Լրահոս
Օրվա լրահոսը

«Սամվել Կարապետյանի գործով քաղաքականությունն ու իրավաբանությունը ընթանում են զուգահեռաբար և ներկա դրությամբ գերիշխում է քաղաքականությունը». փաստաբան

Մայիս 26,2026 19:11 Share

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստում պաշտպանական կողմը միջնորդություն ներկայացրեց «Ստրոյպրոյեկտի» դրվագով Սամվել Կարապետյանին ներկայացված մեղադրանքով հետապնդումը դադարեցնելու մասին, որի էությունը հետևյալն է։

Հաշվի առնելով, որ կալանքի հարցերը քննարկելիս բոլոր ատյանների դատարանները հիմնավոր կասկածը նվազագույն շեմով փաստված չեն համարել և մերժել են, այս պայմաններում նախաքննական մարմինը, նաև հսկող դատախազը պաշտպանական կողմի կարծիքով պարտավոր է հետապնդումը դադարեցնել և մեղադրական եզրակացությունում տվյալ դրվագը չարտացոլել։

«Բայց քանի որ այս գործով քրեադատավարական նորմերը կիրառվում են կամայականորեն, նույն տրամաբանությամբ «Ստրոյպրոյեկտի» մեռած դրվագը ևս վերջնական մեղադրանքում արտացոլվել է և ընդհանուր մեղադրական եզրակացությունում երեք դրվագներով ուղարկվել է դատարան։ Ընդ որում, այս գործով այդ դրվագը երեք մեղադրյալներից վերաբերել է միայն Սամվել Կարապետյանին։

Այսինքն՝ ակնհայտ անհիմն մեղադրանք է և պետք է տվյալ դրվագով հետապնդումը դադարեցվեր։ Բայց ունենք իրողություն՝ ուղարկվել է դատարան։ Այս փուլում բարձրացրել եք հետապնդումը դադարեցնելու հարց, որի համար ապացույցների հետազոտություն չի պահանջվում՝ հաշվի առնելով արդեն իսկ իմ հիշատակած եռաստիճան դատական համակարգի կայացրած դատական ակտերը, որոնք օրինական ուժի մեջ են, որոնցով հիմնավոր կասկածը նվազագույն շեմով չի արձանագրվել։

Սա պետք է որոշակի դատավարական հետևանքներ առաջացներ քննիչի և դատախազի համար, նաև՝ հետապնդումը դադարեցնելու պարտականություններ։ Բայց այս գործով քաղաքականությունն ու իրավաբանությունը զուգահեռաբար ընթանում են և ներկա դրությամբ գերիշխում է քաղաքականությունը»,-Aravot.am-ին ասաց միջնորդությունը ներկայացրած փաստաբան Արշակ Վարդանյանը։

Մյուս փաստաբանները միացան այս միջնորդությանը։ Արամ Վարդևանյանը միասնական դիրքորոշումը գրավոր կներկայացնի դատարանին։ Հաջորդ դատական նիստում դատարանն ամենայն հավանականությամբ միջնորդության շուրջ կլսի նաև հանրային մեղադրողի դիրքորոշումը և որոշում կկայացնի։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031