Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ «խուժանություն» է տեղի ունեցել ընտրություններում և ինչո՞ւ էր Գագիկ Ծառուկյանը փորձում լքել Հայաստանը

Հունիս 09,2026 22:30 Share

«Խուժանություն է տեղի ունեցել, և այդ խուժանության ծավալները դեռ պետք է հասկանալ»,- հայտարարեց «Առավոտի» «Այլ օրակարգ» ծրագրի հյուրը՝ «Առաջարկ Հայաստանին» թիմի անդամ, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արման Աբովյանը։

Նա առայժմ ձեռնպահ է մնում կտրուկ հայտարարություններից, քանի որ ԸԸՀ-ներում դեռ վերահաշվարկ է ընթանում, բայց տարակուսած է, երբ արդյունքների ամփոփման մի պահ ԲՀԿ-ն ուներ անցողիկ շեմը, հետո սկսեց «նահանջել»՝ 0,001 տոկոսով․ «Ո՞վ եք դուք, որ ձեզ իրավունք եք վերապահում ՀՀ քաղաքացու քվեն գողանալ»։

Արման Աբովյանի խոսքը ԿԸՀ-ին ուղղված չէ, այլ քաղաքական իշխանությանը։ Ինչ վերաբերում է ԿԸՀ-ին՝ նկատում է, որ համենայնդեպս հանրային դաշտում փորձում են լոյալություն պահել։

«Մենք մանդատակռիվ չենք անում, մենք հայտարարել ենք ու վերահաստատում եմ, որ գնալու ենք մեր ընտրողների յուրաքանչյուր ձայնի, քվեի հետևից»,- երեկ ասուլիսում նման հայտարարություն արեց Արման Աբովյանը։ Հետաքրքրվեցինք՝ ո՞նց եք գնալու, ո՞ւր եք գնալու, գնալու եք ԿԸՀ նախագահի՝ Վահագն Հովակիմյանի տուն՝ ասեք՝ տվե՞ք մեր ձայները։

«Չէ, Վահագն Հովակիմյանի տուն գնալ պետք չի։ Գոյություն ունի իրավական գործընթաց․ երբ բերում են արձանագրություն, որտեղ տեսնում են քո թիվն այսինչն է, բայց այդ թիվը չի համապատասխանում իրական քվեաթերթիկների թվին, երբ բացվում են քվեատուփերը և քվեաթերթիկները վերահաշվարկվում են։ Ընտրատարածքներից մեկում ԲՀԿ-ի 77 վավեր ձայները ֆիզիկապես կային, բայց արձանագրության մեջ մեկ ձայն էր գրված։ Չեմ ուզում խախտել անմեղության կանխավարկածը, բայց տարօրինակ է։ Ու սա հատվածային գործընթաց չէ։ Այս 1,5 օրվա ընթացքում տրաքեց՝ «Ուժեղ Հայաստանը», «Հայաստանը», ԲՀԿ-ն հայտարարեցին․․․ Մեկ այլ ընտրատարածքում 23 ձայն ունեինք, արձանագրությունում 1-ն էր գրված»,- ասաց մեր զրուցակիցը։

Հարցին՝ խնդիր ունենք հանձնաժողովներում ընդդիմության ներկայացուցիչների, ընդդիմադիր ուժերի վստահված անձանց հետ, Արման Աբովյանը պատասխանեց․ «Չգիտեմ։ Հիմա զերծ կմնամ որևէ բան ասել, որ դա չվնասի գործընթացին»։

Եթե վերահաշվարկի արդյունքում ԲՀԿ-ն հաղթահարի անցողիկ շեմը և որոշակի թվով մանդատներ ստանաք՝ ձեզ բավարարվա՞ծ կզգաք, հարցին էլ պատասխանեց․ «Ոչ»։

Իսկ թե ի՞նչ քայլեր են նախատեսվում արդյունքում, միասնական ընդդիմության «պլան Բ»-ն ո՞րն է, կվերցնե՞ն ընդդիմադիրները մանդատները, կամ առհասարակ միասնական է արդյոք ընդդիմությունը և ինչո՞ւ է Գագիկ Ծառուկյանն այսօր փորձել հեռանալ Հայաստանից՝ տեսանյութում։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930