Լրահոս
Օրվա լրահոսը

Նարինե Դիլբարյանը՝ վերահաշվարկի և ԿԸՀ որոշման մասին. «Կանխատեսելի էր, որ պետք չէր, որպեսզի ընդդիմադիր երրորդ քաղաքական ուժը մտնի խորհրդարան»

Հունիս 15,2026 20:10 Share

ԵՊՀ դոցենտ, քաղաքական գործիչ Նարինե Դիլբարյանը «Հայելի» ակումբում, խոսելով հունիսի 7-ին կայացած ընտրությունների քվեների վերահաշվարկի արդյունքներով ԿԸՀ-ի կայացրած որոշման մասին, ասաց. «Կիրակին նշանավորվեց այդ նոր արդյունքների հրապարակմամբ։ Բայց դա կանխատեսելի էր։ Այսինքն, պետք չէր, որպեսզի ընդդիմադիր երրորդ քաղաքական ուժը մտնի խորհրդարան։ Դա ի սկզբանե ակնհայտ էր։ Ստիպված էին դիմել վերահաշվարկի, բայց վերաքվեարկության, ինչպես տեսնում ենք, չեն գնում տարօրինակ բացատրությամբ», – ասաց տիկին Դիլբարյանը և ընթերցեց ԿԸՀ-ի հանրայնացրած տոկոսային վերջին տվյալները։

«Եթե մենք ապրեինք խաղաղ Եվրոպայի երկրներում, որտեղ իրոք տասը հազարերորդական տոկոսներով են ընտրություններ կատարվում, ապա մենք պետք է արձանագրեինք, որ ԿԸՀ-ն աշխատում է օրենքի տառին համապատասխան։ Սակայն տեղի ունեցած անգամ վերահաշվարկը, էլ չեմ խոսում դիտորդների՝ ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի, ԱՊՀ դիտորդական առաքելության և հայաստանյան դիտորդական առաքելությունների, ինչպես նաև սովորական ընթացիկ լրահոսին ծանոթ ՀՀ քաղաքացու դիտարկումների մասին, պետք է արձանագրենք, որ տեղի են ունեցել ընտրություններ աննախադեպ ձերբակալությունների, կալանքի և քրեական գործերի հարուցման համապատկերում։ Ընդ որում, այս անգամ գլխավոր դերակատարը Հակակոռուպցիոն կոմիտեն էր», – ասաց քաղաքական գործիչը։

Նարինե Դիլբարյանը հրապարակեց Հակակոռուպցիոն կոմիտեի վերջերս հրապարակած տվյալները, ըստ որոնց՝ նախընտրական և ընտրական շրջաններում նախաձեռնվել է 115 քրեական վարույթ՝ 242 անձի նկատմամբ, և որոնցից միայն 14 քրեական գործն է ավարտվել մեղադրական եզրակացությամբ։ «Եվ բնականաբար չկա դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած որևէ վճիռ։ Այսինքն, քրեական գործերը հարուցվում են, թիրախում հիմնականում «Ուժեղ Հայաստան» կուսակցության շտաբի անդամներ են, պատգամավորության թեկնածուներ, շարքային քաղաքացիներ, «Հայաստան» դաշինքի համակիրներ, պատգամավորության թեկնածուներ, ԲՀԿ պատգամավորության թեկնածուներ ու համակիրներ։ Թեև նշենք, որ ԲՀԿ-ի հանդեպ գործի է դրվել ծանր հրետանին, որովհետև այդ կուսակցության երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի հանդեպ ահազարհուր մեղադրանք են հարուցել պետական դավաճանության գործով։ Այսինքն, ի սկզբանե նկատելի էր նաև այդ տարբերակումը։ Եվ նկատելի էր հնարավոր այս ուղղությունը՝ ամեն կերպ կանխել երրորդ ընդդիմադիր ուժի, տվյալ պարագայում՝ ԲՀԿ-ի, մուտքը ԱԺ՝ թեկուզև նվազագույն շեմով։

Մենք տեսնում ենք, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն իր ճեպազրույցներում կանոնավոր հայտարարում է, որ իրեն ընտրողներն օրգանիկ են, իսկ ընդդիմադիրներին ընտրողները բոլորը 100 տոկոս ընտրակաշառքով են գնացել ընտրության, ընտրել։

Այս ընտրությունները, անկախ իրենց արդյունքներից, ցույց տվեցին, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին այլևս չի գայթակղվում ինչ-որ գումարներով և իրեն տրվող ինչ-որ առավելություններով, այլ ուզում է ընտրել իր գոյաբանական անվտանգ ապագան և այդ ապագան՝ իրական երաշխիքներով», – ասաց տիկին Դիլբարյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930