Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչ վերաբերում է առողջական վիճակով պայմանավորված խափանման միջոցի փոփոխությանը, ես հույս ունեմ՝ բանը դրան չի հասնի, եւ Արթուր Օսիպյանը դուրս կգա հացադուլից»

Հունիս 10,2026 12:44 Share

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ահազանգին, որ արցախցի գործիչ Արթուր Օսիպյանը քրեակատարողական հիմնարկում անմարդկային պայմաններում է պահվում, նրա խուցն անմխիթար վիճակում է։

«Դուք հարցադրում չարեցիք, պնդում արեցիք, որ կոնկրետ անձը պահվում է ինչ-որ անմխիթար պայմաններում։ Մեր քրեակատարողական հիմնարկների պայմաններն այնպիսին են, ինչպիսին են, բայց մենք շարունակաբար դրանք բարելավում ենք։ Արթուր Օսիպյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն, ես ամեն օր օպերատիվ կարգով տեղեկություններ եմ ստանում նրա առողջական վիճակի մասին։ Նաեւ հենց երեկ նրան այցելել է մեր աշխատակիցը կենտրոնական մասից եւ նրան նաեւ առաջարկվել է հաղորդում ներկայացնել հանցագործության մասին այն իրողությունների հետ կապված, որոնք իր կարծիքով առկա են եւ իր կարծիքով հանցավոր են։ Եվ այդ կապը քննչական մարմինների հետ ապահովվել է մեր կողմից։ Այսինքն՝ մենք ամեն ինչ արել ենք, որ անձի բոլոր իրավունքները, այդ թվում՝ հացադուլի իրավունքը պատշաճ ապահովվի։ Նրան տրամադրվում է իրեն հասանելիք զբոսանքը, տեսակցությունները հարազատների հետ։ Եվ ոչ մի միտում չպետք է փնտրել դեպի ավելի վատ վերաբերմունք կոնկրետ անձի նկատմամբ, որովհետեւ դա չի կարող լինել»,- ասաց Գալյանը։

Հարցին, թե Արթուր Օսիպյանի առողջական վիճակը կարո՞ղ է պատճառ լինել, որ նրա խափանման միջոցը փոխվի, Գալյանը պատասխանեց․ «Չգիտեմ՝ ինչո՞ւ է կոնկրետ խափանման միջոցն ընտրվել, որովհետեւ չեմ կարող իմանալ եւ չպետք է իմանամ, իմ պաշտոնն ուղղակի արգելում է։ Իսկ ինչ վերաբերում է առողջական վիճակով պայմանավորված խափանման միջոցի փոփոխությանը, ապա ես հույս ունեմ՝ բանը դրան չի հասնի, եւ անձը դուրս կգա հացադուլից, իր բարձրաձայնած խնդիրները, եթե դրանք իրականում խնդիր են, կստանան լուծում։ Ամեն դեպքում վարույթ իրականացնող մարմիններն ինչ որոշում կայացնեն, մենք դա ենք իրականացնելու։ Կարելի է ասել՝ բոլորի դեպքում էլ մեր պարագայում խիստ ցանկալի է, որ խափանման միջոցը փոխվի»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930