կյանք տա, առողջություն տա, թիկունքիդ կանգնած ենք»։ Երիտասարդ մի կին էլ, ով գրկի երեխայի հետ էր, մոտեցավ Փաշինյանի հետ նկարվելու ու ասաց․ «Շնորհակալ ենք ձեզ ամեն ինչ համար»։ Մի կին էլ ասաց՝ տուր ինձ քարտեզից, պիտի ուղարկեմ Ռուսաստան, տղուս, քո կողմնակիցն է»։

«Արի մի հատ պաչեմ, ղուրբանդ էղնիմ, արի նկարվինք, արտասահմանից ենք եկել՝ հատուկ ձեզի համար, աղոթքներս՝ իմս, մորս, իմ ընտանիքս, բոլորի սերը, հարգանքը ձեզ, սիրում ենք, հարգում ենք, պաշտում ենք», -բացականչեց մի այլ երիտասարդ կին՝ փարվելով Նիկոլ Փաշինյանին ու բացականչելով․ «Խաղաղությանը տեր ենք, վարչապետ ջան»։ Այդ րոպեին մի այլ կին էլ մոտեցավ նկարվելու՝ ասելով․ «Տեր ենք խաղաղությանը, վարչապետ ջան»։ Խաղաղություն բառից մշտապես ոգևորվող վարչապետն այս անգամ հազիվ ժպտաց։

Նիկոլ Փաշինյանին ամենաթունդ սիրո խոստովանությունը թերևս մի տարեց կնոջ կողմից էր, որը ցույց տալով ՔՊ-ի նախընտրական ծրագիրն, ասաց․ «Պահել եմ՝ որպես սուրբ մասունք, 2018 թվից էլ նկարդ եմ համբուրել շրթներկով, բայց հիմի չեմ ուզի համբուրել, նկարվել եմ ուզում»։

Մի տղամարդ էլ մոտեցավ՝ ասելով․ «Ես քո ամենամեծ երկրպագուն են, տուֆ քարից հուշարձանդ որ կառուցել էին Գյումրիի ճանապարհին, էդ ժամանակ էի քո հետ նկարվել, հիմա էլ մի նկար անենք»։

Այստեղ նրան հաճոյացան նույնիսկ անգլերենով՝ ներկայանալով որպես զբոսաշրջիկ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031