Լրահոս
Օրվա լրահոսը

«Չորսոտանի վարազի և եղնիկի համար է, վախենալու կարիք չկա»․ Մովսես Շարբաթյան

Հունիս 04,2026 18:09 Share

«Մոտ 15 տարի հանդիսանում եմ ՀՀ որսորդ-միության անդամ։ Չեմ կարող փաստաթուղթ ներկայացնել, որովհետև խուզարկության ժամանակ շատ խելացի Քննչական կոմիտեն ամբողջը հանում, դնում է մահճակալի վրա՝ ննջարանում, բայց նաև շփոթմունք է, երևի, իրենց մոտ լինում, որսորդական գրքույկը և զենքի թույլտվությունը հետը նկարում են և տարածում են համացանցում։ Ինչ վերաբերում է վառոդին, երևի վախեցել են դրանից, որովհետև հետևի մասում վարազ և եղնիկ է նկարված։ Հավաստիացնում եմ, որ չորսոտանի վարազի և եղնիկի համար է, վախենալու կարիք չկա»,- «18 արդարների» գործով նիստում այսօր հայտարարեց գործով մեղադրյալ Մովսես Շարբաթյանը։

«18 արդարների» գործով դատարանն այսօր անցավ հիմնական դատալսումների փուլին։ Հետազոտվում են գրավոր ապացույցները։

Մեղադրողն իբրև ապացույց ներկայացրեց փորձաքննության արդյունքները, ըստ որոնց՝ Մովսես Շարբաթյանի տանը հայտնաբերվել է նյութ, որն անծուխ վառոդ է։

Մանրամասները՝ տեսանյութում

Պաշտպանները միջնորդեցին փորձաքննությունն իրականացրած փորձագետներին հրավիրել դատարան՝ որոշակի հարցեր ուղղելու համար։ Պաշտպան Էդուարդ Հովհաննիսյանը նկատեց՝ փորձում են ուղղությունը տանել այնպես, որ ահաբեկչության համար էր․ «Է՜, գլիցերին-մարգանցովկայով էլ է հնարավոր ահաբեկչություն անել»։

Ռուբեն Մելիքյանը տարակուսեց՝ ակնհայտ մակնշման առկայության պարագայում ինչո՞ւ հնարավոր չի եղել պարզել՝ գործարանայի՞ն է տվյալ նյութը, թե՞ ոչ։

Հովհաննես Խուդոյանն էլ հավելեց՝ գործի նյութերում չկա որևէ ձայնագրություն, ուսումնասիրություն, որ այդ առարկան, որն օրինական հիմունքներով գտնվում էր իր տանը, կարող էր ինչ-որ կերպ օգտագործվել։ Այս ամենն, ըստ նրա, վարույթ իրականացնող մարմնի կողմից հանրությանը մոլորեցնելու միջոց է։

Մանրամասները՝ տեսանյութում

Դատարանը որոշեց հաջորդիվ փորձագետներին հրավիրել հարցաքննության։

Հաջորդ ապացույցը վերաբերում էր Արսեն Ղազարյանին, որի տնից փամփուշտ և պարկուճ է հայտնաբերվել։ Հովհաննես Խուդոյանը նկատեց՝ նրան անօրինական զենք-զինամթերք պահելու մեղադրանք չի առաջադրվել, հետևաբար, դրանք օրինական են։ Միակ բանը, իր կարծիքով, որ կարող է առնչություն ունենալ այս ապացույցի հետ՝ «երկու հոգու գյուլլելու» պատմությունն է, որն ապացուցել են՝ կտրած-կպցրած էր և շինծու։

Արսեն Ղազարյանի խոսքից հետո Իգոր Սարգսյանը դիտարկում հայտնեց․ «Հարգարժան որսորդը սուտ է ասում, մի սեզոնի ընթացքում 500 անգամ չի կարող որսի գնալ, ես դա որպես բնապահպան եմ ասում։ Եթե ապօրինի որս ես արել՝ պատասխան կտաս»։

Դահլիճում ծիծաղ պայթեց։

 

Հաջորդ ապացույցը վերաբերում էր գործով մեղադրյալ Արման Իսրայելյանի տնից հայտնաբերված զենքին։ Պարզվեց՝ վերջինս տարիներ առաջ այդ զենքը ստացել է պետության կողմից՝ որպես պարգևատրում։

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ։

Դատարանը բավարարեց նաեւ պաշտպանների միջնորդությունը, որ գործով մեղադրյալները, որոնք տնային կալանքի տակ են գտնվում, հունիսի 7-ին ընտրություններին քվեարկելու հնարավորություն ունենան։ Ժամանակ է տրամադրվել ժամը 12․00-14․00-ն, բացառությունների դեպքում մինչեւ 15․00-ն։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930