ԵՊՀ Արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Անուշ Սեդրակյանը Aravot.am-ի հետ զրույցում հաստատեց, որ պատրաստվում են լուծարել իր ղեկավարած՝ Արտասահմանյան գրականության ամբիոնը, որը մայր բուհի ամենահին ու կարեւոր ամբիոններից է: Պատճառներից մեկն այն է, որ նա մասնակցել է ընտրություններին՝ «Միասնության թեւեր» կուսակցության ցուցակով:
Հարցրինք՝ արդյոք պատշաճ կարգով իրազեկե՞լ են իրեն, տիկին Սեդրակյանն այսպես արձագանքեց. «Ոչ, չեն իրազեկել, ես զարտուղի ճանապարհներով իմացել եմ, որ հարցն արդեն լուծված է, եւ ԵՊՀ ղեկավարությունը դա հաստատել է factor.am-ին պարզաբանումներ տալով: Ասում են՝ համալսարանում կատարվում են կառուցվածքային խոշորացումներ, փոփոխություններ, եւ պատճառը դա է, բայց իրականում մի շարք ամբիոններ կան, որոնք նույն կարգավիճակում են, ընդհանրապես գիտական պրոդուկտ չեն տալիս՝ ի տարբերություն մեր ամբիոնի, սակայն դրանք չեն լուծարվում: Իսկ ես թիրախավորվում եմ եւ թիրախավորված եմ վաղուց»:
Հարցրինք՝ դա կապվա՞ծ է իր քաղաքական ակտիվության հետ: «Միանշանակ… Իհարկե, ես չեմ ունեցել անձնական հանդիպում, որ ինձ ասեն՝ դադարեցրեք ձեր քաղաքական գործունեությունը, բայց տարբեր ձեւերով, տարբեր անձանց միջոցով, հայկական մեթոդներով հասկացնել են տվել… Իսկ պատշաճ ծանուցելու 2 տարբերակ կար՝ կամ կանչել, տեղեկացնել, կամ գրավոր տեղեկացնել: Համալսարանում բյուրոկրատիայի այն համակարգն է, որ նույնիսկ եթե վաղը, ասենք, 4 տող պետք է հաստատես, դու դա անպայման մուտքագրում ես Moodle համակարգում, տարբեր էլեկտրոնային կայքերում, հիմա այդպիսի արմատական որոշման համար մի՞թե մեկ տող չգտնվեց»,-պատասխանեց Անուշ Սեդրակյանը:
Հարցրինք նաեւ, թե ինչ է պատրաստվում անել: «Ես պատրաստվում եմ քննել այդ հարցի իրավական, իսկ ամենակարեւորը՝ քաղաքակրթական չափանիշների ոտնահարման հարցը, որովհետեւ նախ եւ առաջ ինձ համար սա աշխարհաքաղաքական խնդիր է, որովհետեւ բոլորը խոսում եւ ճչում են, թե ռուսամետ մարդիկ եկել են եւ ուզում են իշխանություն հաստատել, բայց ո՞նց ստացվեց, որ Հայաստանի ամենաարեւմտական, ամենաքաղաքակրթական, արեւմտյան արժեքների կրող մարդը ենթարկվում է նման հետապնդումների: Ինձ համար ամենակարեւորը հիմա դա է՝ ժողովրդավարության ոտնահարումը: Ինձ համար ժողովրդավարությունը եւ օրենքի իշխանությունը բազիսային արժեքներ են, եւ դրանց խախտումը ոնց որ իմ անձնական տարածքի ոտնահարումը լինի»,-ընդգծեց ԵՊՀ Արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Անուշ Սեդրակյանի ֆեյսբուքյան էջից


















































