Ի՞նչ է լինելու, եթե Տիգրանաշենը հանձնեն: Այսօր այս հարցով իր ելույթը Վայքում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ սկսեց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ագնեսա Խամոյանը ու հիշեցրեց, որ Փաշինյանը հայտարարել է՝ վերընտրվելու դեպքում ինքը տարածքներ ունի Ադրբեջանին հանձնելու:
«Տիգրանաշենը Ադրբեջանի վերահսկողության տակ է լինելու, Երեւան գալու եք Ադրբեջանի աչքի, խոշորացույցի տակ, դուք պատրա՞ստ եք դրան: Դրա լավագույն պատասխանը լինելու է հունիսի 7-ին»,- ասաց Խամոյանը:
Ըստ նրա՝ այս իշխանությունները տարիներ շարունակ փորձում են համոզել, որ իրենք հայ մարդու հետ շատ մոտ են, ջերմ են, մարդասեր են, սրտիկներ, պաչիկներ են անում. «Դուք հավատո՞ւմ եք դրանց անկեղծությանը: Գիտեք՝ վերջին անգամ Հայաստանում ե՞րբ է համաներում կիրառվել, կիրառվել է՝ 2018-ին: Մարդասիրության լավագույն դրսեւորումը համաներումն է, որ պետությունն իրականացնում է: Ինչո՞ւ համաներում չեն անում, գիտեք՝ քրեակատարողական հիմնարկներում ինչ է կատարվում: Մարդը առանց վարորդական վկայականի մեքենա է վարել, տաքսի է վարել, վթարի պատճառ չի եղել, այդ մարդկանց բանտերն են գցում: Հանցավորությունն իրենց ուտում է, խայտառակ պատկեր է՝ ով ոնց ուզում իրեն պահում է, ով ինչ զենք ասես չի կիրառում, ամեն մի բակում, տարբեր թփերի տակ կարելի է գտնել թմրանյութի պակետներ, այդ գործերով չեն զբաղվում, բայց նախաքննական մարմիններն այս գործերով ծանրաբեռնվում են»:
Խամոյանն ասաց՝ քրեական ու վարչական համաներում կիրառելն իրենց ծրագրային դրույթներից է: Ըստ նրա՝ սա կթեթեւացնի նախաքննական մարմինների ու ՔԿՀ-ների վիճակը:
Կարդացեք նաև
Անդրադառնալով իշխանության տարբեր ներկայացուցիչների մեկնաբանություններին, թե ՌԴ ՀՀ որոշ ապրանքների մուտքի արգելքի հետեւում ընդդիմադիր որոշ գործիչներն են, Խամոյանը հարցադրում արեց. «Ո՞ւմ եք հիմարի տեղ դրել: Իսկապես կարծում եք՝ մեր ժողովուրդն այդքան միամիտ է, որ հավատա՞ նման բաների: Լավ, ենթադրենք՝ ընդդիմադիրները կաշառել են ՌԴ-ին, որ մեր գյուղացու բերքը մնա, փչանա Հայաստանում ու հակաիշխանական տրամադրություններ գեներացվեն: Բա որ ընդդիմությունն այդքան բան է կարողանում անել, բա դուք մեխի գլո՞ւխ եք, դուք ո՞վ եք առհասարակ:
Կամ այն օրը հայտարարում է՝ ես ԵԱՏՄ-ում եղանակ ստեղծող երկրի ղեկավար եմ, լո՞ւրջ: Այդ ինչ եղանակ ես ստեղծել, այնպիսի եղանակ ես ստեղծել, որ այսօր Մեյմանդարի շուկայում ֆուռերը կանգնած, մարդիկ ջրի գնով իրենց մթերքը վաճառո՞ւմ են, որովհետեւ Հայաստանից թույլ չեն տվել, որ մեքենաները գնան: Ասել են՝ այնտեղից հետ են ուղարկելու: Միակ եղանակը, որ կարող ես ստեղծել աշխարհաքաղաքական կարկուտն ու հեղեղն է, որ թափվում է հայ ժողովրդի գլխին:
Որ եվրոպացի մի քանի պաշտոնյաների հետ գրկախառնված նկար ունենա, սրտիկներով ու պաչիկներով եւ մի քանի ավել լայք հավաքի, այսօր դրված է ՀՀ՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը: Գինը վճարում է ժողովուրդը, գյուղացին: Արդյունքում՝ ինքը ստանում է լայքեր, լայքերի դիմաց պատրաստ ծախել մի ամբողջ ժողովրդի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































