Այսօր Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով հարցաքննվող մեղադրյալներից Տիգրան Ղազարյանը մի քանի անգամ պնդեց, որ հրդեհի պահին Եղիշե Հակոբյանը կացարանում չի եղել:
Ըստ Ղազարյանի՝ դեպքի օրը Եղիշեն անձամբ իրեն է ասել, որ եղել է ոչ սթափ վիճակում, չի ջոկել՝ ինչ է կատարվում, ու երբ կրակը կպել է, ինքը թողել, փախել է կացարանից, իսկ երբ վերադարձել է՝ բանը բանից արդեն անցած է եղել:
Ղազարյանը նաեւ ասաց՝ չի տեսել ինչով են բացել կացարանի ճաղավանդակները, որ զինվորներ են դուրս բերել: Հարց հնչեց՝ բա եթե ճաղավանդակները, ինչպես Եղիշե Հակոբյանն ու Լեւոն Խառատյանն են ասում, լոմով ծռելով բացել են, զինվորներին դուրս հանել, բա այդ ճաղերը հրդեհից տաքացած չէի՞ն լինի, բա այդ դեպքում զինվորները չէին այրվի՞, ինչպե՞ս է եղել, լոմ որտեղից է այդ տարածքում եղել, հարցաքննվող Ղազարյանն այս հարցերին ի պատասխան միայն ասաց՝ այդ հարցերի պատասխանն ինքն էլ է փորձել գտնել ու պատասխան չունի, միայն գիտի՝ լոմով ճաղեր ծռելու համար ահռելի ուժ էր հարկավոր:
Կարդացեք նաև
Ղազարյանը նաեւ ասաց, որ Եղիշե Հակոբյանը հրդեհի բռնկման դեպքում միանգամից պետք է տագնապ ազդարարեր, պետք է կազմակերպեր անձնակազմի տարհանումը, բայց չի արել:
Տուժողների ներկայացուցիչ Նորիկ Նորիկյանը Ղազարյանից հետաքրքրվեց՝ ինչով է բացատրում, որ ողջ մնացած որեւէ զինվորի կողմից տագնապ չի տրվել: Ի պատասխան՝ Ղազարյանն ասաց. «Միայն տագնապը չի է, բա մեզ զանգահարելը: Ինչու չեն զանգահարել մեզ, երբ հրդեհ է եղել, զանգել են տեւական ժամանակ անց: Այս ամենը բացատրում եմ նրանով, որ տեւական ժամանակահատված կրակը մնացել է անվերահսկելի, տեսել են՝ բանը բանից անցած է եղել, նոր մեզ զանգել են: Ստորաբաժանումը քնած էր, պիտի գոռային տագնապ, ասեին՝ «պաժառ» է երեխեք, վեր կացեք»:
Ղազարյանը նաեւ ասաց, որ Եղիշե Հակոբյանի հետ առերեսում են պահանջել քննիչից, որովհետեւ իրենց պատմածների մեջ էական հակասություններ կային, սակայն քննիչը այդպես էլ չի կազմակերպել առերեսում:
Զոհված զինվորներից մեկի հայրը Ղազարյանից հետաքրքրվեց՝ դիվերսիայի վարկածին ոնց է վերաբերում՝ հաշվի առնելով, որ դեպքի ժամանակացույցին համընկել էր մոլորված ադրբեջանցու հայտնվելը: Ղազարյանը պատմեց, որ մոլորված ադրբեջանցի զինծառայողին ինքն անձամբ է իջեցրել ներքեւ, բայց հավանական չի համարում դիվերսիան, որովհետեւ մինչեւ իրենց զորամաս, կացարան հասնելը, հնարավոր դիվերսանտները շատ ճանապարհ պիտի անցնեին ու չէին կարող այդպես աննկատ իրենց հասնել:
Հիշեցնենք, որ Տիգրան Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա զբաղեցնելով ՀՀ ՊՆ 75937 զորամասի ինժեներական ծառայության պետի պաշտոնը, պատասխանատու լինելով իրեն վստահված ստորաբաժանման նյութական ապահովման համար, պարտավոր լինելով հսկողություն սահմանել հակահրդեհային պահանջների կատարման նկատմամբ, հետևել հրդեհային անվտանգության կանոնների պահպանմանը՝ չի կատարել իր պարտականությունները:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ





















































