«Նիկոլ Փաշինյանը չի հաղթել այս ընտրություններում: Այն ընդդիմադիր ուժերը, որոնք վառեցին ժողովրդի քվեները, եթե դա չբաշխվեր ու ՔՊ-ն չօգտվեր այդ քվեներից, բոլոր հաշվարկներով երևում է, որ չեն հաղթել այս ընտրություններում: Իրենք փորձում են դա գրանցել որպես հաղթանակ: Իրենք ու իրենց աջակցող ուժերը սկսեցին զարգացնել այն նարատիվները, որ ընդդիմությունը չպետք է վերցնի մանդատները: Որովհետև, եթե ընդդիմությունը չի վերցնում մանդատները, իրենք ստանում են հնարավորություն միանձնյա կառավարել Ազգային ժողովը: Իրենք կօգնեն, որ անցնեն այնպիսի ուժեր, օրինակ՝ Արամ Սարգսյանը, կամ անհասկանալի ուժեր, էլի կան, որոնք կապահովեն իրենց թե՛ Սահմանադրական մեծամասնություն, թե՛ ցանկացած քվեարկություն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով մանդատ վերցնել-չվերցնելու թեմային:
Կարապետյանի խոսքով՝ մանդատներ վերցնել-չվերցնելու հարցը պետք է բոլոր ընդդիմադիր ուժերով դեռ քննարկեն, բայց անկախ նրանից՝ կվերցնեն, թե չեն վերցնի, իրենք շարունակելու են պայքարել. «Քանի որ մեր պետությունն ունենալու է ոչ լեգիտիմ իշխանություն և Ադրբեջանի ու Թուրքիայի ձևավորած մեխանիզմը Հայաստանում, որով մեր երկիրը տանելու են թրքացման ու կործանման: Ամեն ինչ անելու ենք, որ խանգարենք այդ գործընթացներին: Ինչ վերաբերում է մանդատներին, մենք դեռ ժամանակ ունենք, մենք հիմա դիմել ենք Սահմանադրական դատարան, ակտիվ մասնակցելու ենք այդ պրոցեսներին: Հույս ունենք՝ Սահմանադրական դատարանում ճիշտ որոշում կկայացվի, նոր ընտրություններ կնշանակվեն»:
Կարապետյանը հիշեցրեց, որ քաղաքականություն մտնելով՝ պարբերաբար հայ ժողովրդին զգուշացրել են 300.000 ադրբեջանցիների՝ Հայաստան գալու մասին, Ալիևի վտանգավոր հայտարարությունների մասին, ու շարունակելու են զգուշացնել սպասվող վտանգների մասին. «Ոչ մի կասկած չունեմ, որ Թուրքիան ունի նպատակ, դրա համար ասում էի՝ այս ծրագրի մեջ մասնակցում են գորշ գայլերը: Այդպիսի գորշ գայլեր կտեսնենք մեր Ազգային ժողովում, կոնկրետ գորշ գայլերի ներկայացուցիչներին»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































