Լրահոս
Օրվա լրահոսը

TRIPP-ը՝ խաղաղության ուղի՞, թե՞ նոր աշխարհաքաղաքական ճակատ

Հունիս 17,2026 12:00 Share

«Թրամփի ուղուց» դեպի տարածաշրջանային վերափոխում

Հարավկովկասյան նոր աշխարհաքաղաքական նախագի՞ծ, թե՞ նոր դիմակայությունների մեկնարկ

Մեր տարածաշրջանը մտել է նոր աշխարհաքաղաքական փուլ։ Եթե նախորդ տասնամյակներում հիմնական քննարկումները վերաբերում էին հակամարտություններին, սահմաններին եւ անվտանգության խնդիրներին, ապա այսօր օրակարգային են՝ հաղորդակցությունները, լոգիստիկան, առեւտրային միջանցքները եւ տնտեսական ինտեգրացիայի նախագծերը։ Այս առումով TRIPP-ը՝ «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարեկեցության» նախագիծն առանձնահատուկ նշանակություն է ստացել, եւ այն աստիճանաբար վերածվում է ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական եւ ռազմավարական նախաձեռնության։ Բայց այստեղ պակաս կարեւոր չեն՝ Հայաստանի տարածքային ամբողջության, եւ առհասարակ, անվտագային հարցերը, որը իշխանությունները պարտավոր են ապահովել։

Պատահական չէ, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Սենատում կազմակերպված լսումների ընթացքում TRIPP-ը բնութագրեց որպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնության առանցքային բաղադրիչներից մեկը։ Նրա խոսքով՝ նախագիծն ունի Հայաստանի ռազմավարական դիրքը արմատապես փոխելու ներուժ եւ կարող է երկիրը վերածել տարածաշրջանային առեւտրի կենտրոնական հանգույցի։

TRIPP նախագիծը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի խարիսխն է, ասել էր ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հավելելով, որ այն ավելին է, քան «պարզապես խարիսխ», այն ունի հեղափոխական բնույթ։ «Այժմ մենք շատ ակտիվորեն ներգրավված ենք այս աշխատանքում, մենք բառացիորեն ստորագրել ենք համաձայնագիր, եւ սա թույլ կտա ամերիկյան ընկերություններին ներդրումներ կատարել մասնավոր հատվածի, ամերիկյան շահերի, ինչպես Ադրբեջանի, Հայաստանի եւ տարածաշրջանային այլ երկրների շահերի համար», ասել էր նա։

Ռուբիոն շեշտեց, որ այն կարող է զգալիորեն փոխել Հայաստանի տնտեսությունը, իսկ հիմնական շահառուն լինելու է հայ ժողովուրդը։

ԱՄՆ պետքարտուղարի հայտարարության մեջ առավել ուշագրավ հատվածը վերաբերում էր ոչ թե տնտեսական գործոնին, այլ՝ աշխարհաքաղաքականությանը։ Նա բացահայտ հայտարարեց, որ Ռուսաստանը դժգոհ է Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ խորացող համագործակցությունից եւ նույնիսկ ակնարկեց, որ կան փաստեր, որոնք վկայում են Հայաստանի գործող իշխանությունների նկատմամբ Մոսկվայի բացասական վերաբերմունքի մասին՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ակտիվացման պատճառով։

Այս ձեւակերպումը փաստացի հաստատում է այն, ինչի մասին տարբեր փորձագիտական շրջանակներում խոսվում էր ամիսներ շարունակ․ TRIPP-ը միայն տնտեսական նախագիծ չէ։ Այն նաեւ Հարավային Կովկասում ազդեցության նոր համակարգ ձեւավորելու նախաձեռնություն է, որտեղ ԱՄՆ-ը ձգտում է դառնալ ոչ միայն քաղաքական միջնորդ, այլեւ՝ տնտեսական եւ ենթակառուցվածքային գործընթացների անմիջական մասնակից։

Հենց այս համատեքստում պետք է դիտարկել Ռուբիոյի այն հայտարարությունը, որ Վաշինգտոնը չի ձգտում վերահսկել գործընթացը կամ ստեղծել ամերիկյան տնտեսական մենաշնորհ։ Ընդհակառակը, նրա խոսքով՝ ամերիկյան ընկերությունները ցանկանում են աշխատել հայկական ընկերությունների հետ՝ ձեւավորելով փոխշահավետ համագործակցություն։ Վաշինգտոնն այդ ծրագիրը փորձում է ներկայացնել որպես տարածաշրջանային զարգացման եւ փոխկապակցվածության գործիք։

TRIPP-ի փաստաթղթային փուլից դեպի գործնական նախագծում

Թեեւ նախագիծը լայն քաղաքական արձագանք է ստացել, իրականացման առումով այն դեռեւս գտնվում է նախնական փուլում։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի խոսքով՝ գործընթացը դեռեւս փաստաթղթային փուլում է։ Նախաստորագրված հայտարարությունից հետո հաջորդ փուլը պետք է լինի իրավական ավելի բարձր կարգավիճակ ունեցող պայմանագրի կնքումը, որի շրջանակում հստակեցվելու են ներդրումային, ֆինանսական եւ իրավական հարցերը։

Միայն այդ փուլից հետո հնարավոր կլինի խոսել շինարարական աշխատանքների մեկնարկի մասին։ Այսինքն, նախագծի իրականացումը երկարատեւ եւ բազմաշերտ գործընթաց է լինելու։ Այն պահանջելու է ոչ միայն քաղաքական կամք, այլեւ ֆինանսական ռեսուրսներ, ներդրումային երաշխիքներ, ենթակառուցվածքային ուսումնասիրություններ եւ միջազգային համագործակցության մեխանիզմներ։ Իսկ ո՞ր երկրների ընկերությունները կարող են շահագրգռվածություն ցուցաբերել։ Հայաստանի իշխանությունները այստեղ էլ պետք է զգուշավորություն ցուցաբերեն։

Հիշեցնենք, որ գործնական որոշ քայլեր արդեն իսկ տեղի են ունեցել։ Մայիսին Հայաստան ժամանեց ԱՄՆ պատվիրակությունը՝ քննարկելու TRIPP-ի իրականացման ընթացքը։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանը քննարկվել եւ համաձայնեցվել էին գործառնական եւ իրավական բնույթի մի շարք հարցեր։ Սա ազդակ էր այն մասին, որ կողմերը անցնում են քաղաքական հայտարարություններից դեպի գործնական նախագծում։

Ապա ամերիկյան AECOM ընկերության թիմն այցելեց Հայաստան։ Ընկերությունը սկսել է տեղանքի հետազոտման աշխատանքները եւ տեխնիկատնտեսական գնահատման նախապատրաստումը։ Այսինքն, նախագիծը մտել է մասնագիտական եւ ինժեներական գնահատման փուլ։

TRIPP-ն ու խաղաղության պայմանագիրը. փոխկապակցված գործընթացներ

TRIPP-ի հաջողության գլխավոր նախապայմանը շարունակում է մնալ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը։

Արտգործնախարար Արարատ Միրզոյանի համոզմամբ՝ խաղաղության պայմանագիրն անպայման ստորագրվելու է, եւ Հայաստանը պատրաստ է այդ գործընթացին արդեն հիմա։

Նույն տրամաբանությունն արտացոլվում է նաեւ Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիեւի վերջերս հնչեցրած հայտարարություններում, որտեղ շեշտվել էր տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման ձգտումը։

Սակայն ակնհայտ է, որ TRIPP-ը կարող է գործել միայն այն դեպքում, եթե տարածաշրջանում գոյություն ունենա՝ կանխատեսելի անվտանգային միջավայր։ Ցանկացած ենթակառուցվածքային նախագիծ, որը ենթադրում է միլիարդավոր դոլարների ներդրումներ, պահանջում է երկարաժամկետ կայունություն։

Հենց այդ պատճառով խաղաղության պայմանագիրը դառնում է ոչ միայն քաղաքական փաստաթուղթ, այլեւ տնտեսական անհրաժեշտություն։ Եթե խաղաղության գործընթացը ձգձգվի կամ բախվի նոր ճգնաժամերի, TRIPP-ի իրականացումը կարող է կանգ առնել նույնիսկ տեխնիկապես պատրաստ լինելու պարագայում։

Ռուսական գործոնը եւ Հայաստանի մարտահրավերները

TRIPP-ի շուրջ զարգացումները դժվար է պատկերացնել առանց ռուսական գործոնի։ Տասնամյակներ շարունակ Հարավային Կովկասը դիտարկվել է որպես ռուսական ազդեցության գոտի։ Տրանսպորտային ուղիների, էներգետիկ ենթակառուցվածքների եւ անվտանգության համակարգերի զգալի մասը կառուցվել է հենց այդ տրամաբանությամբ։ Այդ իսկ պատճառով ԱՄՆ-ի կողմից հովանավորվող խոշոր ենթակառուցվածքային նախագիծը, բնականաբար, ընկալվում է որպես մարտահրավեր Ռուսաստանի տարածաշրջանային դիրքերի ու ազդեցության համար։ Եվ Մոսկվան իր հայտարարություններով դա փաստում է։

Մարկո Ռուբիոյի հայտարարությունը, ըստ որի՝ Ռուսաստանը դժգոհ է հայ-ամերիկյան համագործակցության խորացումից, փաստացի վկայում է, որ Վաշինգտոնը նույնպես գիտակցում է այդ դիմակայության առկայությունը։

Ռուսաստանի հնարավոր հակազդեցությունը կարող է դրսեւորվել տարբեր ուղղություններով։ Դրանք կարող են լինել տնտեսական լծակները, քաղաքական ազդեցության մեխանիզմները, տեղեկատվական արշավներ, տարածաշրջանային գործընթացների վրա ազդեցության փորձերը՝ հատկապես այն պայմաններում, երբ TRIPP-ը կարող է նվազեցնել տարածաշրջանի կախվածությունն ավանդական ռուսական հաղորդակցային եւ տնտեսական ուղիներից։

Սակայն Ռուսաստանի գործոնը միակ մարտահրավերը չէ։ Հայաստանը պետք է լուծի նաեւ մի շարք այլ խնդիրներ։ Անհրաժեշտ է ձեւավորել հստակ իրավական միջավայր, ապահովել ներդրումների պաշտպանությունը, արագացնել ենթակառուցվածքային բարեփոխումները եւ ստեղծել արդյունավետ պետական համակարգ, որը կկարողանա կառավարել նման մասշտաբային նախագիծը։

Բացի այդ, ուզենք, թե չուզենք, ՀՀ-ն պետք է կարողանա որոշակիորեն պահպանել հավասարակշռություն։ TRIPP-ը չպետք է վերածվի աշխարհաքաղաքական հակադրության ու առճակատման հարթակի։ Հայաստանի շահերից է բխում այն ներկայացնել որպես տնտեսական եւ տարածաշրջանային զարգացման նախաձեռնություն, այլ ոչ թե՝ ազդեցության գոտիների վերաձեւման մի գործիքի։

Այսպիսով, TRIPP-ը Հարավային Կովկասի վերջին տարիների ամենահավակնոտ նախաձեռնություններից մեկն է։ Այն ունի ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական եւ անվտանգային նշանակություն։ Նախագիծը կարող է փոխել Հայաստանի աշխարհագրական եւ տնտեսական նշանակությունը՝ մեր երկիրը վերածելով տարանցիկ եւ առեւտրային կարեւոր հանգույցի։ Այսինքն, ինքնին որպես գաղափար՝ այն գրավիչ է։

Սակայն միեւնույն ժամանակ, դրա իրականացումը կախված է մի քանի առանցքային պայմաններից՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրումը, տարածաշրջանային կայունությունը, ֆինանսական եւ իրավական հարցերի լուծումը, ինչպես նաեւ միջազգային դերակատարների միջեւ մրցակցության կառավարումը։

ԱՄՆ-ի ակտիվ ներգրավվածությունը, իհարկե, վկայում է այն մասին, որ Վաշինգտոնը TRIPP-ը դիտարկում է որպես տարածաշրջանային նոր ճարտարապետության կարեւոր բաղադրիչ։ Սակայն նույնքան ակնհայտ է, որ Ռուսաստանը հազիվ թե անտարբեր մնա իր ազդեցության ավանդական գոտում էական փոփոխությունների նկատմամբ, կամ՝ հաշտվի ազդեցության կորստի հետ։

Հետեւաբար, Հայաստանի գլխավոր մարտահրավերը լինելու է ոչ միայն նախագծի իրականացումը, այլեւ այնպիսի պայմանների ստեղծումը, որոնց դեպքում TRIPP-ը կդառնա տնտեսական զարգացման, խաղաղության ամրապնդման եւ ինքնիշխանության ամրապնդման գործիք, այլ ոչ թե նոր աշխարհաքաղաքական հակասությունների աղբյուր։ Եթե Երեւանին հաջողվի պահպանել այդ հավասարակշռությունը, ապա «Թրամփի ուղին» կարող է դառնալ ոչ միայն ենթակառուցվածքային-քաղաքական նախագիծ, այլեւ Հայաստանի տնտեսական զարգացման իրական մեկնարկային կետ։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.06.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930