Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շեհբազ Շարիֆը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ:
Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Պակիստանի ժողովրդի և Կառավարության, ինչպես նաև իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ վերջերս կայացած Հայաստանի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի առիթով։
Ձեր վերընտրությունն արտացոլում է Հայաստանի Հանրապետության ժողովրդի հավատն ու վստահությունը Ձեր առաջնորդության և խաղաղ ու առաջադեմ ազգի տեսլականի նկատմամբ։
Ակնկալում եմ Ձերդ Գերազանցության հետ համագործակցելուն՝ Պակիստան-Հայաստան հարաբերություններն ամրապնդելու համար, և ցանկանում եմ ընդգծել, որ Պակիստանը մեծ նշանակություն է տալիս խաղաղությանը և կառուցողական համագործակցությանն Ադրբեջանի և Հայաստանի միջև։
Կարդացեք նաև
Մենք հույս ունենք, որ Ձեր նոր պաշտոնավարումը կնպաստի Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, տնտեսական զարգացման առաջխաղացմանը։
Մաղթում եմ Ձեզ շարունակական առողջություն, բարեկեցություն, ինչպես նաև առաջընթաց և բարգավաճում Հայաստանի բարեկամ ժողովրդին։ Խնդրում եմ, Ձերդ Գերազանցություն, ընդունեք իմ խորին հարգանքների հավաստիքը»։
Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Յիրուն Քլիքը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի՛ վարչապետ Փաշինյան, ցանկանում եմ ջերմորեն շնորհավորել Ձեզ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում Ձեր հաղթանակի առիթով։
Կրկին ստացած այս մանդատը արտացոլում է Ձեր առաջնորդության նկատմամբ Հայաստանի ժողովրդի վստահությունը։ Միջազգային անորոշության և տարածաշրջանային մարտահրավերների ժամանակաշրջանում Հայաստանի շարունակական հանձնառությունը երկխոսությանը, կայունությանը և խաղաղ հարաբերություններին առանձնահատուկ նշանակություն ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ ավելի լայն տարածաշրջանի համար։
Ցանկանում եմ Ձեզ վստահեցնել Արժույթի միջազգային հիմնադրամի շարունակական հանձնառության մեջ՝ Հայաստանի իշխանությունների հետ սերտ և երկարատև համագործակցության առումով։ Ձեր առաջնորդությունն արժեքավոր հնարավորություն է տալիս առաջ մղելու քաղաքականության բարեփոխումները, որոնք կբարձրացնեն դիմադրողականությունը, կամրապնդեն մակրոտնտեսական կայունությունը, կխթանեն ներառական և կայուն աճը և կբարելավեն հայ ժողովրդի բարեկեցությունը։
Մենք անհամբեր սպասում ենք Ձեր Կառավարության հետ սերտ գործընկերության շարունակմանը»:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


















































