Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ-ում կամ մեկ բառով հերքում են, կամ խուսափում մեկնաբանել քաղաքական հայացքների համար աշխատակիցների հետապնդումները

Հունիս 12,2026 16:15 Share

Վերջին շրջանում գրեթե անհնար է դարձել ԵՊՀ-ից որևէ հարցի վերաբերյալ մեկնաբանություն ստանալը։ Բուհի մարքեթինգի բաժնի հեռախոսները չեն պատասխանում, ռեկտորի մամուլի քարտուղարը նույնպես անհասանելի է կապի բոլոր միջոցներով։ Ի տարբերություն նախկին տարիների՝ նա չի «նկատում» նաև սոցցանցով ճարահատյալ իրեն ուղարկված հաղորդագրությունները։

Վերջին պատշաճ կերպով տրված մեկնաբանությունը ստացել ենք 2025 թ. հոկտեմբերին՝ իրավաբանական գիտությունների թեկնածու, դասախոս, փաստաբան Սահակ Մանուկյանի վերաբերյալ, որի դասախոսության ժամանակ նրան թաքուն նկարել էր ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Մանավազյանի դուստրը և լուսանկարները փոխանցել ռեկտորատ։

Ըստ մեր տեղեկությունների՝ ԵՊՀ մարքեթինգի բաժինը հրահանգ ունի Սուրեն Պապիկյանի կուսակցական բովանդակությամբ գրառումը կիսող ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանից՝ խուսափել անցանկալի թեմաներով մեկնաբանություններից։

Հերթական անգամ փորձում էինք մեկնաբանություն ստանալ հետևյալ թեմայով՝ արդյոք ԵՊՀ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանին ընդդիմադիր քաղաքական հայացքների պատճառով են ազատել աշխատանքից, կամ արդյոք Անուշ Սեդրակյանի ղեկավարած ամբիոնը նույն պատճառով են լուծարում։

Քանի որ ԵՊՀ մարքեթինգի բաժնի ու մամուլի քարտուղարի որևէ հեռախոսահամար չէր պատասխանում, միակ համարը, որով կարողացանք կապվել ԵՊՀ-ի հետ, գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանի ընդունարանի համարն էր։ Պատշաճ կերպով ներկայացանք, գործավարուհին սկզբում խոստացավ միացնել Ռաֆայել Բարխուդարյանի հետ, սակայն որոշ ժամանակ անց ասաց, որ նա զբաղված է, և հորդորեց կապվել մարքեթինգի բաժնի հետ։ Երբ ասացինք, որ բոլոր զանգերն ու հաղորդագրություններն անպատասխան են մնում, նա խոստացավ անձամբ փոխանցել մամուլի քարտուղար Քնար Միսակյանին, որ կապվի մեզ հետ։ Քիչ անց վերջինս գրեց ֆեյսբուքով։

Նա սկզբում ասաց, որ գրավոր հարցում ուղարկենք։ Բացատրեցինք, որ գրավոր հարցման անհրաժեշտություն չկար, բարդ չէ, որ 5-օրյա ժամկետում պատասխանեն։ Բացի դրանից, Տեղեկատվության ազատության մասին օրենքը նախատեսում է բանավոր հարցման իրավունք, եթե դա համապատասխանում է օրենքին, իսկ դրա մեջ են նաև հանրային կարևորության հարցերը, որոնց պատասխանը պետք է անհապաղ տրամադրվի։ ԵՊՀ մամուլի քարտուղար Քնար Միսակյանը մեր հարցերին մեկ բառով պատասխանեց՝ ոչ։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930