Լրահոս
«Երեքի գործը»
Օրվա լրահոսը

«Բեզոարյան այծի» գործով նոր զարգացումները

Օգոստոս 31,2026 13:00 Share

ՀՀ վարչական դատարանին ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը հայտնել էր, որ 2025 թ. մարտի 20-ին ահազանգ է ստացվել, որ Աղավնաձոր բնակավայրի բնակիչ Վարուժան Օհանյանն իր տանը բեզոարյան այծ է պահում: Տեսչական մարմինը, հղում անելով «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքով իրեն վերապահված լիազորություններին, մեկնել է նշված հասցե, որտեղ հայտնաբերվել է բեզոարյան այծ, տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի պետի պարտականությունները կատարողի կողմից 2025 թ. մարտի 20-ին կազմվել է արձանագրություն։ Ըստ այդ արձանագրության, Վ. Օհանյանի կողմից խախտվել է «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի 3-րդ մասի պահանջները, որ «Վ. Օհանյանը կարմիր գրքի կենդանուն անազատ կամ կիսաազատ պայմաններում պահելու համար չունի լիազոր մարմնից ստացված թույլտվություն»։

Նախապատմությունը այսպիսին էր. աղավնաձորցու պատմածով 2024թ. մայիս-հունիս ամիսներին Օհանյանի բազմանդամ ընտանիքը դաշտից գտնում է «ուլ»։ Կենդանին մի քանի օրական էր եւ ուներ վնասվածքներ:

«Ուլը», որին փրկել են, գտել, խնամել, արժե 15 մլն դրամ։ Վարչական վարույթի նյութերում առկա է բացատրություն այն մասին, որ ձագի վրա իսկապես առկա են եղել վնասվածքներ։ Օհանյանները բերել են տուն, դեղորայքով բուժել, պահել եւ կենդանին գտնվել է նորմալ վիճակում: Որոշել են կենդանուն բաց թողնել դաշտում, սակայն կենդանին փոքր էր, կարող է գայլերը հոշոտեին, պահել էին, ընկերացել նրա հետ:

«Առավոտի» հետ զրույցի ժամանակ Վ. Օհանյանն ասել էր, որ առաջին անգամը չէ, որ վիրավոր, անօգնական կենդանիներին ոտի է կանգնեցնում, խնամում։

Սակայն խնամակալին Վայքի դատարանը դատապարտել է 150 000 դրամի չափով տուգանքի։ Դատարանը կարող էր կիրառել «Ծայրահեղ անհրաժեշտություն» (Հոդված 17) հոդվածը, հաշվի առելով այս հանգամանքը. քաղաքացին վերցրել է կենդանուն բնությունից, քանի որ վերջինիս սպառնում էր անմիջական վտանգ (օրինակ՝ հարձակման կարող էր ենթարկվել գիշատիչների կողմից…) և նրա գործողությունները կարող են որակվել որպես ծայրահեղ անհրաժեշտություն: Ծայրահեղ անհրաժեշտության վիճակում կատարված գործողությունները վարչական իրավախախտում չեն համարվում, և տուգանք ընդհանրապես չի նշանակվում։

Սակայն մարդասիրական գործոնի կողքին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 88.1-րդ հոդվածի 1-ին մասն այլ բան է ասում. սռանց համապատասխան թույլտվության ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիներ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների «Կարմիր գրքում» գրանցված կենդանիներ պահելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ` հարյուրյոթանասունապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով։

Դատարանն արձանագրել էր, որ «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 27.1-րդ հոդվածի 3-րդ մասի համատեքստում «անազատ և կիսաազատ պայմաններում պահել» եզրույթը նշանակում է վայրի կենդանու ցանկացած պահում մարդու վերահսկողության ներքո՝ անկախ տարածքի մեծությունից կամ պահման նպատակից, եթե կենդանին չի գտնվում բնական ազատ վայրի միջավայրում. «Ուստի՝ նույնիսկ կենդանու պահումը տանը կամ տնամերձ տարածքում գնահատվում է որպես վայրի կենդանու անազատ պայմաններում պահում և ենթակա է համապատասխան թույլտվության առկայության»։

Վարուժան Օհանյանը հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի դեմ («Առավոտ» օրաթերթ 24.03.2026, «Դատարանը խնամակալի ձեռքից վերցրել է կենդանուն»)։ Դատարանը 2025 թ. նոյեմբերի 17-ին կայացրել է «Դատավարական գործողություն կատարելու ժամկետ սահմանելու մասին» որոշում: Հայցվոր Օհանյանը նշել է, որ Տեսչական մարմինն իրեն վերագրվող վարչական իրավախախտման փաստը հիմնավորել է Տեսչական մարմնի կողմից կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությամբ, մինչդեռ թիվ ՎԴ/652705/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.11.2021 թ. դիրքորոշման լույսի ներքո՝ միայն վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը բավարար չէ վարչական իրավախախտման փաստը հաստատելու համար:

Պատասխանող ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը խնդրել էր հայցն ամբողջությամբ մերժել:

Վ. Օհանյանը բողոք էր ներկայացրել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան, քանի որ նրա հայցն ընդդեմ ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի՝ 2025 թ. ապրիլի 9-ի թիվ Վ/15/25 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, դատարանը (դատավոր՝ Վարազդատ Միքայելյան) մերժել էր։

Վարուժան Օհանյանը «Առավոտին» էր ուղարկել Վերաքննիչ դատարանի որոշումը՝ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու մասին։ Երեկ տեղեկացանք, որ Վերաքննիչ դատարանն արձանագրել է հետևյալը. ՀՀ վարչական դատարանի փետրվարի 13-ի վճիռը հրապարակվել է փետրվարի 25-ին։ Վարչական գործի ուսումնասիրությունից հետևել է, որ բողոքաբերը վճռի օրինակը ստացել է մարտի 4-ին, իսկ վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարան ներկայացնելու համար փոստին է հանձնվել մարտի 6-ին՝ վճռի հրապարակման պահից մեկ ամիսը գերազանցող ժամկետում:
Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ բողոքաբերի կողմից վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված դատավարական ժամկետի բացթողումը հարգելի է և այդ ժամկետը ենթակա է վերականգնման իրավունքի ուժով (ex jure)։

Դատարանը (դատավորեր՝ Արկադիկ Մկրտչյան, Կարեն Գևորգյան, Կարեն Ավետիսյան) «Պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու վերաբերյալ» Վարուժան Օհանյանի միջնորդությունը մերժել է: Դատարանը հաշվի չի առել հայցվորի բազմանդամ, սոցիալապես անապահով լինելու հանգամանքը, մինչդեռ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի «գ» կետի համաձայն` առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել դատարանները` նույն օրենքի 9 հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից:

Օրենսդիրը ոչ բավարար ֆինանսական միջոցներ ունեցող անձանց համար դատարանի մատչելիության իրավունքի իրացման երաշխավորման նպատակով լիազորել է դատարաններին սահմանել պետական տուրքի գծով արտոնություն, որը, ի թիվս այլնի, ներառում է նաև պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու հնարավորությունը:

Ըստ դատարանի որոշման. «Պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը բողոքաբերը հիմնավորել է նրանով, որ տվյալ պահին չունի բավարար դրամական միջոցներ, քանի որ չի աշխատում, չունի մշտական աշխատանք և կայուն դրամական միջոցներ, սակայն միջնորդությամբ նշված հանգամանքները և ըստ այդմ՝ պետական տուրքը վճարելու անհնարինությունը հաստատող որևէ ապացույց չի ներկայացվել, որպիսի պայմաններում չի հաստատվում, որ բողոքաբերը գտնվում է գույքային այնպիսի ծանր դրության մեջ, որ հնարավորություն չունի վճարել օրենքով սահմանված չափով պետական տուրքի գումարը»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.08.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել