Ինչո՞ւ են Սյունիքում ՔՊ ընտրել
Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո հարցերից մեկը, որը շատ է հնչում, այն է, թե ինչպե՞ս է ստացվել, որ Սյունիքի սահմանամերձ շատ համայնքներում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ձայների մեծամասնություն է ստացել։ Սա այն պայմաններում, որ հենց ՔՊ իշխանության օրոք են ադրբեջանական թիրախում կամ օկուպացիայի տակ հայտնվել Սյունիքի մի շարք համայնքներ։ Օրինակ՝ Սյունիքի Տեղ խոշորացված համայնքում «Ուժեղ Հայաստան»-ը, «Բարգավաճ Հայաստան»-ն ու «Հայաստան» դաշինքը միասին 563 քվե են ստացել, իսկ ՔՊ-ն՝ 530: Ներքին Հանդում ՔՊ-ն 50 ձայն է ստացել, Իշխանասարում՝ 90 ձայն։
Ներքին Հանդ գյուղում ՔՊ-ն ձայների մեծամասնությունն է ստացել՝ քվեարկությանը մասնակցած 82 անձից 50-ը ձայն են տվել ՔՊ-ին։ Սա այն պայմաններում, երբ Ներքին Հանդի մի մասն օկուպացված է թշնամու կողմից, գյուղը 3 կողմից շրջափակված է ադրբեջանական դիրքերով։ Ներքին Հանդում խմելու ջրի ակունքները, Սբ. Հռիփսիմե եկեղեցին, գերեզմանոցը, այգիները, արոտավայրերը, խոտհարքները եւ վարելահողերը ադրբեջանական օկուպացիայի ներքո են, վերացել է անասնապահությունը։ Ավելի վաղ «Միասնության թեւեր» կուսակցության առաջնորդ Արման Թաթոյանը Սյունիքում փաստահավաք գործունեության արդյունքում պարզել էր, որ Ներքին Հանդում ադրբեջանական օկուպացիայի ներքո է ընդհանուր առմամբ 2 700 հեկտար տարածք։ Բացի դա, Ներքին Հանդում ադրբեջանական զինծառայողները ոչնչացնում են բուսական եւ կենդանական աշխարհը, կառուցում անօրինական ճանապարհներ: Այն, որ ադրբեջանցիները Սյունիքի տարածքում հատում են անտառներ՝ ամրացնելով իրենց դիրքերը, օրերս լրագրողների հետ զրույցում հաստատել էր նաեւ ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանը։
«Առավոտը» Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանից հետաքրքրվեց՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ սահմանամերձ համայքներում զինծառայողներն ու սահմանապահներն են հիմնականում քվեարկել, ոչ թե գյուղացիները։ «Չէ, մեր գյուղում զորք չի քվեարկել, ինչ կա, գյուղացիների քվեարկությունն է»,- ասաց Բաղդասարյանը։
Կարդացեք նաև
Անդրադառնալով գյուղացիների դիրքորոշմանը՝ Խաչատուր Բաղդասարյանը նշեց․ «Ամեն մարդ իր մտածելով է քվեարկել, ինչքանո՞վ է ճիշտ, որ ես ասեմ այդ մասին։ Գյուղացիների համարյա 60 տոկոսից ավելին այնպես է մտածում, որ լավ է լինելու»։
Սիսիանի տարածաշրջանի Իշխանասար գյուղում ՔՊ-ն 90 ձայն է ստացել, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 29, «Հայաստան» դաշինքը՝ 12 ձայն, ԲՀԿ-ն՝ 3։ Իշխանասարի նախկին վարչական ղեկավար Մարատ Պետրոսյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ իր կարծքով՝ Սյունիքում կեղծիք է կիրառվել։ «Ճիշտն ասած՝ ինձ համար էլ են զարմանալի եղել այդ թվերը, այս պահին գյուղում վարչական աշխատող էլ չկա, հետաքրքիր է՝ այդ թվերը որտեղի՞ց։ Ես այն կարծիքին եմ, որ միանշանակ կեղծիք է եղել։ Չգիտեմ՝ ով ոնց է մտածել քվեարկելուց, բայց դե կեղծիք հաստատ եղել է։ Հետեւելով լրատվամիջոցներին՝ ես այդ կարծիքն եմ ձեւավորել»,- ասաց Մարատ Պետրոսյանը։
Տեղ համայնքի ավագանու ընդդիմադիր անդամ Արգամ Հովսեփյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ իր համար անհասկանալի է սյունեցիների քվեարկությունը։ «Երեւի իրենց համար լավ է էլի, մեր հողերը, մեր տարածքները հանձնելը լավ է։ Իմ հայրենիքը Արցախն է, մինչեւ Քուռ-Արաքսն է, իմ հայրենիքը Նախիջեւանն է, Մասիս սարն է։ Եթե այդքանից հետո մարդիկ Արցախը Ղարաբաղ են անվանում, Ղարաբաղն էլ՝ Ադրբեջանի մաս, ես այդ մարդկանց որպես հայ չեմ ճանաչում»,- ասաց Արգամ Հովսեփյանը։
Հարցին՝ միգուցե սյունեցիները հավատում են, որ խաղաղություն է, այդ պատճառո՞վ են ձայն տվել իշխանությանը, Արգամ Հովսեփյանը պատասխանեց․ «Խաղաղություն են ասում, բայց մեր հայրենակիցներն Ադրբեջանի բանտերում տառապում են, դա՞ է խաղաղությունը։ Ադրբեջանցիները մեր հողերն ու տարածքները վայելում են, դա՞ է խաղաղությունը։ Իրենց մոտ է խաղաղություն, որ այսօր մեր գերիներն իրենց մոտ են, բայց մենք մի հատ ադրբեջանցի գերի չունենք, բոլորին հենց այնպես հանձնեց՝ հողերի հետ միասին։ Մեր հայրենակիցները՝ Ռուբեն Վարդանյանը, Արցախի մեր եղբայրները տառապում են Բաքվի բանտերում, դա՞ է խաղաղությունը»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
13.o6.2026


















































