«Լսիր, Նիկոլ Փաշինյան, այս երկրում, եթե կա մի ընտրակեղծարար, դա դու ես։ Եթե կա մի ոչ լեգիտիմ սուբյեկտ, դա դու ես և քո քաղաքական թիմը։ Հետևաբար, ուզես, թե չուզես` այս փաստի հետ հաշվի ես նստելու»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը պետք է ընտրությունների արդյունքում երկու կարևոր փաստի հետ հաշվի նստի, բայց որևէ կերպ չի ուզում դա անել ու համակերպվել․ «Չնայած աննախադեպ, լայնածավալ արտաքին աջակցության կամ տվյալ դեպքում միջամտության, պետական, վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառման և բազմաթիվ անօրինությունների, ՔՊ-ն չկարողացավ ստանալ մեր ժողովրդի ձայների 50 տոկոսը։ Չնայած աննախադեպ բռնաճնշումների, ապօրինությունների, ընտրակեղծիքների, ֆիզիկական և տեղեկատվական ահաբեկչության, ընդդիմությունը՝ առնվազն խորհրդարանական շեմը հաղթահարած ուժերը, կարողացան արձանագրել 500 հազար քվե։ Այս փաստի հետ Փաշինյանը փորձում է չհամակերպվել և հայտարարում, որ ընդդիմության ձայները կեղծված են, և ընդդիմությունը լեգիտիմ չէ»։
Ըստ Իշխան Սաղաթելյանի՝ իշխանության ձեռագիրը նույնն է մնացել․ «Հանձնել Արցախը, ասել՝ նախկիններն են արել, կեղծել ընտրությունները, մեղքը բարդել ընդդիմության վրա։ Այս ամենի իմաստը խուսափելն է պատասխանատվությունից, մեղքը բարդել այլոց վրա։ Ինչո՞ւ է այս պահին սա անում, ինչո՞ւ է sms ուղարկել իր հանցավոր ռեժիմի ոհմակին, որ բոլորը հայտարարեն, որ ընդդիմության ստացած քվեն կեղծված է, և դրանից հետո այն բոլոր հանցագործությունները, բռնաճնշումները, ապօրինությունները ընդդիմության նկատմամբ, ընդդիմադիր քաղաքական ուժերի և դրանց ղեկավարների նկատմամբ, լինեն արդարացված։ Չի ստացվելու, որևէ արդյունքի չեք հասնելու․ ուզեք-չուզեք՝ հաշվի եք նստելու մեր ժողովրդի մեծամասնության կարծիքի հետ, առնվազն մեծամասնությունը ձեզ չի քվեարկել։ Կես միլիոնից ավել մարդ քվեարկել է ընդդիմությանը»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































