ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՀՀ մարզպետների աշխատակազմերի՝ կրթության ոլորտը համակարգող պատասխանատուների հետ՝ քննարկելու սեպտեմբերից սպասվող հանրակրթական ուսումնական հաստատությունների ենթակայության փոփոխությանը, վարչատնտեսական գործառույթի՝ մարզերին փոխանցմանը վերաբերող հարցեր:
Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, ստորաբաժանումների ղեկավարներ:
Ներկայացնելով օրակարգային հարցերը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ «Հանրակրթության մասին» օրենքում իրականացված փոփոխությամբ հստակեցվել են նախարարության և մարզերի գործառույթները։ Ըստ այդմ՝ առաջիկա սեպտեմբերից մարզերի հանրակրթական դպրոցների բովանդակային կառավարման համակարգման գործառույթը կվերապահվի կրթության պետական կառավարման լիազորված մարմնին՝ ԿԳՄՍ նախարարությանը, իսկ վարչատնտեսական գործառույթն ամբողջությամբ կփոխանցվի մարզպետարաններին՝ ի լրումն մյուս աջակցող գործառույթների, որոնք հստակ ներկայացված են օրենքում:
Օրենսդրական փոփոխությունից բխող մի շարք հստակեցումներ են արվել նաև ենթաօրենսդրական ակտերում, և այս փուլում, ըստ նախարարի, առաջնային է անցումային փուլի սահուն կազմակերպումը։
Կարդացեք նաև
Հաշվի առնելով փոփոխության ծավալը՝ առաջիկայում մարզերում նախատեսվում են իրազեկման այցեր՝ դպրոցների տնօրենների և վարչատնտեսական համակարգողների մասնակցությամբ:
«Դպրոցական միջավայրերի վերափոխումը Կառավարության կարևորագույն ծրագրերից է: Մարզերի գործունեությունը շարունակում է մնալ առանցքային կրթական համակարգի անխափան գործընթացներն ապահովելու հարցում։ Մարզերը շարունակելու են իրենց առանցքային դերակատարումն ունենալ կրթության համակարգում իրականացվող պետական տարաբնույթ ծրագրերի կյանքի կոչման հարցում։ Նախարարության հիմնական դերակատարությունը շարունակում է մնալ բովանդակային միասնական քաղաքականության ապահովումը: Մենք պատասխանատվություն ունենք ապահովելու բոլոր երեխաների որակյալ կրթությունը, և այս հարցում յուրաքանչյուր պետական մարմին իր մասով պետք է աջակցի՝ կատարելով իր գործառույթներից բխող աշխատանքները»,- ասել է նախարարը՝ ընդգծելով նախարարության և մարզպետարանների հաջողված համագործակցությունը դպրոցաշինական ծրագրերում։
Հանդիպմանը քննարկվել են նաև կրթական գործունեության կազմակերպմանը, դպրոցների կառավարման մոդելի փոփոխությանը, Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի իրագործմանը և ոլորտային մի շարք այլ խնդիրներին առնչվող հարցեր:
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


















































