«Լրտեսներ են դրանք։ Սա քաղաքական գնահատական չէ։ ԲՀԿ երկրորդ համարն այսօր մեղադրվում է հայրենիքի դավաճանության համար, որովհետև օտարերկրյա գործակալ է։ Ինքն է օտարերկրյա գործակալ, իրեն էդ ցուցակում դնողն էլ, որովհետև օտարերկրյա հանձնարարությամբ է այդ մարդուն մտցրել այդ ցուցակ։ Ինքն իմացել է՝ ինչ է անում, որովհետև իր հանցագործ տղան փախած է ՀՀ արդարադատությունից, մի հատ էլ մեզ ասում է՝ ի՞նչ քարտեզ են կպցնում, փոխանակ ծովից ծով Հայաստանի քարտեզը կպցնեք։ Ո՞ւմ կյանքի գնով ես ուզում ծովից ծով Հայաստանի քարտեզ կպցնես»,- Նորատուսում իր ելույթում կրկին անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին՝ հայտարարեց ՔՊ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
Նկատի ունենալով Գագիկ Ծառուկյանին՝ ասաց․ «Ինքը գիտի՝ ոչ ինքը, ոչ իր ընտանիքի որևէ անդամ, ոչ իր որևէ զավակ ՀՀ պաշտպանության համար մի կրակոց չի արձակել, բայց արձակել է բազմաթիվ կրակոցներ Աբովյանում, Երևանում, Առինջում։ Նրանց նպատակն է հետ գալ իշխանության և վերականգնել ՀՀ ներսում կրակելու՝ իրենց իրավունքը։ Այդ իրավունքն այլևս չեն ունենալու, թող չերազեն այդ մասին։ Երազելու են ՀՀ-ից փախչելու հնարավորության մասին, բայց չեն ունենալու, քանի որ նրանց սպասում է ազատ, ժողովրդավար, ինքնիշխան Հայաստանի քրեակատարողական հիմնարկը»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































