Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ-ն մերժեց դատավոր Արթուր Ստեփանյանի անհատական դիմումը

Հունիս 19,2026 14:00 Share

Դիմողը գտնում է՝ եթե Սահմանադրական դատարանի համապատասխան որոշմամբ պայմանավորված վերանայման վարույթում ԲԴԽ-ն կարող է ազատորեն վերադառնալ գործի բոլոր փաստական և իրավական հարցերին, փոխել նախկինում տրված իրավական գնահատականները և վերահաստատել կամ վատթարացնել անձի իրավական վիճակը, ապա վերանայման ինստիտուտը կորցնում է իր սահմանադրական որոշակիությունը։

2026 թ. մայիսի 12-ին Սահմանադրական դատարան էր դիմել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարաի դատավոր Արթուր Ստեփանյանը (ներկայացուցիչ՝ փաստաբան Սիրանուշ Սահակյան): Դիմողը խնդրել է. «ՀՀ դատական օրենսգիրք»  սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի 1-ին մասը, դրա հետ համակարգային առումով փոխկապակցված 3-րդ մասի 1-ին կետը և 8-րդ մասը ճանաչել Սահմանադրությանը համապատասխանող այն մեկնաբանությամբ, համաձայն որի՝ Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշման վերանայումը պետք է իրականացվի ՍԴ կողմից կանխորոշված շրջանակում, մասնավորապես՝ ՍԴ որոշման՝ գործի ելքի վրա ազդեցության գնահատման, խախտված սահմանադրական իրավունքի վերականգնման և խախտման արդյունքում տվյալ անձի համար առաջացած բացասական հետևանքների վերացման համար անհրաժեշտ շրջանակում՝ ճանաչելով, որ այն դիմողի նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ: «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-րդ մասի 1-ին կետը, 142-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին և 2-րդ կետերը ճանաչել ՀՀ Սահմանադրության 49-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր: «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասի երկրորդ նախադասությունը, այդ թվում՝ դրան իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, ճանաչել ՀՀ Սահմանադրության 49-րդ, 75-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր»։

Դիմողն իր անհատական դիմումով ներկայացրել է դիրքորոշում առ այն, որ «ԲԴԽ-ն լիազորված չէր իրականացնել կարգապահական միջնորդության ամբողջ ծավալով նոր քննություն, և վերագրվող կարգապահական խախտման, հետևաբար նաև՝ կարգապահական տույժի տեսակի փոփոխություն, այլ կաշկանդված էր ՍԴ կողմից հակասահմանադրական ճանաչված նորմի ազդեցության գնահատմամբ, քանի որ հակասահմանադրական է ճանաչվել նորմ, որը կարգապահական վարույթի ըստ էության քննության հետ որևէ աղերս չունի: Հետևաբար, Սահմանադրական դատարանի որոշման հիմքով վերանայման վարույթում ԲԴԽ-ի լիազորությունը պետք է սահմանափակվի նոր հանգամանքի և նախկին որոշման եզրափակիչ մասի միջև պատճառական կապի գնահատմամբ»:

Դիմողը նշել է, որ դատական օրենսգրքի 157-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված՝ «նոր որոշում» կայացնելու լիազորությունը չի կարող մեկնաբանվել որպես կարգապահական ամբողջ միջնորդության նոր քննություն իրականացնելու անսահմանափակ իրավասություն, այլ պետք է մեկնաբանվի նոր հանգամանքի բնույթով, Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման առարկայով և դրանով կանխորոշված սահմանադրաիրավական հետևանքով պայմանավորված սահմաններով:

Ըստ դիմողի` ԲԴԽ-ն պետք է պարզեր՝ արդյո՞ք ՍԴՈ-1780 որոշմամբ արձանագրված հակասահմանադրական կարգավորումը ազդեցություն ունեցել է իր`դիմողի լիազորությունների դադարեցման մասին նախկին որոշման վրա։

Դիմողը նշել է, որ անձը չի կարող կանխատեսել, թե Սահմանադրական դատարանի համապատասխան որոշմամբ իր խախտված իրավունքի ճանաչումն ի՞նչ իրավական հետևանք է առաջացնելու իր համար՝ վերականգնո՞ւմ, թե՞ նոր և ավելի ծանր միջամտություն: Նման մեկնաբանությունը, ըստ դիմողի, հակասում է Սահմանադրության 79-րդ հոդվածով երաշխավորված՝ իրավական որոշակիության սկզբունքին, ինչպես նաև Սահմանադրության 75-րդ հոդվածին: Ըստ դիմողի՝ ինքը չէր կարող ողջամտորեն կանխատեսել, որ դատական ակտերի հրապարակման և ուղարկման ժամկետների խախտումները՝ առանց հիմնարար կոնկրետ իրավունքի ծանր խախտման և առանց կոնկրետ հեղինակազրկման հետևանքների անհատականացված վերլուծության, կարող են նույնացվել դատավորի կարգավիճակի հետ անհամատեղելի արարքի հետ:

Դիմողի գնահատմամբ՝ վիճարկվող դրույթներին Բարձրագույն դատական խորհրդի կողմից տրված մեկնաբանությունը չի ապահովում Սահմանադրության 75-րդ հոդվածով երաշխավորված՝ անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերը և ընթացակարգերը:

Ըստ ՍԴ-ի` Ստեփանյանն իր անհամաձայնությունն է հայտնում Բարձրագույն դատական խորհրդի 2025 թ. նոյեմբերի 11-ի թիվ ԲԴԽ-52-Ո-Կ-12 որոշման բովանդակության հետ, հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում:

ՍԴԱՈ-100 որոշմամբ մերժվեց անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը:

 Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ. Հիշեցնեմ, որ 2025 թ. ՀՀ սահմանադրական դատարանը Ստեփանյանի դիմումը բավարարել էր, արձանագրելով, որ ԲԴԽ-ն խախտել է օրենքը, քանի որ դատավորների լիազորությունների դադարեցման համար անհրաժեշտ է ԲԴԽ անդամների որակյալ մեծամասնության ձայները, այն է` 5 ձայն: Սակայն դատավորի լիազորությունները չվերականգնվեցին:

«Առավոտ» օրաթերթ
18.06.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930