Իրանի Իսլամական Հանրապետությունը հույս ունի, որ տարածաշրջանում ԱՄՆ–ի ներկայությունը ժողովուրդների միջև վատատեսության և խզման պատճառ չի դառնա։
Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Խալիլ Շիրղոլամին` մեկնաբանելով TRIPP նախագծի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները։
«Մեր դիրքորոշումը ԹՐԻՓՓ նախաձեռնության վերաբերյալ շատ հստակ է, և որևէ անորոշություն չկա։ Մենք դրական ենք վերաբերում և ողջունում ենք ապաշրջափակման գործընթացները, հաղորդակցության և տարանցման ոլորտում ՀՀ և այլ երկրների պոտենցիալի իրացումը։ Իրանը ևս պատրաստ է մաս կազմել այդ գործընթացին, բայց մյուս կողմից մենք արտահայտել ենք ԱՄՆ–ի թշնամական տրամադրվածության վերաբերյալ մեր մտահոգությունը»,– նշեց Շիրղոլամին։
Նա ընդգծեց` Իրանը որևէ կասկած չունի, որ ԱՄՆ–ն այս տարածաշրջանի ժողովուրդների բարին չի կամենում, ուստի իրենց մտահոգությունն Իրանի հարևանությամբ ԱՄՆ–ի ցանկացած ներկայության վերաբերյալ հիմնվում է իրատեսական մոտեցման վրա։
Կարդացեք նաև
Դեսպանը շեշտեց, որ Իրանը նույնիսկ նվազագույն վստահություն չունի ԱՄՆ–ի նկատմամբ։


















































