Լրահոս
Օրվա լրահոսը

Ժաննա Անդրեասյան. Կրթական համակարգն ավիրած քաղաքական ուժն այսօր համարձակվում է կրթական համակարգի անունը տալ

Մայիս 27,2026 15:18 Share

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր կրթական համակարգից խրոխտ խոսացող ուժերը կարծես հիշողության խնդիր ունեն։ Մի քանի բան արժի հիշեցնել։

Կրթության զարգացման 2001-2005 թվականների պետական ծրագրում, որ ժամանակի Ազգային ժողովը հաստատել էր որպես օրենք, այսպիսի նպատակ էին ամրագրել.

Կրթության համակարգի ռացիոնալացում։

Այդ նպատակի ներքո որպես խնդիր, մասնավորապես ձևակերպել էին.

Ուսումնական հաստատությունների տարածքային տեղաբաշխման օպտիմալացում:

Խնդրի կարգավորմանն ուղղված գործողությունների շարքում էլ թվարկել էին.

Ուսումնական հաստատությունների քարտեզագրում:
Ուսումնական հաստատությունների օպտիմալ տեղաբաշխման սկզբունքների մշակում:
Ուսումնական հաստատությունների ցանցի և իրականացվող կրթական ծրագրերի (այդ թվում` մասնագետների պատրաստման) օպտիմալ տեղաբաշխում, մասնավորապես` իրար մոտ տեղակայված դպրոցներ ունեցող խիտ բնակեցված քաղաքային, ավանատիպ բնակավայրերում թերբեռնված դպրոցների միավորում.

Այս ծրագրի շրջանակներում միայն առաջին տարում 36 դպրոց փակեցին։

Բացի սրանից, ծրագրով պլանավորել էին.

ուսումնական հաստատությունների գործունեության կազմակերպական ցուցանիշների (սովորող-մանկավարժ հարաբերակցություն, ուսումնական խմբերի միջին խտություն, մանկավարժների միջին բեռնվածություն և այլն) օպտիմալացում:

Սրա շրջանակներում էլ 2002-2007 թվականներին համակարգից կրճատեցին շուրջ 15 հազար ուսուցիչ։ Չնայած հայտարարել էին, որ կրճատման ենթակա են լինելու առաջին հերթին կենսաթոշակային տարիքի ուսուցիչները, սակայն առաջին շրջափուլում կրճատված 7251 ուսուցչից թոշակային տարիքի էր 1031-ը կամ շուրջ 14 տոկոսը։ Համակարգից հեռացվեցին բազմաթիվ որակյալ ուսուցիչներ, իսկ ծանոթ-բարեկամ-գրպանին լավ նայողները պահպանեցին իրենց տեղը, որովհետև դա էր համակարգի կանոնը։ Ուսուցչի շաբաթական դրույքաչափը 18 դասաժամից դարձրեցին 22` փող խնայելով կրթության որակի հաշվին, մեծացրեցին դասարաններում սովորողների խտությունը՝ էլի որակի հաշվին։

Բացի այդ, պլանավորել էին հետևյալը.

խիստ թերհամալրված դասարանների դեպքում` երկլրակազմ (երկկոմպլեկտ), եռալրակազմ (եռակոմպլեկտ) դասարանների ձևավորում

Սրանով գյուղական փոքր դպրոցները չփակեցին, չէ, պարզապես դարձրեցին մի տեղ, որտեղ, օրինակ, վեցերորդ, յոթերորդ, ութերորդ դասարանների երեխաները միասին նստած են մի դասարանում, ուսուցիչը պետք է քառասունհինգ րոպեում երեք տարբեր դասարանների առարկայական ծրագիր դասավանդի, երեխաներն էլ իբրև թե կրթություն ստանան։ Այս աղետալի մոտեցումը բերեց նրան, որ գյուղական և քաղաքային դպրոցների միջև կրթական անհավասարությունը սկսեց խորանալ։ Գյուղական բնակավայրերում ուսումնառության արդյունքներն էապես զիջում էին քաղաքներին: Օրինակ, քաղաքային դպրոցների սովորողների ընդունելության քննություններով մաթեմատիկայի միջին միավորները ավելի քան երկու միավորով գերազանցում էին գյուղական բնակավայրերի սովորողների արդյունքները։ TIMMS միջազգային ստուգատեսի գնահատման արդյունքները հաստատում են քաղաքային և գյուղական բնակավայրերում կրթության մակարդակի տարբերության արդեն իսկ նկարագրված իրավիճակը: Ստուգատեսի արդյունքները հատկապես ցույց են տալիս քաղաքաբնակ և գյուղաբնակ 4-րդ և 8-րդ դասարանների աշակերտների շրջանում մաթեմատիկայից և բնագիտական առարկաներից գրանցված արդյունքներում մեծ տարբերություն ի օգուտ քաղաքաբնակ աշակերտների: Ավելին, ուսումնասիրելով TIMSS-ի արդյունքները, ակնհայտ է դառնում, որ 2015 թվին մաթեմատիկայից գրանցված արդյունքները եղել են ավելի ցածր, քան 2003-ին, ինչը նշանակում է, որ տարիների ընթացքում այդ անհավասարությունը կամ կրթության որակի անկումը շարունակվում էր:

Մարդիկ սկսեցին տեղափոխվել գյուղական փոքր բնակավայրերից դեպի խոշոր բնակավայրեր, որ իրենց երեխան էլ, օրինակ, ոչ թե ֆիզիկան 15 րոպեով անցնի, լավագույն դեպքում, եթե ֆիզիկայի ուսուցիչ կա, այլ ամբողջական դասաժամով, տարեկիցներ ու ընկերներ ունենա, սոցիալական միջավայր ձևավորի։ Էս անհավասարությունը ձևավորած, էս ծրագրերով կրթական համակարգը ավիրած քաղաքական ուժը այսօր եկել, համարձակվում է կրթական համակարգի անունը տալ։ Անամոթությունն էլ պետք է սահման ունենա, թե՞ չէ։

Ի դեպ, կրթության զարգացման նույն ծրագրով նախատեսել էին ուսուցիչների որակավորման բարձրացում և ատեստավորում, որն իհարկե չիրականացվեց իրենց օրոք և որի դեմ նույնպես խրոխտ պայքարում են հիմա։

Ի դեպ, դպրոցների օպտիմալացման գործընթացի ջատագով էր նաև հանրապետական կուսակցությունը, երբ բառացիորեն 2017թ. օգոստոսի 24-ին, կառավարության հերթական նիստում որոշումներ ընդունվեցին միանգամից 15 դպրոցների (6-ը` Երևանում, 9-ը՝ մարզերում)՝ վերակազմակերպման մասին: Սեպտեմբերից ընդամենը մեկ շաբաթ առաջ։ Ի հակասություն մինչ այդ հրապարակային ելույթներում հռչակված սկզբունքների, վերակազմակերպված դպրոցների շարքում կային գյուղական բնակավայրերում գործող դպրոցներ: Հասարակական կազմակերպություններն էլ իրենց զեկույցներում գրում էին, որ մարդիկ անակնկալի գալով չեն հասցրել սեպտեմբերից մեկ շաբաթ առաջ նույնիսկ պատշաճ ուսումնասիրել և իրենց երեխաների կրթության ապահովման հարցերին արձագանքել, իսկ ուսումնասիրված վեց դեպքից երեքում, ըստ շահառուների գնահատման, իրավահաջորդ դպրոցի շենքային և գույքային պայմաններն ավելի վատն էին, քան՝ փաստացի փակված դպրոցի համանման պայմանները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031