«Շնորհավորում եմ մեր զինվորներին, շնորհավորում եմ մեր ազատամարտիկներին, շնորհավորում եմ այն մարդկանց, ովքեր հայրենիքի համար ինչ-որ մի բան արել են, մի լումա ունեն դրած։ Չեմ շնորհավորում պետական այրերին, որովհետեւ չկա նման պետական այր, որ ինքը արժանանա շնորհավորանքի»,-Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում լրատվամիջոցների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Դ.Օ.Կ. կուսակցության ընտրացուցակում ընդգրկված՝ «Համահայկական ճակատ» կուսակցության խորհրդի նախագահ, զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը։
Անդրադառնալով նրան, որ իշխանության ներկայացուցիչներից ոչ մեկն այդ պահի դրությամբ չի այցելել հուշահամալիր հարգանքի տուրք մատուցելու, այլ բավարարվել են ընդամենը մի քանի ծաղկեպսակ ուղարկելով՝ նա ասաց. «Դրա համար մենք իրենց չենք շնորհավորում։ Երկրորդ՝ այս իշխանությունը Առաջին Հանրապետության օրվա՝ Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի պատերազմների հետ բացարձակապես կապ չունի, քանի որ իրենք իրենց բերանով են ասում չէ՞, որ Պատմական Հայաստան չկա, կա Հայաստան, որը Արցախը հանձնելուց հետո սուվերեն պետություն է դարձել ու այսպիսի բարբաջանքներ են ասում։
Սկզբունքորեն, շատ լավ են արել, որ չեն եկել ու այս օրով պղծել այս հուշահամալիրը։ Կարող էին նաեւ ծաղկեպսակ էլ չուղարկել, այդ ծաղկեպսակները տանեին, դնեին իրենց բակերում»։
Հարցին, որ 2026 թվականի մայիսի 28-ին առաջին անգամ է ռազմական շքերթ անցկացվում Հանրապետության հրապարակում, այս առումով ի՞նչ է կարծում, երբ որ մի քանի օրից արդեն ընտրություններ պիտի լինեն, Արսեն Վարդանյանը պատասխանեց.«Ութ տարվա կառավարման ընթացքում ոչ մի շքերթ չիրականացրեցին։ Եկան, հասան այս ընտրությունների նախաշեմին ու հիմա ուզում են ցույց տալ, թե ինչ-որ տեխնիկա են բերել։ Գերագույն գլխավոր հրամանատարը, որ 44-օրյա պատերազմում ասում էր, որ չկասկածեն իր հրամանատարության վրա, ուզում է հիմա իրեն զգալ այդ հրամանատարը։ Ժողովրդին խաբելով, թիթիզ բաներ անելով ուզում են ժողովրդից քվե ստանալ։
Կարդացեք նաև
Մեր զինվորներն են ափսոս, որ հրամանի տակ են եւ չեն կարող ըմբոստանալ, չմասնակցել նման պետական արարողությունների։ Նա արժանի չի, որ իր առջեւով զգաստ անցնի զորքը, արժանի չի նա, որ իրեն փառաբանեն։ Չեմ ուզում իր մասին շատ խոսել։ Կներեք»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































