Հունիսի 14-ին, երբ հրապարակվեց Հայաստանի խորհրդարանի ընտրության վերջնական արդյունքը, ըստ էության վերջնականապես փլատակի վերածվեց Նիկոլ Փաշինյանի իշխանության լեգիտիմությունը:
Իհարկե, այնպես չէ, որ մինչեւ հունիսի 14-ն այդ լեգիտիմությունն անսասան եւ ամբողջական կոնստրուկցիա էր: Ավելին, հիմնարար, խորքային իմաստով՝ լեգիտիմություն, ըստ էության, գոյություն չուներ սկսած թերեւս 2022 թվականից, երբ Նիկոլ Փաշինյանը բացահայտ կերպով մտավ՝ «Արցախը թոկ էր. եւ վերջ» տրամաբանության եւ քաղաքականության դաշտ: Չէ՞ որ Փաշինյանը իր լեգիտիմությունը կառուցել էր նաեւ՝ «Արցախը Հայաստան է, եւ վերջ» հայտնի բղավոցով:
Երբ սկսում ես բղավել հակառակը, եղած լեգիտիմությունը քանդվում է, բայց նորը չի ձեւավորվում ինքնաբերաբար: Փաշինյանը ձեռնամուխ եղավ նորի կառուցման գործին, դրա առանցքում դնելով արդեն Արցախի՝ թոկ լինելու «փիլիսոփայությունը», մատուցելով այն «իրական Հայաստանի» փաթեթով: Պետական ու ազգային ինքնության դեմոնտաժի այն ամբողջ գործընթացը, որ այդ փաթեթի ներքո իրականացնում է Փաշինյանը, միտված էր հենց լեգիտիմության նոր կոնստրուկցիան ձեւավորելուն:
Այդ ընթացքում, «հին», ժամկետանց, գլխիվայր շրջած լեգիտիմության կոնստրուկցիան հիմնահատակ փլուզումից պահողը՝ ընտրական լեգիտիմությունն էր: Քաղաքական ու անգամ արժեհամակարգային առումով «ուղն ու ծուծով» լեգիտիմազրկված Նիկոլ Փաշինյանը իր լեգիտիմության կոնստրուկցիայի հիմնահատակ փլուզումը կամա, թե ակամա կանխում էր՝ 2018 եւ 2021 թվականների արտահերթ ընտրություններում հաղթանակի շնորհիվ:
Կարդացեք նաև
Նրա հույսը կամ ակնկալիքը թերեւս այն էր, որ մինչեւ 2026 թվականի ընտրություն, հնարավոր կլինի էական հաջողություն արձանագրել, այսպես ասած, նոր ինքնության առաջմղման գործում, ինչը թույլ կտա ապահովել նվազագույն խնդիրը՝ 2026-ին ընտրական լեգիտիմության պահպանումը, հետագայում արդեն նոր կոնստրուկցիայի ձեւավորումը շարունակելու համար:
Բայց, ընտրության պրոցեսն ու արդյունքը, ու նաեւ դրա «մատուցման» եւ «փաթեթավորման» ակնհայտ տապալված փորձը ցույց տվեց, որ ոչ միայն չի հաջողվել ստանալ լեգիտիմության նոր կոնստրուկցիայի համար անհրաժեշտ բավարար հիմքը, այլ նաեւ կորսվել է այդ նվազագույնը՝ ընտրական լեգիտիմությունը:
Ստացվում է Հայաստանի համար խիստ վտանգավոր «պարադոքս». խորհրդարանի 2026 թվականի ընտրության պաշտոնական արդյունքը Նիկոլ Փաշինյանի բացարձակ հաղթանակն է, իսկ դե ֆակտո, իրական արդյունքը՝ Նիկոլ Փաշինյանի լեգիտիմության բացարձակ փլուզումը: Այդպիսի հարաբերակցությամբ Հայաստանը արտաքին միջավայրում դառնում է բացարձակ անպաշտպան:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

















































