«Ձեզանից ու ինձանից մեր ընտրությունը սրիկայաբար գողացել են։ Գողացել են ոչ միայն ընտրությունը, գողացել են մեր քաղաքի 5 տարվա ապագան, ազատ արտահայտվելու իրավունքը, և վերջապես՝ գողացել են ձեր ընտրված համայնքի ղեկավարին, չեն թողել պաշտոնը ստանձնի, որովհետև դա իրենց քիմքին համապատասխան չի եղել։ Բայց ես ինձ տված որևէ քվե աճուրդի ու սակարկության չեմ հանել, ինձ հետ վերցրել ու տարել եմ բանտ, այդ քվեների բարձի վրա եմ ես քնել՝ որպես ինձ համար ապահովության բարձիկ ու հանգստության հանգրվան։
Ես գիտեի՝ վանաձորցիներն ինձ չէին ների, եթե ես ձեր թիկունքի հետևում մութ խաղի մեջ մտնեի։ Ես չէի կարող իմ հարմարավետության, որևէ փափուկ պաշտոնի համար ձեր քվեն հանեի սակարկության»,- Վանաձոր քաղաքում հրավիրած հանրահավաքում ասաց Վանաձորի նախկին քաղաքապետ, «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Մամիկոն Ասլանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նա նշեց, որ այլևս թույլ չեն տա գողանալ վանաձորցու քվեն։ Մամիկոն Ասլանյանն ասաց, որ այսօր Վանաձորում տեսնում է պառակտվածություն, ինչը լավ տեղ չի տանելու։ «Եվ այսօր հայտնվել է մարդ, ով պատրաստ է իր հզոր ուսերի վրա վերցնելու մեր ազգի, մեր ապագայի, պետականության, ինքնիշխանության, տնտեսության, անվտանգության վերականգնման երաշխիք դառնալու պարտավորությունը։
Այդ անձը Սամվել Կարապետյանն է։ Ես հաճախ հանդիպում եմ քննադատությունների, թե դուք անձ եք պաշտում։ Մենք անձ չենք պաշտում, մենք նույնականություն ենք պաշտում, անձի գործն ենք պաշտում։ Մենք տեսանք, թե ինչի հանգեցրեց անձապաշտությունը, տեսանք, թե ինչպես կարող են արկածախնդիրները գալ, մեր ժողովրդին 7-8 տարի խաբելով՝ տանել հասցնել անդունդի եզրին։ Իրենք հետդարձի ճանապարհ չունեն, և մեզ էլ ստիպում են այդ ճանապարհով առաջ գնալ»,- հավելեց Ասլանյանը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































