ԲՀԿ-ն այսօր նախընտրական քարոզարշավ է իրականացնում Էջմիածնում։ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ԲՀԿ ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թեւանյանի կալանավորման որոշմանը։
«Մարդը 8 տարի մարդկանց խաբելով, սուտ ասելով՝ ոչ մի բան չի փոխվել իրական կյանքում՝ այս եմ անելու, այն եմ անելու, Ղարաբաղը Հայաստան է, եկել եմ Ղարաբաղը փրկելու, ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ։ Հիմա նույնը, որ Թեւանյանի համար ասացին, ես՝ որպես Ծառուկյան, ասացի՝ եթե իմ գործընկերը դավաճան է, շպիոն է, ես իմ ձեռքով գնդակահարեմ իրեն, որովհետեւ շպիոնին պիտի կտոր-կտոր անես»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը Գագիկ Ծառուկյանին «ճ կլասի լրտես» էր անվանել։ Ի պատասխան Ծառուկյանն ասաց․ «Իմ մասով էլ ասաց՝ ճ կլասի շպիոն, ասացի՝ եթե որեւէ մեկն ապացուցի, ես պատրաստ եմ հրապարակում կանգնել, որ ինձ մահապատժի արժանացնեն, թուղթն էլ գրեմ իմ համաձայնությամբ։ Բայց եթե ոչ, չեմ ասում՝ գնդակահարեն, թող այդ մարդը գա, իր խոդով մտնի առյուծի բույնն ու դուրս գա, այն էլ՝ որձ առյուծի։ Թող գա մտնի որձ առյուծի մոտ, իր պատիժը դա պետք է լինի»։
Նիկոլ Փաշինյանն այսօր Գյումրիում նախընտրական հանդիպման ժամանակ ասել է, որ մինչեւ 2031 թվականը Ծառուկյանի առանձնատունը պետք է խլեն նրանից Ի պատասխան Գագիկ Ծառուկյաննն ասաց․ «Ավելի լավ բան առաջարկեմ մեր վարչապետին, որ կառավարության այդ առանձնատունը՝ դաչան, ավելի լավ է նվիրենք պատերազմում վիրավորում ստացած տղաներին, հերոսներին, որոնք ապաքինման կարիք ունեն։ Ինչ էլ պետք է, սարքավորումները ես իմ կողմից կկազմակերպեմ, նրանք արժանի են։ Ու մի բան էլ եմ ուզում ասեմ վարչապետին՝ եթե այսօր Ծառուկյանն ասում է՝ իմ կլասը բարձր է, իմ բարձունքից չեմ իջնի, դա հիմնավոր է։ Ինքն ամեն օր վիրավորում է իմ տղաներին, ես իմ բարձունքից չեմ իջնում, ինձ թույլ չեմ տալիս իր ընտանիք մտնեմ, որեւիցե բառ ասեմ իր երեխեքին, իր ընտանիքին։ Սա է բարձունքը, ընտանիք մտնելը ճիշտ բան չէ, բան ունի ասելու, թող ասի»։
Կարդացեք նաև
Այնուհետեւ Ծառուկյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը խաբում է ժողովրդին։
«Ինքը խաբում է, ժողովուրդ, ասում է՝ «արեւմտյան Ադրբեջան» չկա։ Ասել եմ՝ Ալիեւի 2025 թվականի դեկտեմբերի 5-ի ելույթը բացեք, որ ինքը «վերականգնելու է արեւմտյան Ադրբեջանը»։ Մի բան էլ ասեմ վարչապետին եւ իր թիմին՝ հունիսի 18-19-ը Նախիջեւանում կայանալու է «արեւմտյան Ադրբեջանի» վերականգնման խնդրով քննարկում, որ նա 300 հազար ադրբեջանցի պետք է բերի, Հայաստանում բնակեցնի։ Ասում է՝ մարդիկ ասում են, դոշին քարտեզ է կպցնում, կարո՞ղ է ծովից ծով Հայաստանի քարտեզ կպցնի։ Պարոն վարչապետ, այն հպարտությամբ ես գնում, ոնց որ հաղթել ես, գրավել ես, տարածքներ ես ավելացրել։ Մասնատել ես, այսօր հլա անկլավ ենք տալու, այս ենք տալու, այն ենք տալու։ Հերիք է խաբես, այսօր 120 հազար մարդ անտուն է։ Ամեն պահի վարչապետի ոտքի տակից հողը գնում է, նա չի տիրապետում, չի կարա ոչ մի լավ բան անի։ Ասում է՝ խաղաղություն եմ բերել, սաղ ադրբեջանցիները բարձունքների վրա նստած են՝ սպասելիքով, որ 300 հազար ադրբեջանցի պետք է գա Հայաստան։ Դա խաղաղություն չէ, այդպիսի բան չկա։ Չգիտեմ՝ վաղն ինչ է ասելու։ Ինքն իր միսիան ավարտել է, միայն դատարկ խոսքեր է ասում»,- նշեց նա։
Ծառուկյանը դիմեց նաեւ քաղաքացիներին․ «Հիմա ձեզ տրվում է ընտրություն, ժողովուրդ ջան, պետք է ընտրենք կամ եկեղեցին կառուցողին, կամ եկեղեցի քանդողին։ Կամ երկիրը կառուցող-շենացնողին, կամ երկիրը քանդող-ավերողին»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































