Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն, «Ուժեղ Հայաստանը», «Միասնության թեւերը», «Հայաքվեն» եւ «Հայաստանը» պահանջում են վերաքվեարկություն

Հունիս 12,2026 09:48 Share

Արդեն հաղորդել ենք, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 11-ի արտահերթ նիստում անդրադարձել է թիվ 10 և թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների հունիսի 7-ի հերթական ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրը արձանագրված խախտումների վերաբերյալ որոշումներին. «Հանձնաժողովն անվավեր է ճանաչել Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների կազմակերպման և անցկացման նպատակով թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում կազմավորված թիվ 10/51 ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները և թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում կազմավորված թիվ 35/65 ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները»։ Թիվ 10/51 և թիվ 35/65 ընտրական տեղամասերի նյութերն ուղարկվել են դատախազություն։

ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը սա գնահատել է «ոչ այլ ինչ է, քան դասական այլանդակություն։ Գիշերվա կեսին, մթության քողի տակ, գաղտագողի կայացված այս խայտառակությունը ուղիղ ԲՀԿ–ին ուղղված հարված էր, որի նպատակը բոլոր հնարավոր միջոցներով ԲՀԿ–ին ԱԺ մտնել թույլ չտալն է։

Ակնհայտ է, որ անվավեր են ճանաչվել հատկապես այն տեղամասերի արդյունքները, որտեղ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է մեծ թվով քվեներ։ Սա ընտրողների ձայների գողության ամենացայտուն դրսևորումն է, որը հերթական անգամ ապացուցում է, որ տեղի ունեցող գործընթացը որևէ առնչություն չունի արդար և թափանցիկ ընտրությունների գաղափարի հետ և կասկածի տակ է դնում ընտրության ամբողջ գործընթացի օրինականությունը։ Ընդունված որոշմամբ ամենակոպիտ ձևով ոտնահարվում է քաղաքացիների սահմանադրական իրավունքը՝ ազատորեն արտահայտված կամքը։

Մենք բոլոր հնարավոր օրինական և իրավական միջոցներով պայքարելու ենք այս հակաօրինական գործընթացի դեմ։ Արդեն վաղը բողոքարկելու ենք այս ապօրինի որոշումը և օգտագործելու ենք ամբողջ իրավական գործիքակազմը՝ կանխելու և կասեցնելու այսպիսի կամայականությունները»։

«Միասնության թեւեր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Արման Թաթոյանի գնահատականով՝ «ՔՊ-ն զբաղված է քաղաքացու ձայներն ու ԲՀԿ-ի մանդատները գողանալով: 35/61 և 10/51 տեղամասերի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու նպատակը հենց դա է: Այս ընթացքում ԲՀԿ-ի ղեկավարի նկատմամբ անօրինական ճնշումների նպատակն էլ հենց դա էր` ունենալ սահմանադրական պաշտոններում նշանակելու ու ազատելու համար անհրաժեշտ պատգամավորներ, սահմանադրական օրենքներ ընդունելու հնարավորություն: ՔՊ-ի համատարած ապօրինությունների, մարդկանց վախեցնելու ու սպառնալու վրա աչքփակոցի է, կոծկում են ամեն ինչ:

Նշված տեղամասերի քվեարկության արդյունքների չեղարկումը ապօրինի ու կամայական որոշում է, որի հիմքում ՔՊ-ի նեղ քաղաքական շահն է:

Այնքան անօրինականությունների շուրջ պտտվեցին, որ ձևը գտան»։

«Ուժեղ Հայաստանի» ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի գնահատականով՝ «Մեր ուղերձից հետո, երբ մենք հայտարարեցինք, որ ՔՊ-ն և Փաշինյանը կորցրել են Ազգային ժողովի երեք հինգերորդը և հնարավորություն չունեն Ալիևի պատվերով այլևս սահմանադրություն փոխել՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրել է երկու տեղամաս, որտեղ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ամենաշատ ձայները ունի, և այդ տեղամասերի արդյունքները չեղյալ է հայտարարել։ Այնտեղ իրապես եղել են զինվորների քվեարկություններ, ու նույն բանը եղել է հարյուրավոր ուրիշ տեղերում նույնպես, բայց այս երկու տեղերում է դա արել, որտեղ ԲՀԿ-ն ունի շատ ձայներ։ Դրանով իսկ զրկում է ԲՀԿ-ին անցնել Ազգային ժողով։ Մենք, որպես Հայաստանի ամենամեծ ուժը, որը հնարավորություն ունի փոխարինելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, հայտարարում ենք. եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովը և իշխանությունները կրկնաքվեարկություն չդրեցին այս տեղամասերում՝ դա հատելու է ժողովրդավարության բոլոր կարմիր գծերը»։

 

Կատարվածին արձագանքել է նաեւ «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղարկեց ընտրությունների արդյունքները 10/51 և 35/65 ընտրական տեղամասերում։ Դրանում թերևս որևէ արտակարգ բան չէր լինի, հաշվի առնելով, որ այդ ընտրական տեղամասերում զանգվածային խախտումներ էին իսկապես եղել, եթե դրա արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չկորցներ ընտրողների 213-ը՝ այն պայմաններում, երբ նրան ընդամենը ընտրությունների նախնական արդյունքների հաշվարկով չէր բավարարում 50 քվե ընտրական շեմը հաղթահարելու համար։ Սա բնականաբար ստեղծում է անորոշություն՝ կապված նրա հետ, թե նա հաղթահարո՞ւմ է արդյոք ընտրական շեմը, թե՞ չէ։ Իրականում օրենքը սա հստակ կարգավորում է։ Ընտրական օրենսգրքի 101-րդ հոդվածը միարժեք սահմանում է հետևյալը. եթե խախտումների արդյունքում հնարավոր չէ որոշել ընտրության իրական արդյունքը, կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր է՝ ոչ թե կարող է, պարտավոր է՝ տվյալ տեղամասերում մեկ շաբաթվա ընթացքում նոր քվեարկություն նշանակել, այլապես կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր է ամբողջապես չեղարկել ընտրությունների արդյունքները ողջ հանրապետությունում։

Ուստի այս իրավիճակում ես կոչ եմ անում կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ հրատապ կարգով, մեկ շաբաթվա ընթացքում հայտարարել տվյալ տեղամասերում նոր քվեարկության մասին։ Այլապես մեր բոլոր ընդդիմադիր գործընկերները պետք է ևս հրատապ դիմեն վարչական դատարան, պահանջեն չեղարկել ընտրությունները ամբողջ հանրապետության տարածքում»։

Կատարվածին արձագանքել է նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ սա որակելով ԿԸՀ-ի կողմից «նոր մասշտաբի խուժանություն»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930