Հունիսի 25-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Երևանի կինոյի տանը մեկնարկեց Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը։ Դահլիճում հիմնականում կինոաշխարհի ներկայացուցիչներ էին՝ ռեժիսորներ, դերասաններ, ինչպես նաև հյուրեր։
Ներկաներին ողջունեց և փառատոնի սկիզբը հայտարարեց Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնի տնօրեն, կինոռեժիսոր, պրոդյուսեր Գուժ Թադևոսյանը։ Նա նշեց, որ FilmFreeway.com հեղինակավոր հարթակում ոսկե կարգավիճակ ունեցող փառատոնը հիմնադրվել է 2018 թվականին։
Կարդացեք նաև
Իր խոսքում Գ. Թադևոսյանը շնորհակալություն հայտնեց փառատոնի աջակիցներին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, Երևանի քաղաքապետարանին, իր թիմին և հանդիսատեսին։ Տեղեկացրեց, որ փառատոնի գեղարվեստական ղեկավարն է կինոօպերատոր Սուրեն Թադևոսյանը, ծրագրերի ղեկավարը՝ ռեժիսոր Արտյոմ Բաղդասարյանը։
Գ. Թադևոսյանը մեծ ուրախությամբ հավելեց նաև, որ Ամերիկյան կինոարվեստի և գիտության ակադեմիան հրապարակել է 2026 թվականին անդամակցության հրավեր ստացած 529 կինոգործիչների և ոլորտի ներկայացուցիչների ցանկը։ Նրանց թվում կան նաև հայկական անուններ․ Հայաստանը ներկայացնում է կինոօպերատոր Սուրեն Թադևոսյանը։
Կարևորեց նաև այն, որ փառատոնը չի եզրափակվում միայն Երևանում, այլ իր շարունակությունն է ունենում մարզերում։ Այս տարի մնացած չորս օրերին փառատոնը կկայանա Գյումրիում։
Իր ելույթում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը շնորհակալություն հայտնեց Երևանի քաղաքապետարանին և մյուս գործընկեր կառույցներին՝ փառատոնի կազմակերպման և շարունակական զարգացման համար։ Ասաց, որ փառատոնը լիովին համապատասխանում է նախարարության՝ մշակույթի ոլորտի պետական քաղաքականությանը, որի շրջանակում առանցքային նշանակություն ունեն մշակույթի ապակենտրոնացումը և կրթական բաղադրիչի խթանումը.
– «Փառատոնի նպատակն է բացահայտել երիտասարդ և տաղանդավոր ստեղծագործողներին, նպաստել նրանց մասնագիտական կարողությունների զարգացմանը, տարբեր երկրների երիտասարդ կինոգործիչների միջև բարեկամական և ստեղծագործական կապերի ամրապնդմանը, նոր կինոսերնդի ձևավորմանը»։
Հավելեց նաև, որ մարզերում փառատոնային միջոցառումներ անցկացնելու ավանդույթը կարևոր է ինչպես մարզային մշակութային կյանքի ակտիվացման, այնպես էլ Հայաստանի կինոլոկացիաները միջազգային մասնակիցներին ներկայացնելու տեսանկյունից։
Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի նախագահն է վրացի կինոռեժիսոր, հեղինակավոր կինոփառատոների մրցանակակիր Սոսո Բլիաձեն, ժյուրիի անդամներն են դերասանուհի, պրոդյուսեր Իննա Խոջամիրյանը և կինոռեժիսոր Արշալույս Հարությունյանը։
Ժյուրին մրցանակներ կհանձնի 12 անվանակարգերում։
Ինչպես ժյուրիի անդամները, այնպես էլ գեղարվեստական ղեկավար Ս. Թադևոսյանը և ծրագրերի ղեկավար Ա. Բաղդասարյանն իրենց ողջույնի խոսքերում կարևորեցին փառատոնը՝ նշելով, որ այն միավորում է մեծ թվով և տարբեր երկրներ ներկայացնող կինոգործիչների։ Ս. Բլիաձեն անդրադարձավ նաև Վրաստանում քաղբանտարկյալների առկայության խնդրին։
Տեղեկացվեց նաև, որ Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի հայտեր է ստացել 95 երկրներից։ Մրցութային ծրագրում ընդգրկվել է 39 ֆիլմ՝ 22 երկրից (Լյուքսեմբուրգ, Իրանի Իսլամական Հանրապետություն, Նոր Զելանդիա, Ֆրանսիա, Հունաստան, Մեծ Բրիտանիա, Ռուսաստանի Դաշնություն, Բելգիա, Լեհաստան, Լիբանան, Հարավային Աֆրիկա, Հունգարիա, Հորդանան, Պաղեստինի Պետություն, Իտալիա, Շվեյցարիա, Չինաստան, Կանադա, Ռումինիա, Կաբո Վերդե, Ղազախստան, Նիդերլանդներ), որից 15-ը՝ ազգային ծրագրում, իսկ 24-ը՝ միջազգային ծրագրում։
Հատկանշական է, որ այս տարի նույնպես փառատոնի միջազգային ծրագրում ընդգրկված են Ա դասի՝ Վենետիկի, Սանդենսի, Լոկառնոյի, Բեռլինի, Կաննի, Կլերմոն-Ֆերանի, Սան Սեբաստիանի, Ռոտերդամի և Տալլինի «Սև գիշերներ» փառատոների մրցութային ծրագրերին մասնակցած և մրցանակակիր ֆիլմեր՝ Լեհաստանից, Իտալիայից, Շվեյցարիայից, Իրանի Իսլամական Հանրապետությունից, Ֆրանսիայից, Հորդանանից, Պաղեստինի Պետությունից, Մեծ Բրիտանիայից, Հունգարիայից, Հարավային Աֆրիկայից, Լիբանանից և Նոր Զելանդիայից։
Առաջին օրը ցուցադրվեց իրանցի ռեժիսոր Սեյեդ Ալի Ղասեմիի «Մշուշը վերացել է» կարճամետրաժ ֆիլմը, որը հիմնականում Իրանում կնոջ իրավունքներին է վերաբերում։
Ցուցադրության վերջում Գ. Թադևոսյանը «Ազգային ծրագիր»՝ խաղարկային կարճամետրաժ և վավերագրական ֆիլմերի հեղինակներին հանձնեց նվերներ։
Զոհրաբ Ըռքոյան


























































