Լիցենզիան աջակցում է ընկերության ընդլայնվող ներկայությանը Հայաստանում, քանի որ տարածաշրջանը ձևավորվում է որպես առաջադեմ կիսահաղորդչային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն
ԵՐԵՎԱՆ, Հայաստան, 4-ը հունիսի, 2026 թ. — Microchip Technology-ի (Nasdaq: MCHP) հայաստանյան գրասենյակը ստացել է ԱՄՆ Առևտրի նախարարության Արդյունաբերության և անվտանգության բյուրոյի (BIS) հաստատումը արտահանման լիցենզիայի համար, որը թույլատրում է օգտագործել առաջադեմ տեխնոլոգիաներ՝ 3E001 Արտահանման վերահսկողության դասակարգման համարի (ECCN) ներքո, ինչպես նաև համապատասխան բարձր արտադրողականությամբ սարքավորումներ՝ ECCN 3A001.a.7.b դասակարգման ներքո: Նման թույլտվությունը պահանջում է, որ ընկերությունները դրսևորեն ԱՄՆ արտահանման կանոնակարգերի խիստ համապատասխանություն, ներառյալ թույլատրելի վերջնական օգտագործման հստակ սահմանումը, զգայուն տեխնոլոգիաների վերահսկվող հասանելիությունը և համապատասխանության ներքին հուսալի մեխանիզմները։ Լիցենզիան հնարավորություն է տալիս Microchip-ին ապահով և պատասխանատու կերպով զարգացնել առաջադեմ կիսահաղորդչային տեխնոլոգիաներ Հայաստանում՝ միջազգային կարգավորող շրջանակի սահմաններում։
«Լինելով Հայաստանում միջազգային կիսահաղորդչային ընկերություններից միակը, որը ստացել է BIS-ի կողմից տրված տեղական լիցենզիա, այս հաստատումը ընդգծում է մեր հանձնառությունը բարձրարժեք կիսահաղորդչային նորարարությանը՝ արդյունավետ համաշխարհային գործունեության միջոցով, և ամրապնդում է մեր աջակցությունը տարածաշրջանի արագ զարգացող տեխնոլոգիական էկոհամակարգին», – նշել է FPGA բիզնես ստորաբաժանման փոխնախագահ Շաքիլ Պիրան։ «Լիցենզիան հնարավորություն է տալիս մեր հայաստանյան ինժեներական թիմին մասնակցել առաջադեմ FPGA տեխնոլոգիաների մշակմանը՝ միաժամանակ պահպանելով վերահսկվող ինժեներական աշխատանքի համար պահանջվող խիստ համապատասխանության չափանիշները»։
ECCN 3E001 -ի դասակարգմանը վերաբերող նշանակումը կիրառվում է որոշ վերահսկվող տեխնոլոգիաների նկատմամբ, որոնք առնչվում են առաջադեմ էլեկտրոնիկայի և FPGA համակարգերի զարգացմանը։ Գործնականում այս թույլտվությունը հնարավորություն է տալիս Հայաստանում գործող աշխատակիցներին ստանալ հասանելիություն և աշխատել որոշակի վերահսկվող տեխնոլոգիաների հետ՝ լիազորված հետազոտական և զարգացման ծրագրերի շրջանակում՝ համաձայն ԱՄՆ արտահանման վերահսկողության կանոնակարգերի, Microchip-ի ներքին համապատասխանության գործընթացների, տեխնոլոգիական վերահսկողության ընթացակարգերի, վերապատրաստման պահանջների և հասանելիության սահմանափակումների։
Կարդացեք նաև
«Սա կարևոր նախադեպ է և նշանակալի քայլ՝ Հայաստանի դիրքը համաշխարհային կիսահաղորդչային մատակարարման շղթայում ամրապնդելու ուղղությամբ։ Արտահանման լիցենզիայի հաստատումը նվազեցնում է խոչընդոտները՝ աջակցելով հայ ինժեներական տաղանդի ավելի լայն ներգրավմանը առաջադեմ չիպերի նախագծման, ամբողջական բարդ նախագծերի մշակման և վավերացման գործընթացներում։ Այն բացում է նոր հնարավորություններ նորարարության և համագործակցության համար այնպիսի գործընկերների հետ, ինչպիսին է Microchip Armenia-ն», – նշեց Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ «Այս ձեռքբերումը հանդիսանում է 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ստորագրված Արհեստական բանականության և կիսահաղորդիչների վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի, բարձրաստիճան պաշտոնյաների հետ հետագա համաձայնագրերի, ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Արտաքին գործերի նախարարության շարունակական համակարգման, ինչպես նաև արդյունավետ պետական-մասնավոր գործընկերության շոշափելի արդյունքը։ Այն ևս մեկ անգամ ամրապնդում է Հայաստանի դերը՝ որպես բարձր տեխնոլոգիաների զարգացման ձևավորվող կենտրոն»։
Microchip-ի FPGA պորտֆոլիոն ներառում է ցածր էներգասպառմամբ և բարձր արտադրողականությամբ PolarFire® FPGA և SoC համակարգերի ընտանիքը, ինչպես նաև այլ ծրագրավորվող տրամաբանական լուծումներ, որոնք նախատեսված են արդյունաբերական, հաղորդակցման, ավտոարդյունաբերական, ԱԲ/ՄՈՒ, օդատիեզերական և պաշտպանական, ինչպես նաև ներկառուցված հաշվարկային կիրառությունների համար։ Հայաստանյան գրասենյակի ընդլայնված հնարավորությունները FPGA տեխնոլոգիաների զարգացման աջակցման ոլորտում վերահաստատում են Microchip-ի հանձնառությունը գլոբալ ինժեներական համագործակցությանը և նորարարական կիսահաղորդչային զարգացմանն ուղղված ներդրումներին։
Ընկերության ներկայությունը Հայաստանում ձևավորվել է 2023 թվականին՝ Instigate Holding-ի դուստր ընկերություն հանդիսացող Instigate Semiconductor-ի ձեռքբերմամբ։ Այդ ժամանակից ի վեր ընկերության տեղական աշխատակազմն աճել է 43 տոկոսով, իսկ գրասենյակները գործում են երկրի չորս հիմնական քաղաքներում՝ Երևանում, Գյումրիում, Վանաձորում և Իջևանում՝ կենտրոնանալով սարքային և ծրագրային ապահովման մշակման, կիրառական ինժեներիայի և հաճախորդների աջակցության վրա՝ Microchip-ի FPGA բիզնես ստորաբաժանման շրջանակում։
Մամուլի հաղորդագրություն


















































