Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ-ը 956 400 եվրո չհայտարարագրված կանխիկ դրամական միջոցի տեղափոխման դեպքեր է բացահայտել

Հունիս 03,2026 13:04 Share

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն, հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, լայնածավալ միջոցառումներ է իրականացնում ՀՀ պետական սահմանով կանխիկ դրամական միջոցների անօրինական տեղափոխման դեպքերի հայտնաբերման ուղղությամբ:

Օրերս ՊԵԿ Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության ուղևորների մաքսային սպասարկման և հսկողության «Զվարթնոց և Էրեբունի» բաժնի  աշխատակիցները մաքսային հսկողության ընթացքում հայտնաբերել են խոշոր չափի չհայտարարագրված կանխիկ արտարժույթ` ընդհանուր 956 400 եվրո կանխիկ դրամական միջոց։

Այսպես, Դորտմունդ–Երևան չվերթի ուղեբեռների նախնական ռենտգեն տեսազննության ժամանակ մաքսային ծառայողները կասկածներ են ունեցել որոշ ուղեբեռների վերաբերյալ։ Ուղևորներից երկուսին, որոնք ինքնուրույն ընտրել էին երկուղի համակարգի «Կանաչ ուղի» ընթացակարգը, «Կանաչ ուղի» ելքի գիծը հատելուց հետո, մաքսային ծառայողներն ուղեկցել են մաքսային հսկողության «Կարմիր ուղի» գոտի, որտեղ ենթարկվել են  մաքսային տեսազննման։ Արդյունքում ՀՀ քաղաքացի Մ․Ն-ին  պատկանող ուղեբեռներում հայտնաբերվել են առանց համապատասխան մաքսային հայտարարագրման Հայաստան տեղափոխված ընդհանուր 578 050 եվրո կանխիկ դրամական միջոց։

Նույն գործողությունների շրջանակում զննության է ենթարկվել նաև Նիդերլանդների Թագավորության քաղաքացի Ս․Ն.-ի ուղեբեռը։ Վերջինիս ուղեբեռում ևս հայտնաբերվել է առանց համապատասխան մաքսային հայտարարագրման, օդային ճանապարհով Հայաստան տեղափոխված  378 350 եվրո կանխիկ դրամական միջոց։

Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության, ինչպես նաև Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները համատեղ կազմել են համապատասխան արձանագրություններ: Այժմ իրականացվում են օրենքով նախատեսված հետագա գործողություններ։

Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է  սահմանը հատող անձանց նախապես ծանոթանալ գործող մաքսային կանոններին և կատարել օրենքով սահմանված պարտավորությունները՝ ապահովելով մաքսային գործընթացների օրինական և թափանցիկ իրականացումը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930