Գյումրու նախկին «Տեքստիլագործների ակումբում» «Ազգային-ժողովրդավարական բևեռի» քարոզարշավի ժամանակ հարց ուղղվեց Կանադայում Հայաստանի նախկին դեսպան Արա Պապյանին 300 հազար ադրբեջանցիների՝ Հայաստանի տարածքում վերաբնակեցման մասին։
Նա նախ պարզաբանեց, թե 300 հազար թիվը որտեղից է, երբ Ալիևը անցած տարի հուլիսի 5-ին իր ճառի մեջ խոսում էր 100 հազար ադրբեջանցիների մասին։
Նա վկայակոչեց ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթը, որի մեջ հստակ նշված է 300 հազար, այսինքն նրանց, ում իբրև թե արտաքսել, բռնագաղթի են ենթարկել Հայաստանից ու պետք է վերադառնան արժանապատիվ կերպով։
Արա Պապյանն ասաց, որ փաստաթուղթը հայերեն թարգմանած՝ տեղադրված է իր ֆեյսբուքյան էջում։ Խոսքը Փախստականների հարցերով ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատարի (UNHCR) Գործադիր կոմիտեի 74-րդ նստաշրջանում (2023 թ. հոկտեմբերի 9–13) Ադրբեջանի Հանրապետության Փախստականների և ներքին տեղահանվածների հարցերով պետական կոմիտեի նախագահի տեղակալ Ֆուադ Հուսեյնովի պաշտոնական հայտարարության մասին է, որտեղ, ըստ Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշման, ադրբեջանցի «փախստականների վերադարձի հարցը» պետք է լինի «խաղաղության համաձայնագրի անբաժանելի մասը»։
Կարդացեք նաև
Այնտեղ նշված է․ «Ներքին տեղահանված անձանց և փախստականների նկատմամբ արդարության վերականգնումը տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության ամուր հիմք է։ Անհրաժեշտ է նաև պաշտպանել Հայաստանից բռնի կերպով իրենց նախնիների հայրենիքից արտաքսված 300 000 ադրբեջանցի փախստականների՝ անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքը, և այդ հարցը պետք է կազմի ցանկացած տևական խաղաղության համաձայնագրի անբաժանելի մասը»։
Արա Պապյանն ասաց, որ սա միակ փաստաթուղթը չէ, առնվազն 6-7 լինք կա, որով կարող են մտնել ու կարդալ՝ սկսած Ադրբեջանի խորհրդարանից մինչև միջազգային կառույցները շրջանառված փաստաթղթերը։
«Անցած տարի հունիսի 21-22-ին Ստամբուլում կայացած Իսլամական պետությունների համագործակցության կազմակերպության համաժողովից հետո ընդունված եզրափակիչ փաստաթղթի 26-րդ հոդվածն է , որտեղ հստակորեն նախ մեղադրվում է Հայաստանը իսլամական մշակույթը յուրացնելու և ոչնչացնելու մեջ։
Այդտեղ միայն ադրբեջանցիների վերադարձը չէ, մեղադրանք կա և նշվում է՝ հարյուր հազարավոր ադրբեջանցիների, հետաքրքիր է ոչ թե Հայաստան վերադարձի մասին, այլ Հայաստանի տարածք վերադարձի մասին։ Դիվանագիտության մեջ բառերը շատ կարևոր են, իրենք անգամ Հայաստանը որպես պետություն էլ չեն ճանաչում, որ Նիկոլն ասում՝ ճանաչել են մեր սահմանները, ինչո՞վ են ճանաչել։
Չեն գրում վերադարձ Հայաստան, այլ Հայաստանի տարածք վերադարձ, այնտեղ պետություն կլինի, թե չի լինի, դա էական չէ։ Այս իշխանությունները խաբում են ժողովրդին, որովհետև իրականությունը շատ դառն է, բայց գիտեք քաղաքական գործիչը քաղաքական բժիշկ է, այսինքն՝ դու պիտի ախտորոշես և բուժումը ասես՝ ինչպես պետք է լինի։
Դու չես կարող հիվանդությունն անտեսես այն հույսով, որ եթե դու ոչինչ չանես, ինքնըստինքյան կբուժվի, չի բուժվի, եթե ծանր հիվանդ է, մեր երկիրը ծանր հիվանդ է, մենք բոլորս պետք է ամեն ինչ անենք, որ բուժվի»,-ասաց Արա Պապյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































