«Տպավորություն» նախագիծն արդեն իրականություն է։ Նախագծի նպատակն էր քաղցկեղով հիվանդ երեխաներին հնարավորություն տալ արտ-թերապիայի միջոցով արտահայտել իրենց զգացողություններն ու ներաշխարհը։

Նախագծին մասնակցել են City of Smile Foundation բարեգործական հիմնադրամի շահառու երեխաները, իսկ դասն անցկացրել են Ծիլ Բուսաց ներդաշնակ զարգացման մանկապատանեկան կենտրոնի մասնագետները՝ մանկական հոգեբանը, երաժշտագետը և արտ-թերապիայի մասնագետը։ Դասընթացի ընթացքում փոքրիկները զրուցել են մասնագետների հետ, լսել դասական երաժշտություն, իսկ այնուհետև՝ ստացած վառ տպավորություններն ու էմոցիաները գույների միջոցով փոխանցել թղթին։

Հենց այդ նկարներն են դարձել «Պաննո» արվեստի տանը կայացած ցուցահանդեսի մասը։
Ներկայացված ստեղծագործություններն առանձնանում էին իրենց էներգետիկայով և կոմպոզիցիոն լուծումներով: Գունային պոռթկումները կարծես ուրախության և անսահման էներգիայի ապացույց լինեն՝ հիշեցնելով մանկական երևակայության անկաշկանդ թռիչքը: Մի նկարում էլ ներքին լարվածությունն է տիրում, հույզերի պայքարը և, հնարավոր է, տագնապի ուժեղ պոռթկումը, որը փորձում է ճեղքել մթությունը:
Նշենք, որ նախագիծն իրականացրել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Արվեստի կառավարման բաժնի 1-ին կուրսի ուսանողուհի Սոֆի Մելիքսեթյանը (կուրսի ղեկավար՝ Արտաշես Բաբայան)։
Լ. Մ.


















































