«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կարծիքը 2026 թվականի մայիսի 20-ին շրջանառության մեջ դրված «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի վերաբերյալ.
Գտնում ենք, որ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանց վարելու իրավունքը որակավորման քննությունները հանձնելուց հետո վերականգնելու գործող օրենսդրական կարգավորումները միտված են հենց ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում պետության ինչպես ներպետական օրենսդրությամբ, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած մարդու իրավունքների ապահովմանը, և դրանց վերանայումը կարող է անմիջական սպառնալիք դառնալ երթևեկության մասնակիցների կյանքի և առողջության, քաղաքացիների, հասարակության իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանը՝ ի խախտումն մարդու իրավունքների պարտավորությունների:
Անհրաժեշտ ենք համարում հատկապես ընդգծել, որ հիշյալ նախագծերի ընդունման գործընթացում շտապողականությունը, և մինչև նախագծերի հանրային քննարկումների ավարտը դրանք արդեն իսկ Կառավարության կողմից ընդունելը խախտում են լավ կառավարման և իրավաստեղծ գործընթացին հասարակության մասնակցության իրավունքի, դրա թափանցիկության և հաշվետվողականության ապահովման սկզբունքները, ինչն անընդունելի է:


















































