Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլին գրանցվեց ՀՆԱ-ի 0.5 %-ին համարժեք բյուջեի հավելուրդ, ինչի արդյունքում հունվար-ապրիլ ամիսների հավելուրդը կազմեց ՀՆԱ-ի 1 տոկոսը, թեև տարեկան բյուջեում նախատեսված էր պակասուրդ այս ժամանակահատվածի համար. ՀԲ

Հունիս 17,2026 16:44 Share

Հայաստանի ամսական տնտեսական զարգացման ամփոփագիր. հունիս 2026 թ․

●        Տնտեսական աճի տեմպն ապրիլին արագացավ մինչև 7.1 տոկոս (տ/տ)` հիմնականում պայմանավորված շինարարության և հանքարդյունաբերության ոլորտներում կայուն ակտիվությամբ:

●        Գնաճը ապրիլի 5.3 տոկոս ցուցանիշից նվազեց` մայիսին հասնելով 4.2 տոկոսի, ինչը  պայմանավորված էր սննդամթերքի գների անկմամբ:  

●        Ապրիլին արտահանումն ու ներմուծումը կրճատվեցին`  պայմանավորված թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի վերաարտահանման նվազմամբ:

●        Զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումներն ավելացան 16 տոկոսով (տ/տ): 

●        Ապրիլին գրանցվեց ՀՆԱ-ի 0.5 տոկոսին համարժեք բյուջեի հավելուրդ, ինչի արդյունքում հունվար-ապրիլ ամիսների հավելուրդը կազմեց ՀՆԱ-ի 1 տոկոսը, թեև տարեկան բյուջեում նախատեսված էր պակասուրդ այս ժամանակահատվածի համար:

Ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը բարձրացավ` մարտի 6.6 տոկոսից (տ/տ) հասնելով 7.1 տոկոսի (տ/տ): Աճը շարունակվում էր պայմանավորվել շինարարության և հանքարդյունաբերության ոլորտների կայուն ակտիվությամբ` համապատասխանաբար 24.7 տոկոս (տ/տ) և 31.8 տոկոս (տ/տ) աճ: Հանքարդյունաբերության ոլորտում շարունակվեց կայուն ընդլայնումը` հիմնվելով 2025 թվականի վերջին սկսված վերականգնման վրա, որը հաջորդել էր ոլորտային մարտահրավերներին և անկումներին` միաժամանակ շահելով պղնձի ավելի բարձր գներից: Մշակող արդյունաբերության ոլորտում ակտիվությունն աճեց 7.1 տոկոսով (տ/տ)` հաջորդելով նախորդ ամսվա 1.3 տոկոս դանդաղ աճին (տ/տ): Ծառայությունները (առանց առևտրի) ևս աճեցին հիմնավոր 9.1 տոկոսով (տ/տ), իսկ առևտուրը մնաց հաստատուն: 2026 թ. հունվար-ապրիլ ամիսների հանրագումարով` տնտեսական ակտիվության տեմպն աճեց 6.9 տոկոսով (տ/տ)` համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 4.7 տոկոսի (տ/տ)` այս կերպ պահպանելով աճի միտումը: Մինչ օրս, Մերձավոր Արևելքի հակամարտությունն էական տեսանելի ազդեցություն չի ունեցել տնտեսական ակտիվության վրա: Հատկանշական է, որ արձագանքելով պարարտանյութերի գների բարձրացմանը` տեղական գյուղարտադրողներին աջակցելու նպատակով կառավարությունը նախատեսեց պարարտանյութերի սուբսիդավորման 900 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ ծրագիր:

Գնաճը նվազեց` ապրիլի 5.3 տոկոսից (տ/տ) հասնելով 4.2 տոկոսի (տ/տ) մայիսին: Այս չափավորումը պայմանավորված էր սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գնաճի նվազմամբ (ապրիլի 9.5 տոկոսից` 6.4 տոկոս մայիսին): Այդուհանդերձ, դա մնում է գնաճը պայմանավորվող գլխավոր գործոնը (կազմելով 60 տոկոս): Միևնույն ժամանակ, գնաճի բազային մակարդակը բարձրացավ հասնելով 5 տոկոսի (տ/տ)` գերազանցելով գնաճի ընդհանուր մակարդակը և շարունակելով վերընթաց միտումը, ինչը վկայում է, որ գնաճը պայմանավորվող հիմնական գործոնը վառելիքի գների վերջին զարգացումները չեն և որ գների երկարաժամկետ աճի ճնշումները (բացառությամբ սննդամթերքի և էլեկտրաէներգիայի գների) շարունակում են մնալ ազդեցիկ ու տևական:

Ապրիլին արտահանման և ներմուծման ծավալները շարունակեցին կրճատվել` համապատասխանաբար  25.9 և 5.8 տոկոսով (տ/տ): Արտահանման ծավալները նվազեցին թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի արտահանման 72.3 տոկոսով (տ/տ) շարունակական անկման պատճառով, որը 2023 թվականից վերաարտահանման հիմնական ապրանքն է հանդիսանում։ Չհաշված այս վերաարտահանման ուղղությունը` ընդհանուր արտահանումն ընդլայնվեց 21.7 տոկոսով (տ/տ), ինչը հիմնականում պայմանավորված էր հանքահումքային արտադրանքի արտահանման ավելացմամբ (75.6 տոկոսով, տ/տ, որը հաջորդեց ոլորտի վերականգնմանն ու արտադրության ծավալների ավելացմանը) և պատրաստի սննդամթերքի արտահանման ծավալների 12.5 ավելացմամբ (տ/տ): Ներմուծումը ևս կրճատվեց, թեև ավելի դանդաղ տեմպով (5.8 տոկոսով, տ/տ)` պայմանավորված թանկարժեք և կիսաթանկարժեք մետաղների` 79.9 տոկոս, և պլաստիկ արտադրատեսակների 17.7 տոկոս (տ/տ) անկմամբ: Հունվար-ապրիլ ամիսների ընթացքում արտահանման ծավալները նվազեցին 3.3 տոկոսով (տ/տ), մինչդեռ ներմուծումն ավելացավ 2.5 տոկոսով (տ/տ)` ընդլայնելով առևտրային պակասուրդը` 2025 թ. Տարեկան ՀՆԱ-ի 5.1 տոկոսից հասցնելով 2026 թ. համար կանխատեսված տարեկան ՀՆԱ-ի 5.4 տոկոսին: Զբոսաշրջիկային ժամանումների թիվը շարունակել է կայուն աճել` մայիսին հասնելով մինչև 10 տոկոսի (տ/տ), իսկ 2026 թ. հունվարից մայիսն ընկած ժամանակամիջոցում` 19.3 տոկոսի (տ/տ):

Ապրիլին զուտ ոչ առևտրային փոխանցումները շարունակեցին ավելանալ 16 տոկոսով (տ/տ)`  2025 թ. ցածր բազայից: Զուտ ներհոսքերը շարունակեցին գալ Ռուսաստանից (31.8 տոկոս աճ, տ/տ) և այլ երկրներից (46.1 տոկոս աճ, տ/տ), մինչդեռ ԱՄՆ-ից զուտ ներհոսքերը նվազեցին 11.2 տոկոսով (տ/տ):

Դրամը շարունակեց արժևորվել ԱՄՆ դոլարի նկատմամբ: Մայիսին ՀՀ դրամը 1.5  տոկոսով  (ա/ա) արժևորվեց  ԱՄՆ դոլարի նկատմամբ  և 1.7 տոկոսով (ա/ա)` եվրոյի նկատմամբ: Անցած տարվա մայիս ամսվա համեմատ ՀՀ դրամը շարունակել է ուժեղանալ ԱՄՆ դոլարի նկատմամբ` արժևորվելով 4.7 տոկոսով (տ/տ), թեև 5.4 տոկոսով (ա/ա/) արժեզրկվել է ռուբլու նկատմամբ: Համախառն պահուստներն ավելացան` մայիսին հասնելով 5.9 միլիարդ ԱՄՆ դոլարի, որը երբևէ եղած առավելագույն ցուցանիշն է, ապահովելով 4.4  ամսվա ներմուծման ծածկույթ:

Ապրիլին պահպանվել է ֆինանսական համակարգի ցուցանիշների կայունությունը: Կապիտալի համարժեքության գործակիցը բարձրացավ` հասնելով 21 տոկոսի, իսկ չաշխատող վարկերի ցուցանիշը կայունացավ 1.3 տոկոսի մակարդակում: Առևտրային բանկերում ավանդների ցուցանիշն ավելացել է 0.9 տոկոսով (ա/ա), մինչդեռ  վարկերի ցուցանիշն ավելացել է 1.5 տոկոսով (ա/ա), ինչի արդյունքում վարկ-ավանդ գործակիցը կազմել է  1.08, որը պահանջում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից հետևողական մոնիթորինգ և մակրոպրուդենցիալ գործիքակազմի կիրառում` վարկավորման շարունակական ավելացումից բխող ռիսկերը մեղմացնելու նպատակով:

Ապրիլին գրանցվել է բյուջեի ընդհանուր հավելուրդ, որը համարժեք է տարեկան կանխատեսվող ՀՆԱ-ի 0.5 տոկոսի:   Ընդհանուր հարկային մուտքերն ու դրամաշնորհներն անվանական արտահայտությամբ ավելացել են 16.3 տոկոսով (տ/տ): Հարկային եկամուտները զգալիորեն ավելացել են 15.7 տոկոսով (տ/տ), և այս աճի երկու երրորդը պայմանավորված է շահութահարկով (21.4 տոկոս աճ, տ/տ), ինչը վկայում է 2025 թվականին ձևավորված զգալի շահույթների մասին, քանի որ շահութահարկի մասով բոլոր պարտավորությունները պետք է կատարված լինեն մինչև ապրիլի վերջը: Բյուջեի ընդհանուր ծախսերն ավելացել են 12.3 տոկոսով (տ/տ)` պայմանավորված ընթացիկ ծախսերի 19.2 տոկոս (տ/տ) ավելացմամբ, ինչն էլ պայմանավորված էր սոցիալական ոլորտում հատկացումների 23.4 տոկոս ավելացմամբ (տ/տ): Ի հակադրություն սրա` կապիտալ ծախսերը կրճատվել են 37.5  տոկոսով (տ/տ), ինչը հիմնականում պայմանավորված է պաշտպանական ծախսերի 40.6 տոկոս նվազմամբ: Հունվարից- ապրիլ ամիսների կուտակային կապիտալ ծախսերը մնացել են բյուջետային ծրագրից մոտ 30 տոկոսով ցածր։  Ֆունկցիոնալ դասակարգման վրա հիմնված առողջապահական ծախսերը բարձր են` ավելացել են 75 տոկոսով (տ/տ), ինչը պայմանավորված է հանրային առողջապահական ապահովագրության ծրագրով: Մինչև ապրիլի վերջը առողջապահության ոլորտի ընդհանուր ծախսերը 50 տոկոսով գերազանցել են նախահաշվային բյուջեն, ինչը վկայում է տարվա մնացած մասի համար ավելի մեծ ֆինանսական կարիքների մասին: Հունվարից ապրիլն ընկած ժամանակամիջոցում ընդհանուր հավելուրդը կազմել է տարեկան կանխատեսված  ՀՆԱ-ի 1 տոկոսը, մինչդեռ բյուջետային նախահաշվով պլանավորված էր ՀՆԱ-ի 2 տոկոսի չափով պակասուրդ:

Համաշխարհային բանկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930