Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում արձանագրվել է որակական թռիչք. Մխիթար Հայրապետյանի ելույթը՝ Փարիզում

Հունիս 19,2026 13:45 Share

Հայաստանը՝ պաշտպանական նորարարության և արհեստական բանականության հանգույց

Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդես է եկել ամփոփիչ ելույթով՝ «Պաշտպանական արդյունաբերական համագործակցություն. մատակարարման շղթաներ, տաղանդներ և փոքր պետությունների դերը» խորագրի ներքո։

Իր ելույթում նախարարը ներկայացրել է ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի զարգացման հայեցակարգային մոտեցումները՝ ընդգծելով, որ փոքր երկրները ևս արհեստական բանականության և տեխնոլոգիական առաջընթացի դարաշրջանում կարող են լինել մրցունակ՝ շնորհիվ ճկունության և նպատակային ներդրումների։

Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա ժամանակակից պաշտպանական համակարգերում: Սակայն միայն տեխնոլոգիան բավարար չէ: Նախարարի համոզմամբ՝  իրական մրցակցային առավելությունը շարունակում է մնալ մարդկային կապիտալը: Հայաստանը շարունակում է մեծ ներդրումներ կատարել ինժեներական կրթության, ստարտափների զարգացման, գիտահետազոտական ինստիտուտների և համաշխարհային առաջատար տեխնոլոգիական ընկերությունների հետ գործընկերության մեջ: Նպատակը հստակ է՝ ստեղծել միջավայր, որտեղ տաղանդները կարող են դրսևորվել, ստեղծել և ընդլայնել արտադրանքներ, որոնք կնպաստեն թե՛ տնտեսական զարգացմանը, թե՛ ազգային անվտանգությանը:

Նախարարը փաստել է, որ վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում արձանագրվել է որակական թռիչք. պետական պատվերների համակարգի միջոցով ոլորտում ներդրվել է 172 միլիարդ դրամ, և ընդունվել է որոշում՝ հավելյալ 190 միլիարդ դրամի նոր երկարաժամկետ պայմանագրեր կնքելու մասին։ Այս քաղաքականության արդյունքում ոլորտի շրջանառությունը ներքին տնտեսությունում հասել է շուրջ 70 միլիարդ դրամի, իսկ հայկական ռազմական արտադրանքն արդեն իսկ արտահանվում է։

Այսպիսով՝ ապագան պատկանում է ոչ թե մեկուսացված արդյունաբերական բազաներին, այլ փոխկապակցված էկոհամակարգերին, որոնք ունակ են միասին ճանապարհ հարթել նորարարությունների համար: Նախարարի համոզմամբ՝  նորարարական էկոհամակարգերը ծաղկում են, երբ ստարտափները կարողանում են արագ փորձարկել, ձախողել, սովորել և կատարելագործվել: Ուստի, ջանքեր չեն խնայվում փորձարկումների ընթացակարգերը պարզեցնելու և իրական օպերատիվ միջավայրերի հասանելիությունը մեծացնելու ուղղությամբ:

Գլոբալ մրցակցությունում հաջողելու համար Հայաստանը զարգացնում է «ԱԲ գործարանների պարտեզի» (AI Factory Garden) իր տեսլականը, ինչը հայկական պաշտպանական ընկերություններին թույլ է տալիս իրականացնել բարդ ինժեներական մոդելավորումներ և անհրաժեշտ փորձարկումներ, որտեղ պետությունը տրամադրում է անհրաժեշտ ռեսուրսներ և ենթակառուցվածքներ։

Նախարարն ընդգծել է միջազգային համագործակցությունների խթանման պատրաստակամությունը՝ նշելով, որ ՀՀ կառավարությունը հետևողական քայլեր է ձեռնարկում արտահանման լիցենզավորման ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ, ինչը կապահովի հայկական տեխնոլոգիական լուծումների մուտքը համաշխարհային շուկաներ։ Հայաստանը սպառողից վերածվում է աշխարհին բարձր տեխնոլոգիական արդյունք առաջարկող գործընկերոջ, որտեղ գիտական ներուժը, էներգետիկ հնարավորությունները և հաշվարկային հզորությունները միասնաբար ծառայում են ազգային անվտանգության և տեխնոլոգիական առաջընթացի ապահովմանը:

«Միասին մենք կարող ենք կառուցել մատակարարման շղթաներ, որոնք ավելի դիմակայուն են, մշակել տեխնոլոգիաներ, որոնք ավելի արդյունավետ են, ստեղծել պաշտպանական արդյունաբերական էկոհամակարգ, որն ավելի ուժեղ է, քանի որ հիմնվում է ինչպես մեծ, այնպես էլ փոքր պետությունների կարողությունների վրա»,- իր ելույթն ամփոփել է Մխիթար Հայրապետյանը:

 

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930