Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանվել են անապահովության գնահատման նոր համակարգի կիրառման կարգն ու պայմանները

Հունիս 11,2026 18:30 Share

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության գործունեությունը 2025 թվականին ուղղված է եղել սոցիալական պաշտպանության համակարգի շարունակական զարգացմանը, սոցիալական ծառայությունների հասանելիության եւ որակի բարձրացմանը, բնակչության խոցելի խմբերի աջակցության ապահովմանը, ինչպես նաեւ Կառավարության ծրագրով եւ ոլորտային ռազամավարություններով սահմանված առաջնահերթությունների իրականացմանը: Այս մասին ասել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը:

Զեկուցողի խոսքով հաշվետու ժամանակահատվածում նախարարության կողմից իրականացվել է 17 բյուջետային ծրագիր եւ 106 միջոցառում: Նշված ծրագրերի իրականացման համար պետական բյուջեով նախատեսվել էր 905,6 մլրդ դրամ: Տարվա ընթացքում կատարված ճշտումների արդյունքում բյուջեն կազմել է 900,8 մլրդ դրամ, փաստացի ծախսերը՝ 874,1 մլրդ դրամ, կատարողականը ճշտված պլանի նկատմամբ կազմել է 97 տոկոս: Այս ցուցանիշը 2,5 տոկոսով կամ 21,6 մլրդ դրամով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը:

Նախարարն ընդգծել է, որ 2025 թվականին շարունակել է նվազել աղքատության մակարդակը: Ծայրահեղ աղքատության մակարդակը նույն ժամանակահատվածում նվազել է 1,1 տոկոսից 0,6 տոկոս: «Այս դրական միտումը պայմանավորված է վերջին տարիներին Հայաստանում արձանագրված մակրոտնտեսական ցուցանիշների բարելավմամբ, տնտեսական աճով, հասցեական սոցիալական քաղաքականությունների իրականացմամբ»,- նշել է զեկուցողը եւ հավելել, որ 2025 թվականին «Անապահով եւ կյանքի դժվարին իրավիճակում գտնվող սոցիալական խմբերին աջակցության» ծրագրին հատկացվել է շուրջ 21,1 մլրդ դրամ՝ ապահովելով 92 տոկոս կատարողական: Ծրագրի ծախսերը նախորդ տարվա համեմատ նվազել են 12,1 տոկոսվ կամ 2,9 մլրդ դրամով:

Արսեն Թորոսյանի տեղեկացմամբ Կառավարության համապատասխան որոշմամբ սահմանվել են անապահովության գնահատման նոր համակարգի կիրառման կարգն ու պայմանները, եւ մարտի 17-ից համակարգը ներդրվել է Կոտայքի եւ Սյունիքի մարզերում, իսկ 2026 թվականի հուլիսի 1-ից կներդրվի ամբողջ հանրապետությունում:

Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների գծով ծախսերը կազմել են շուրջ 20,6 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 13,3 տոկոսով: 2025 թվականին նպաստ է ստացել 50,584 ընտանիք՝ նախատեսված 50,200-ի եւ 2024 թվականին՝ 67,037 ընտանիքի դիմաց:

«Ժողովրդագրական վիճակի բարելավման» ծրագրին պետբյուջեից հատկացվել է շուրջ 74,3 մլրդ դրամ՝ ապահովելով ծրագրային ցուցանիշի 97,9 տոկոսը: 2025 թվականին մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ է ստացել 60,582 քաղաքացի՝ կանխատեսված՝ 63,550 եւ 2024 թվականի՝ 58,796-ի դիմաց: Ծախսերը կազմել են 28 մլրդ դրամ:

Նախարարը մանրամասն ներկայացրել է նաեւ հաշվետու շրջանում իրականացված այլ ծրագրերը:

Արսեն Թորոսյանը, պատասխանելով պատգամավորների հարցերին, պարզաբանումներ է ներկայացրել աղքատության հաղթահարմանն ուղղված բյուջետային ծախսերի եւ ծրագրերի, անապահովության գնահատման նոր համակարգի, աշխատաշուկայում ներառականության ապահովման վերաբերյալ:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ հունիսի 11-ի համատեղ նիստում շարունակվել են նախորդ տարվա բյուջեի կատարողականի քննարկումները:

 

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930