Լրահոս
Տանը նստել չլինի
Օրվա լրահոսը

Ոչ կարող են մեղադրական դատավճիռ կայացնել, ոչ էլ` արդարացման դատավճիռ

Հունիս 05,2026 12:30 Share

«Հայաքվե» նախաձեռնության համակարգող, հանրային-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանն անհատական դիմումով դիմել էր Սահմանադրական դատարան: Դատարանը վերջերս կայացրել է իր ՍԴԴԿՈ-45 որոշումը, որի վերաբերյալ կարծես որոշ մանրամասներ դուրս մնացին՝ ընտրական գործընթացների լրահոսքով հավանաբար պայմանավորված։

Թիվ ԵԴ/1174/01/22 քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունեցող Ա. Չալաբյանը հայտնել էր. «Քրեական դատավարության օրենսգրքի 370-րդ հոդվածի 2-րդ մասի, նույն հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետի, 371-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի եւ 373-րդ հոդվածի 1-ին մասի՝ 105-րդ հոդվածի 3 1-ի մասի եւ 9-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաեւ 365-րդ հոդվածի 1-ին մասի, 369-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերի հետ համակարգային կապի մեջ իրավակիրառ պրակտիկայում հաղորդված այնպիսի հակասահմանադրական մեկնաբանության պայմաններում մեղադրանքի փաստական կողմի որեւէ էական հանգամանք «առանց որեւէ ողջամիտ (հիմնավոր) կասկածի» սահմանադրաիրավական չափորոշիչով հաստատված չհամարելու դեպքում վերաքննիչ դատարանի կողմից մեղադրական դատավճիռը բեկանելու եւ արդարացման դատական ակտ կայացնելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու համար պահանջվում է ոչ թե միայն մեղադրանքի ապացուցվածության բացակայության եւ չփարատված կասկածի արձանագրում, այլ նաեւ՝ արդարացման դատավճիռը կամ քրեական հետապնդման դադարեցումը հիմնավորող ապացույցների առանձին «բավարար համակցություն»։ Նույն այս հակասահմանադրական մեկնաբանության պայմաններում թույլատրելի է համարվում մեղադրանքի ապացուցվածության «բացերը» դատարանի կողմից սեփական նախաձեռնությամբ լրացնելը (կամ լրացնելու համար՝ գործը ստորադաս դատարան նոր քննության ուղարկելը)»: Դիմողի գնահատմամբ, դրա արդյունքում վիճարկվող նորմերի կիրառմամբ խախտվել են իր՝ Սահմանադրության 61-րդ, 63-րդ, 66-րդ եւ 68-րդ հոդվածներով երաշխավորված հիմնական իրավունքները։

Դիմողը նաեւ նշել էր, որ «Հակառակ մեկնաբանության պայմաններում չփարատված կասկածը ոչ թե մեկնաբանվում է հօգուտ դիմողի, այլ պահպանվում է որպես նույն մեղադրանքը հետագայում լրացնելու, ապացուցողական բացերը հաղթահարելու կամ ձախողված մեղադրանքը վերակենդանացնելու դատավարական հիմք»։ Այսինքն, նույն ապացույցների համակցությունը մի կողմից բավարար չի մեղադրական դատավճիռ կայացնելու համար, իսկ մյուս կողմից՝ բավարար չի համարվում նաեւ արդարացման դատավճիռ կայացնելու համար եւ այդ «ապացուցողական բացը» լրացնելու համար գործը ուղարկվում է ստորադաս դատարան նոր քննության»:

Նա դիմել է վերաքննիչ դատարան, սակայն վերաքննիչ բողոքը, որը ներկայացվել էր իր` մեղադրյալի իրավական վիճակը բարելավելու եւ արդարացման դատական ակտ ստանալու նպատակով, վերածվել է նրա դիրքի վատթարացման դատավարական գործիքակազմի՝ հակասության մեջ մտնելով Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորված արդյունավետ դատական պաշտպանության իրավունքից բխող սկզբունքի պահանջների հետ: Ու ստացվում է մի իրավիճակ, երբ վիճարկվող մեկնաբանության կիրառման պայմաններում վերաքննիչ դատարանը կորցնում է իր անաչառ եւ անկողմնակալ դիրքը՝ ներգրավվելով մեղադրանքի ապացուցողական բացերը լրացնելու գործընթացում. «Վերաքննիչ դատարանը վերանայող ատյանից վերածվում է գործն ըստ էության քննող դատական ատյանի՝ ինկվիզիցիոն դատավարությանը խիստ բնորոշ որոշակի դատավարական գործառույթներով։ Միաժամանակ այդպիսի մեկնաբանությունը խնդրահարույց է Սահմանադրության 68-րդ հոդվածով նախատեսված՝ նույն արարքի համար կրկին դատվելու արգելքի հիմնական իրավունքի տեսանկյունից, քանի որ Առաջին ատյանի դատարանում մեղադրանքի պաշտպանության գործառույթի ամբողջ ծավալով իրացվելու եւ արդյունքում մեղադրանքի չապացուցվածության պայմաններում քրեական հետապնդման եզրափակման փոխարեն նույն անձը նույն փաստական հանգամանքներով շարունակաբար ենթարկվում է կրկնակի քրեական հետապնդման»:

Հիշեցնեմ, որ Ավետիք Չալաբյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքում եւ դատապարտվել ազատության սահմանափակման 2 տարի 6 ամիս ժամկետով, դատարանը նրան արգելել էր կազմակերպել հավաքներ, մասնակցել հավաքների եւ այլ հանրային միջոցառումների: Վերաքննիչ դատարանը 2024 թ. սեպտեմբերի 11-ին պաշտպան Վարազդատ Հարությունյանի վերաքննիչ բողոքը բավարարել էր մասնակիորեն: Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2023 թ. դեկտեմբերի 21-ի դատավճիռը բեկանել եւ գործն ուղարկել էր նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:

Հավանաբար, հենց դա նկատի ուներ Սահմանադրական դատարանի դատական կազմը, որը մերժելով Չալաբյանի անհատական դիմումը, փաստեց, որ սույն անհատական դիմումի եւ թիվ ԵԴ/1174/01/22 քրեական գործով կայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ դիմողը չի իրացրել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցներն սպառելու սահմանադրական պահանջը: Վճռաբեկ դատարանին ուղարկած բողքում պաշտպանական կողմը գրել էր. «Վճռաբեկ դատարանի կողմից վիճարկվող նորմերին տրված այս մեկնաբանությամբ փաստացի ընդլայնվում է վերաքննիչ դատարանի դատավարական գործառույթի շրջանակը. վերաքննիչ դատարանին վերագրվում է ոչ միայն առաջին ատյանի դատարանի դատական ակտի օրինականության եւ հիմնավորվածության ստուգման (վերանայման) գործառույթ՝ վերաքննության շրջանակներում, այլ նաեւ՝ «գործի հանգամանքների բացահայտման, լրիվ, օբյեկտիվ քննություն ապահովելու» խնդիր (այդպիսով իսկ՝ նախորդ քննության բացերը լրացնելու խնդիր)»։ Արդյունքում՝ խնդրո առարկա քրեական գործի շրջանակներում վիճարկվող դրույթներին հաղորդված նման մեկնաբանությունը «հակասում է Սահմանադրության 66-րդ հոդվածով երաշխավորված անմեղության կանխավարկածին, քանի որ վիճարկվող մեկնաբանության տրամաբանությամբ չփարատված կասկածները չեն մեկնաբանվում հօգուտ մեղադրյալի, այլ պահպանվում են որպես մեղադրանքի հետագա ապացուցման (լրացման) հիմք։ Այն հակասում է նաեւ Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորված արդյունավետ դատական պաշտպանության եւ Սահմանադրության 63-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքին»:

Վճռաբեկ դատարանն էլ 2025 թ. դեկտեմբերի 8-ին որոշել է. Ա. Չալաբյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թ. սեպտեմբերի 11-ի որոշումը բեկանել եւ վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության։ Հերթական նիստը նշանակվել էր 2026 թվականի մայիսի 26-ին:

Հետեւաբար, ըստ ՍԴ դատական կազմի` տվյալ գործով դեռեւս շարունակվում է գործի քննությունը, դիմողն էլ չի սպառել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.06.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930