Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյան. «Մարդ, որն ասում է՝ ԱԱԾ-ի աշխատողն ինքն է որոշում՝ ինչ արտահոսք տալ, ինչը չտալ, ամենից շատը պիտի աշխատի կառավարության պահակ, այլ ոչ թե կառավարության ղեկավար»

Հունիս 19,2026 23:30 Share

Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է 5-րդ ալիք, Yerevan Today, News.am, Հ2 և «Ժողովուրդ» լրատվամիջոցների հարցերին։

Հարցին, որ ԿԸՀ-ն երեքշաբթի օրը տվել է իրեն անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն՝ 22 տարի առաջվա ինչ-որ գործարքի հետ կապված, չնայած փաստաբանները պնդում են, որ այդ գործարքը որևէ կերպ չի կարող առնչություն ունենալ ոչ իր, ոչ իր ընտանիքի անդամների հետ, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց. «Գործն ուղղակի աբսուրդային է և կապված է երևի իմ՝ Հայաստանից երեք օրով մեկնելու հետ։ Շատ արագ, երկու օրում գործ են ստեղծել, որովհետև երեք օր առաջ լրատվամիջոցների հարցմամբ իմ վրա որևէ քրեական գործ չկար։ Հետո, մեկ օր անց, պարզվեց, որ այդպիսի գործ արդեն կա։ Եվ այդ գործով, այո, հրավիրվել եմ Հակակոռուպցիոն կոմիտե, ծանոթացել եմ՝ աբսուրդ է ուղղակի։ Չգիտեմ էլ, թե ինչ ասեմ։

Ամբողջ այդ մեղադրանքի մեջ միայն իմ գործողությունը, որն ուղղակի նկարագրված է, այն հանգամանքն է, որ ես, որպես նախագահ, 2004 թվականին վավերացրել եմ կառավարության որոշումը։ Վերջ։ Ուրիշ գործունեություն, ուրիշ որևէ կապ իմ հետ այս ամբողջ պատմությունը չունի։ Ուղղակի այստեղ խնդիրը հետևյալն է։ Այն ժամանակվա Սահմանադրությամբ՝ 1995 թվականին ընդունված Սահմանադրությամբ, նախագահը վավերացնում էր կառավարության որոշումները։ Դա նախագահի պարտականությունն էր։ Ուզում եմ հատուկ նշել՝ ոչ թե հաստատում, այլ վավերացում, որովհետև քննիչի հետ խոսելիս ինքը փորձեց կիրառել «հաստատել եք» բառերը։

Նախագահը չի հաստատում կառավարության որոշումները։ Նախագահության այլ փաստաթղթերով սահմանադրական պահանջ էր՝ վավերացնում է։ Սա նշանակում էր մեկ բան. դու կապ չունես բովանդակության հետ, դու վավերացնում ես, որ դա իսկապես կառավարության որոշում է։ Եվ վավերացնում ես, որ դա հրապարակվի։ 1995 թվականից մինչև 2007 թվականը կառավարության բոլոր որոշումները վավերացվում էին նախագահների կողմից։ Այդպիսին էր սահմանադրական պահանջը»։

Դիտարկմանը, թե ինչպե՞ս է արձագանքում, որ դատախազի միջնորդությունը հաջորդեց այն փաստին, որ արգելվեց իր ելքը հանրապետությունից, իշխանական լրատվամիջոցները տարածում էին, թե կանխվել է Ռոբերտ Քոչարյանի փախուստը Հայաստանի Հանրապետությունից, ինչպես նաև ԱԱԾ-ից արտահոսած ու արագ տարածված կադրերին, և հարցին, թե ինչպե՞ս է արձագանքում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը, որ եթե ԱԱԾ մարմիններն ունեն իրավասություն այդ նյութերի հետ, կարող են հանգիստ հրապարակել, և խնդիր չկա, 2-րդ նախագահը պատասխանեց. «Խնդիր, իհարկե, կա։ Ինձ համար ուղղակի մարդ, որն ասում է՝ խնդիր չկա, ԱԱԾ-ի աշխատողն ինքն է որոշում՝ ինչ արտահոսք տալ, ինչը չտալ, այդ մարդն ամենից շատը պիտի աշխատի կառավարության պահակ, այլ ոչ թե կառավարության ղեկավար, որովհետև սա ուղղակի արտառոց դեպք է։ Եվ եթե փորձենք խորանալ պատմական դեպքերի մեջ, այս կառավարությունը նույն ճանապարհն է բռնել, ինչ ժամանակին Իրաքում Սադամ Հուսեյնը, Թունիսում՝ Բեն Ալին»։

Իսկ իր «փախուստը» Հայաստանից կանխելու մասին հայտարարությունների վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանը հիշեցրեց. «Ամեն տարի ես առնվազն 7-8 անգամ բացակայել եմ Հայաստանի Հանրապետությունից։ Եվ, ոնց տեսնում եք, դեռ այստեղ եմ։ 2018 թվականից դատարանների մոտավորապես 7-8 որոշումներ կան՝ կապված իմ խափանման միջոցների հետ։ Եվ չկա մեկ որոշում, որը կենթադրեր, որ կա արդարադատությունից խուսափելու, երկիրը լքելու ռիսկ։ Նույնիսկ այն ժամանակ ոչ մի դատական ատյան այդպիսի որոշում չի կայացրել։ Մարդիկ իրենց հոգեվարքը փորձում են պրոյեկտել ուրիշների վրա։ Իրենք, որ թռնող են, փախնող են, թաքնվող են, մտածում են, որ նման վարքագիծ կարող են դրսևորել նաև ուրիշները։ Դա իմ մասին չէ»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930