Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում ավելի քան 668,000 երեխա ենթարկվում է օդի աղտոտվածության ազդեցության. ՅՈՒՆԻՍԵՖ

Հունիս 16,2026 12:07 Share

Ըստ կլիմայի վերաբերյալ նոր զեկույցի` երաշտը, ծայրահեղ շոգն ու ջերմային ալիքները երեխաներին սպառնացող ամենատարածված և ամենավտանգավոր գլոբալ կլիմայական վտանգներն են։

ԵՐԵՎԱՆ, հունիսի 16, 2026 թվական. Աշխարհի երեխաների գրեթե կեսը՝ շուրջ 1.1 միլիարդ երեխա, այսօր ենթարկվում է առնվազն երեք համաժամանակյա կլիմայական վտանգի ազդեցությանը, ինչը վտանգում է նրանց առողջությունը, կրթությունը և անգամ կյանքը։ Այս մասին նշվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի այսօր հրապարակված «Երեխաների կլիմայական ռիսկերի զեկույց – 2026» նոր զեկույցում (Children’s Climate Risk Report 2026)։ Վերջինս նաև նախազգուշացնում է, որ աշխարհում գրեթե յուրաքանչյուր երեխա առերեսվում է առնվազն մեկ կլիմայական վտանգի, մինչդեռ ավելի քան 4 միլիոն երեխա կարող է միաժամանակ ենթարկվել մինչև վեց կլիմայական վտանգի։

«Երեխաների կլիմայական ռիսկերի զեկույց – 2026թ.»-ը հիմնված է վերջին հասանելի տվյալների վրա և քարտեզագրում է այն ութ ամենատարածված վտանգները, որոնց բախվում են երեխաները: Դրանք են՝ ափամերձ ջրհեղեղներ, երաշտներ, ծայրահեղ շոգ, հրդեհներ, ջերմային ալիքներ, գետերի վարարումից առաջացող ջրհեղեղներ, ավազի և փոշու փոթորիկներ, ինչպես նաև արևադարձային փոթորիկներ։ Առաջին անգամ զեկույցը հստակ ցույց է տալիս, թե որտեղ և ինչ ինտենսիվությամբ են բազմաթիվ և փոխկապակցված կլիմայական վտանգները ազդում երեխաների ու նրանց համար կենսական նշանակություն ունեցող սոցիալական ծառայությունների վրա, ինչպես նաև մատնանշում է այն գործնական քայլերը, որոնք կառավարությունները կարող են ձեռնարկել՝ այդ մարտահրավերներն հասցեագրելու համար։

«Ջերմային ալիքները, անտառային հրդեհները, երաշտներն ու ջրհեղեղները շարունակում են խաթարել երեխաների կյանքը», – ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասըլը։ «Այսօր աշխարհի երեխաների կեսն ապրում է առնվազն երեք համաժամանակյա կլիմայական վտանգի պայմաններում, որոնք ազդում են նրանց առօրյա կյանքի վրա»։

Զեկույցի համաձայն՝ կլիմայական վտանգների ամենատարածված համադրությունը երաշտն է, ծայրահեղ շոգը և ջերմային ալիքները։ Ավելի քան 296 միլիոն երեխա ապրում է այնպիսի վայրերում, որտեղ այս երեք վտանգները միաժամանակ առկա են։

Երկրորդ ամենատարածված համադրությունը՝ երաշտը, ծայրահեղ շոգը և արևադարձային փոթորիկները, վտանգի տակ է դնում ավելի քան 115 միլիոն երեխայի ամբողջ աշխարհում։ Կլիմայական փոփոխությունների հետևանքներից ամենաշատ տուժած Աֆրիկայի Սահել տարածաշրջանում ավելի քան 4 միլիոն երեխա միաժամանակ բախվում է ջերմային ալիքների, ծայրահեղ շոգի և ավազի ու փոշու փոթորիկների ազդեցության։ Իսկ Ասիայի մի շարք երկրներում, այդ թվում՝ Բանգլադեշում, Մյանմայում և Պակիստանում, երեխաները միաժամանակ ենթարկվում են ավելի մեծ թվով կլիմայական ռիսկերի և ավելի բարձր ինտենսիվությամբ, քան աշխարհի որևէ այլ վայրում։

Բարձր եկամուտ ունեցող երկրները նույնպես պաշտպանված չեն համաժամանակյա կլիմայական ցնցումներից։ Օրինակ՝ Իտալիայում ավելի քան 6 միլիոն երեխա ենթարկվում է երկարատև ջերմային ալիքների և երաշտի ազդեցությանը։ Միևնույն ժամանակ Իտալիայի փորձը ցույց է տալիս, որ կլիմայի փոփոխությանը հարմարվելու ուղղությամբ ներդրումները կարող են նվազեցնել երեխաների առջև ծառացած որոշ ռիսկեր, թեև կլիմայական ճգնաժամի խորացման պայմաններում անհրաժեշտ են ավելի վճռական գործողություններ։

Բացի ութ ամենահաճախ հանդիպող կլիմայական վտանգներից զեկույցը գնահատում է նաև երեխաների առնչությունը օդի աղտոտվածությանը և մալարիային՝ երկու ռիսկ, որոնք հատկապես զգայուն են կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ։ Տվյալները ցույց են տալիս, որ օդի աղտոտվածությունը ազդում է գրեթե բոլոր երեխաների վրա ամբողջ աշխարհում, մինչդեռ 1 միլիարդ երեխա ենթարկվում է մալարիայի վտանգին՝ հավելյալ ռիսկ ստեղծելով այն երեխաների համար, որոնք արդեն իսկ բախվում են բազմաթիվ կլիմայական վտանգների։

Զեկույցը անդրադառնում է երեխաների առջև ծառացած ռիսկերը վերլուծելու մեթոդաբանությանը, որը հաշվի է առնում կլիմայական վտանգների ազդեցությունը, դրանց առնչվելու հավանականությունը, ինչպես նաև երեխաների խոցելիության աստիճանը՝ հաշվի առնելով առողջապահական, կրթական, ջրամատակարարման և այլ կենսական ծառայությունների հասանելիությունը։

Զեկույցը նախազգուշացնում է, որ եթե անհապաղ քայլեր չձեռնարկվեն ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնելու ուղղությամբ, կլիմայական վտանգներն ավելի հաճախակի և ավելի ուժգին կդառնան՝ մեծացնելով ճնշումը պետական համակարգերի և բյուջեների վրա և վտանգելով երեխաների բարեկեցությունը։

Երեխայի իրավունքները կլիմայական սպառնալիքներից պաշտպանելու և շրջակա միջավայրի փոփոխություններին հարմարվելու նպատակով ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում կառավարություններին, գործարար շրջանակներին և մյուս գործընկերներին՝

Նվազեցնել արտանետումները և ձեռնարկել հավակնոտ քայլեր՝ ստանձնած միջազգային պարտավորությունները կյանքի կոչելու ուղղությամբ՝ առաջնորդվելով արդիական գիտահեն ապացույցներով: Սա ներառում է հանածո վառելիքից արագ և փուլային հրաժարումը, ինչպես նաև արդար անցումը դեպի վերականգնվող էներգիայի աղբյուրներ։
Պաշտպանել երեխաներին ներառական կլիմայական հարմարվողականության, աղետների ռիսկի նվազեցման և կորուստներին ու վնասներին արձագանքման միջոցով՝ առաջնահերթություն տալով սոցիալական ծառայությունների դիմակայունությանը։ Անհրաժեշտ է ապահովել, որ երեխաների և նրանց համար կենսական նշանակություն ունեցող ծառայությունները ներառվեն ազգային հարմարվողականության ծրագրերում, ոլորտային ռազմավարություններում, աղետների ռիսկի կառավարման, պատրաստվածության և արձագանքման ծրագրերում։ Սա ենթադրում է, օրինակ, անվտանգ և կանաչ կրթական միջավայրերի ստեղծում, կլիմայական ազդեցությունների նկատմամբ դիմակայուն առողջապահական ծառայությունների զարգացում, երեխաների պարենային անվտանգության ապահովում, բազմավտանգ վաղ նախազգուշացման համակարգերի ներդրում, որոնք արդյունավետ կպաշտպանեն երեխաներին և հասանելի կդարձնեն նրանց համար կենսական նշանակություն ունեցող ծառայությունները, ինչպես նաև ջրամատակարարման, սանիտարահիգիենիկ ծառայությունների և սոցիալական պաշտպանության համակարգերի ամրապնդում։
Ընդլայնել երեխաների և երիտասարդների բովանդակային մասնակցությունը կլիմայական որոշումներում և գործողություններում՝ ներդրումներ կատարելով կլիմայական կրթության, գիտելիքի և հմտությունների զարգացման մեջ, ինչպես նաև ամրապնդելով որոշում կայացնողների և մասնագետների կարողությունները՝ հարգելու երեխաների՝ լսված լինելու, կարծիք արտահայտելու և իրենց կյանքին առնչվող որոշումներին մասնակցելու իրավունքները։

«Երեխաների կլիմայական ռիսկերի զեկույց – 2026 թ.» գնահատում է այն ութ ամենատարածված վտանգները, որոնց ենթարկվում են երեխաները, այն է՝ ափամերձ ջրհեղեղներ, երաշտներ, ծայրահեղ շոգ, հրդեհներ, ջերմային ալիքներ, գետերի վարարումից առաջացող ջրհեղեղներ, ավազի և փոշու փոթորիկներ, ինչպես նաև արևադարձային փոթորիկներ։ Զեկույցում դիտարկվում են նաև կլիմայի փոփոխության նկատմամբ զգայուն երկու լրացուցիչ ռիսկեր՝ օդի աղտոտվածությունը և փոխանցողներով պայմանավորված հիվանդությունները։ Միաժամանակ, հաշվի են առնվում երեխաների խոցելիության յոթ հիմնական չափորոշիչներ՝ ջուր, սանիտարահիգիենիկ պայմաններ, սնուցում, երեխայի պաշտպանություն, առողջապահություն, կրթություն, աղքատություն և կյանքի պահպանում։

Իրավիճակը Հայաստանում՝

Ավելի քան 580,000 երեխա ենթարկվում է կլիմայական առնվազն երկու վտանգի ազդեցության, իսկ շուրջ 30,000 երեխա՝ կլիմայական առնվազն երեք վտանգի։

Ավելի քան 650,000 երեխա ենթարկվում է օդերևութաբանական երաշտի, ավելի քան 375,000-ը՝ գյուղատնտեսական երաշտի, 460,000-ը՝ հաճախակի ջերմային ալիքների, իսկ շուրջ 20,000-ը՝ գետերի վարարումից առաջացող ջրհեղեղների ազդեցության։

Ավելի քան 668,000 երեխա ենթարկվում է օդի աղտոտվածության ազդեցության։

Արդեն 33 տարի ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, կրթված և խնամված: Հիմնվելով 80-ամյա միջազգային փորձի և Հայաստանում ավելի քան երեք տասնամյակի ընթացքում գրանցված ձեռքբերումների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է բարելավելու ամենախոցելի երեխաների կյանքը:

Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:

ՅՈՒՆԻՍԵՖ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930